Հանրապետությունում սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:
Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում