․․․Ռոմանտիկները․․․
Նմանատիպ
Դուք ասում եք մեզ, որ ավանդական
Ռոմանտիկ ենք մենք, հնաոճ, անդեմք.
Այո՜, իհա՜րկե, անշո՜ւշտ, անպայմա՜ն,
Մենք՝ավանդական, ռոմանտիկ ենք մենք:
Այո՜, իհարկե, ձեզ համար ընդմիշտ
Մեր հացն անաղ է, մեր ջուրը՝ պղտոր,
Իհարկե՜, մեր մեջ և՛ խինդ կար, և՛ վիշտ,
Մեր կյանքում՝ ավաղ, ուղիներ խոտոր:
Բայց դուք չիմացաք, նորից եմ ասում,
Մի պարզ բարդություն դուք չհասկացաք,
Թե աշխարհի մեկ վեցերորդ մասում
Ի՜նչ դանթեական բավիղներ անցանք:
Դուք չըմբռնեցիք ու չեք ըմբռնի
Մեր ցավի ամբողջ ահագնությունը,
Մեր խուլ ցասումը կամքի դեմ բռնի,
Մեր հոգու անտես վահագնությունը:
Մեր տառապանքի ճանապարհը բիրտ,
Մեր կիսատ լեզուն, մեր համր ճիչը,
Մեր անմեղության դատը սառնասիրտ,
Մեր լռությունը, մեր ամեն ինչը:
Դուք չեք հավատա, երբ հրաշք մի օր
Մեր սիրո դաժան ռոմանսը լսեք
Ու չեք զարմանա, թե ի՜նչ հրաշքով
Փրկում էինք մեր երազները սեգ:
Կապարից էին արցունքները մեր,
Թեպետ ոսկի կար մեր ծափ-ծիծաղում,
Մենք քայլում էինք ճամփաներով կեռ,
Բայց ճշմարտության դուռն էինք բախում:
Մենք էլ լավ գիտենք. արդեն սա վերջին
Զարկն է մեր սրտի ու վերջին բերքը.
Անձայն կմնա զանգը մեր վերջի,
Անցան կմնա մեր վերջին հերկը:
Մեր վերջին շնչով, երգով վերջնական
Կավարտվի խառնակ մեր դարի տենդը,
Եվ հերոսական ու ողբերգական
Մեր արտասովոր կյանքի լեգենդը:
Ու տիեզերքի խավարին փառած,
Կմարեն, ինչպես անյուղ լույսերը,
Մեզ նման մոլոր, մեզ նման կորած
Ռոմանտիկների վերջին հույսերը:
1987թ.,
(Հրաչյա Հովհաննիսյան, “Չարենցի Լապտերը” գրքից, 1988թ.)