Կառավարության առաջիկա նիստից հետո կհասկանանք մեր քայլերի հերթականությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՅԴ ՀԵՄ անդամների քայլերթ իրականացրին՝ դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հրաժարականի պահանջով։
Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ: ԿԳՄՍ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ձայն բարձրացնող քաղաքացիների, կազմակերպությունների թիվը վկայում է, որ ՀՀ վարչապետներն այսօր այդ հարցն արդեն լուծել են ու հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը: Այս մասին ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով քայլերթի ընթացքում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Հայաստանի տարածքում դժվար է գտնել մարդու, որը որևէ կերպ սատարում է Արայիկ Հարությունյանին: Անգամ նրա քաղաքական թիմի և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար»,– ասաց նա՝ նշելով, թե Կառավարությունն ու իշխող ուժը պետք է կամք գտնեն խոստովանելու այս ոլորտներում իրենց ձախողումը և օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից:
«Հարցի լուծմանը կարող ենք հասնել միայն հանրային համախմբման դեպքում, ուստի բոլոր այն ուժերի հետ, որոնք սկզբունքային և մարտավարական տարաձայնություն չունեն, և որոնց միակ օրակարգը ԿԳՄՍ նախարարի հրաժարականն է, մենք բաց ենք համագործակցության համար»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով, ինչը, ըստ Վարդանյանի, վկայում է այն մասին, որ նախարարը թաքցնում է ենթադրյալ խախտումներն ու դրանք օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ:
«Մենք որևէ քրեական գործով կաշկանդված չենք. ով ՀՀ-ում խախտել է օրենքը, պետք է պատասխան տա՝ արդար դատավարության իրավունքով: Մենք մերժում ենք կոմպրոմատային քաղաքականությունը»,- նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում