Դուք հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Դուք հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը. Անի Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԴուք հավակնեցիք դառնալ սուպեր նախարար և տապալեցիք կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը, որով պահանջում են նախարարի հրաժարականը:

«Դուք կրթության հիմնահարցերը թողած՝ պատերազմ հայտարարեցիք ԱՅԲ դպրոցին և պարտվեցիք այդ պատերազմում, դուք հրապարակային և ոչ հրապարակային սկսեցիք նվաստացնել մանկավարժներին, ծաղրել նրանց կարողությունները: Դուք հայտարարեցիք, որ ապակուսակցականացնում եք դպրոցները, բայց կառավարման խորհուրդներում հանրապետականներին դանդաղ փոխարինեցիք ՔՊ-ականներով, կրկնապատկեցիք վախի մթնոլորտը դպրոցներում»,- ասաց Անի Սասմոնյանը և նշեց, որ Արայիկ Հարությունյանը քաղաքականացրել է մայր բուհի հոգեբարձուների խորհուրդը:

«Դուք վերացրեցիք կրթության ազգային իստիտուտը և առ այսօր ոչինչ չեք ստեղծել, Դուք մտադրություն ունեք վերացնելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Ձեր պաշտոնավորման կարճ ժամանակահատվածում աճեց հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը՝ 274-ից դառնալով 367: Ձեր ապաշնորհ կառավարման և կիսատ-պռատ բարեփոխումների հետևանքով 2020 թվականի մի ամբողջ սերունդ զրկվեց բուհ ընդունվելուց, Դուք ոչ թափանցիկ մրցույթներով, անհասկանալի սկզբունքներով ընտրված փորձագիտական խմբերով մշակեցիք հանրակրթության չափորոշիչները և պարզվեց՝ դրանց մի մասն էլ գրագողություն է, որին դուք այդպես էլ գնահատական չեք տվել»,- ասաց նա և նշեց, որ նախարարը բոլոր իրեն քննադատողներին անվանել է խավարամիտներ:

«Պարոն նախարար, ինչպես «Արարատը սուրբ լեռ է» արտահայտությունը բաժակաճառ է Ձեզ համար, այնպես էլ Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար, դրան հավատում են միայն ձեր օգնականները»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում