«Հներն անցան, և ամեն բան նոր եղավ»
Նմանատիպ
Հույսը կամուրջ է անցողիկ ու հավիտենական կյանքերի միջև, հավատը՝ բազրիք, ով այդ կամրջով չի անցնում, չի հասնում հավիտենական կյանքին։ Հույսը հավիտենական կյանքին առաջնորդող կողմնացույց է, հավատը՝ քարտեզ, առանց որոնց Աստծուն չենք տեսնի:
Քրիստոնեությունը երբևէ դասակարգային պայքար չի քարոզել, որովհետև քրիստոնեական գաղափարախոսության հիմքում հավիտենական կյանքի հույսն է և հավատը` այդ հույսերի արդարանալի լինելու հանդեպ, քանզի խոստացողը Ինքը` Հավիտենական Աստծո Խոսքն է:
Այս կյանքում հարմարավետությունների ձգտումը հավիտենական կյանքի հույսի արդարանալի լինելու հանդեպ հավատի բացակայության հետևանք է, որովհետև, առանց այդ հույսի ու հավատի, մարդը զուրկ է որևէ նեղության համբերելու կամ որևէ վիշտ կրելու կարողությունից: Մենք չենք խոսում արհեստածին նեղությունների և վշտերի մասին, որոնց մարդիկ ենթարկվում են իրենց անհոգության և արկածախնդրության, կարճամտության ու հոռետեսության, պատվիրանազանցության և խստասրտության պատճառով, այլ այն նեղությունների, որ մարդուն թրծելու, փորձությունների բովով անցկացնելու և բարու մեջ հաստատելու համար են: Մարդիկ կարծում են, թե իրենց հարմարավետության ձգտումը բավարարելու, «արդարություն և հավասարություն» հաստատելու համար, ինչպես նախկինում իրենց ստեղծած աստվածներին, այժմ էլ իրենց Արարիչ Աստծուն կարող են պայմաններ թելադրել, ասես Նա էլ, մարդակերտ աստվածների նման, ենթակա է իրենց սահմանած կանոններին: Բայց Հավիտենական Աստծո խոսքը ասում է. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում: Հներն անցան, և ամեն բան նոր եղավ»: Արարիչ Աստծո և մարդու միջև բոլորովին նոր հարաբերություն է հաստատվում Հիսուս Քրիստոսով: Եթե անգամ համարենք, որ աշխարհը հավիտենական է, փաստ է` վերջավոր է մեր յուրաքանչյուրի կյանքը, և դրանով էլ` անիմաստ, ինչքան էլ մենք մխիթարվենք սերունդների հիշողության մեջ մնալու հույսով, թեև շատ շատերը երկար ապրելու այդ շանսն էլ չունեն, որովհետև հիշող չունեն (շատերը մոռացվում են հենց իրենց սերունդների կողմից), եթե չհաշվենք հավիտենական Աստծուն, որի առաջ մոռացված արարածներ չկան: Մարդիկ պայքարում են արևի տակ և մարդկանց հիշողության մեջ, Գինեսի գրքում իրենց տեղն ունենալու համար, բայց ոչ ոք չի պայքարում Աստծո արքայությունում կամ Կյանքի գրքում՝ մարդ տեսակի համար նախատեսված Կարմիր գրքում, իր տեղն ունենալու համար, պայքարում են անցողիկի մեջ «հավերժանալու» համար և, առանց հավիտենական հույսի, կենդանիների նման բնազդաբար պայքարում են «իրենց տեսակը» պահպանելու համար: Կենդանիների գործառույթը ուղղակի տեսակի պահանությունն է՝ գոյապահպանությունը, իսկ մարդու համար տեսակի պահպանությունը հավիտենական կյանքի համար պատրաստությունն է, որովհետև մարդը Հավիտենական Աստծո պատկերն ու նմանությունն է: Շատ շնորհալի մարդիկ իրենց շնորհները, հավիտենության համար կիրարկելու փոխարեն, վատնում են աշխարհային անցողիկ իրողությունների վրա՝ մարդկանց սրտերում, պատմության էջերում, ձայներիզներին ու տեսաերիզներին տպվելու համար, սակայն չեն գիտակցում, որ ժամանակի իշխանության տակ եղած ամեն բան ժամանակավոր է, և հավիտյան ապրելու համար հավիտենական կյանքի աղբյուրից պետք է սնուցվել: Մարդկային պատմության մեծագույն խաբեբաները նախ մարդուց խլեցին հավիտենական կյանքի հույսը, նոր ապա հրամցրին իրենց գարշելի ու թունավոր գաղափարները՝ փորձելով համոզել, թե մարդը ընդամենը քայլող ու մտածող ստամոքս է, իր ստամոքսային մտածողությամբ հանդերձ առաջնորդվում է մութ ու ստոր կրքերով, և այն ամենը, ինչ նա կարող է անել, կլինի այդ մտածողության ուղղակի արտահայտություն: Հենց այդպիսի թույնով կերակրված ամբոխի միջոցով «մարդկության լուսավորիչները» փորձեցին ոչնչացնել մարդկային քաղաքակրթության՝ Հարության լույսով ու Հավիտենական կյանքի հույսով պսակված մի ողջ ժամանակաշրջան: Սրբությունների վրա բարձրացված ձեռքերը չորացան, դրանց տերերը մեռան անսերունդ կամ էլ եղած սերունդներին փոխանցեցին իրենց վաստակած անեծքն ու նզովքը: Քրիստոնեության մեջ զանազանվում են ոչ թե հարուստներ ու աղքատներ, ունևորներ ու չքավորներ, այլ քրիստոնյաներ ու ոչ քրիստոնյաներ, հավատացյալներ ու անհավատներ, խոնարհներ ու հպարտներ…
«Անիծյալ է նա, ով հույսը դնում է մարդու վրա, օրհնյալ է նա, ով հույսը դնում է Տիրոջ վրա» (Եր.17;5-7): Սուրբ Գիրքը հստակ բացահայտում է մարդկային դժբախտությունների և անհաջողությունների՝ ոչ բոլորի համար ակնհայտ բուն պատճառը: Մարդը անձնապաստան է կամ իր հույսը դնում է ոչ թե Ամենակարող և Հավիտենական Աստծո, այլ մահկանացու մարդու վրա, որը չգիտի նույնիսկ, թե հաջորդ պահին իր հետ ինչ կկատարվի: Քանի դեռ մարդը առողջ է ու հաջողակ, նա չի էլ մտածում Աստծուն դիմելու մասին, իսկ երբ նեղն է ընկնում, հանգամանքների բերումով հիշում է Աստծուն և Նրան դիմում է ոչ թե դարձի գալու և ուղղվելու փափագով, այլ ընդամենը ժամանակավոր անհաջողությունը շտկելու նպատակով՝ կարծելով, թե կարող է խաբել Ամենագետ Աստծուն, սակայն իրականում ինքն իրեն խաբելով: Դասակարգեր՝ որպես այդպիսին, նույնիսկ Աստծո արքայության մեջ կլինեն, և միշտ կլինեն մեծեր ու փոքրեր, լավեր ու լավագույններ, առաջիններ ու հետիններ, և աստվածային արդարադատության պահանջով, այս կյանքում փափուկ ու հանգիստ ապրած քրիստոնյաները արքայության մեջ փառքով ու դիրքով կզիջեն նեղությունների դիմակայած նահատակներին և անձնազոհ մարտիրոսներին: Առասպել են բոլոր պատմություններն այն մասին, իբր ստրկատիրական կարգերի դեմ պայքարը քրիստոնեական հիմքեր ունի, որովհետև Նոր Կտակարանում, և Սուրբ Գրքում ընդհանրապես, այդպիսի փաստարկների համար հիմնավորումներ պարզապես չկան:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում