Ողորմածություն

Ողորմածություն

Ողորմածությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո և բարության պակասը լրացնելու պատրաստակամությունն է: Այն քրիստոնյայի և առհասարակ բոլոր մարդկանց կյանքի առանցքային արժեքն է: Այն Աստծո յուրօրինակ օրհնություն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին հենց ողորմություն անողին:

Անշուշտ, ողորմության դրսևորումներն ու կերպերը կարող են տարբեր լինել, սակայն բոլոր դեպքերում դրա հիմքում ընկած է սերը, քանզի ողորմած լինելը ներելն ու բարիք գործելն է:

Ողորմածությունը անմիջականորեն կապված է նաև արդարության հետ, քանզի Աստված ասում է՝ նա ով ողորմած է, նա նաև արդար է: Այն նաև դաստիարակություն է, որով մեր երեխաներին սովորեցնում ենք աստվածային սիրով, մեծահոգությամբ և հոգևոր արժեքներով ապրել։

Ողորմած մարդն իսկական օրհնություն ու պարգև է իր շրջապատի համար, սակայն, այդուհանդերձ, յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է գիտակցել, որ իր կատարած ցանկացած բարի գործ առաջին հերթին Աստծո փառքի վկայությունն է, իսկ այդ փառքի մեջ իրական է ողորմած մարդու փրկությունը: Իհարկե, երբեմն հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր ողորմած լինել մեկի նկատմամաբ, ով չարիք է գործել քո դեմ:

Պատասխանը հստակ է՝ ամեն անգամ, երբ այս միտքն այցելի մեզ, պետք է մտածենք այն մասին, թե մենք մեր արարքներով որքան ենք վիրավորել Աստծուն, և թե նա որքան ողորմած է գտնվում մեր հանդեպ: Այս ամենից հետո կհասկանանք, որ մեր կատարած հանցանքներն Աստծո առաջ անհամեմատ ավելի մեծ են, ինչպես նաև կհասկանանք, որ այն ողորմածությունը, որ ցուցաբերում ենք մեր դիմացինի հանդեպ նույնպես չնչին է այն անսահման ողորմածության դիմաց, որ Աստված է ցուցաբերում մեր հանդեպ:

Այս ամենը նաև անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանզի երբ դու «չնչին» ողորմածություն ես ցուցաբերում մերձավորիդ նկատմամբ, ստանում ես Աստծո անսահման ողորմածությունը քո անձի նկատմամբ, ինչն իսկապես անգին է և քո հոգու փրկության ամենից կարևոր նախապայմանն է:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում