Մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը. «Ազգային օրակարգ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: «Ազգային օրակարգ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է կրթական ոլորտի բարեփոխումներին:
Հայտարարությունում ասվում է. «Երեկ առավոտյան մեր կուսակցության մի խումբ անդամներ բողոքի ակցիա անցկացրեցին ընդդեմ կառավարության կողմից տարվող կրթա-մշակութային քաղաքականության։
Թեեւ վարչապետը եւ ԿԳՄՍ նախարարը վերջին օրերին փորձում են ներկայացնել, որ իրենք իրականացնում են բարեփոխումների քաղաքականություն, որը բախվում է «հետադիմական ռեակցիայի», իրականությունը այն է, որ ոլորտում որեւէ շոշափելի բարեփոխումներ վերջին երկու տարիների ընթացքում չկան։
Փոխարենը անթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային եւ արժեքային տարրերը, կոշտ քաղաքական վերահսկողություն հաստատել հանրային կրթական հաստատությունների նկատմամբ, նրանցից դուրս մղել անհամաձայն մտավորականներին եւ մասնագետներին։
Այս իշխանությունը, որն իր նախորդներին անընդհատ մեղադրում է հակաժողովրդական քաղաքականության մեջ, կրթա-մշակութային ոլորտում ամենաիսկական հակաժողովրդական քաղաքականություն է իրականացնում, եւ պատահական չի, որ դրա դեմ այդպիսի լայնընդգրկուն բողոքի ալիք է բարձրացել, առաջին հերթին հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Մենք ոչ միայն անմասն չենք այդ բողոքից, այլեւ հետեւողական պայքարելու ենք՝ իրական կրթական բարեփոխումների համար, ազգային հենքով եւ առաջադիմական, մրցունակ կրթական համակարգ ձեւավորելու նպատակով։ Մենք արդեն մեր մասնավոր հիմնադրամների միջոցով այդ փորձն ունենք, մեր անդամների եւ աջակիցների կողմից նախաձեռնված կրթական ծրագրերը լավագույններից են երկրում, եւ ի տարբերություն գործող իշխանության, որի համար կրթական ոլորտը «որբի գլուխ է»․ մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը, ինչպես է պետք համատեղել ազգայինը համամարդկայինի եւ առաջադիմականի հետ, ինչպես է պետք դաստիարակել ժամանակակից հայ անհատ, որի արմատները կլինեն հարազատ հողում, իսկ սաղարթը կտարածվի դեպի ողջ աշխարհը։
Մենք մրցունակ ազգային կրթության համար այս պայքարը սկսել ենք դեռ առնվազն մեկ տասնամյակ առաջ, եւ շարունակելու ենք եւս տասնամյակներ, այդ ճանապարհին կլինեն բազմաթիվ գործողություններ՝ կոնֆերանսներ, բողոքի ակցիաներ, հացազրույցներ, բայց եւ նոր կրթօջախների հիմնադրումներ, նոր կրթական ծրագրերի մշակումներ, տարբեր նորարարական փորձարկումներ՝ անընդհատ արդիականացնելու մեր կրթությունը։ Մինչ այդ, կիսվում եմ երեկվա ակցիայի որոշ պահերով, բոլորիդ լավ օր ու վճռական տրամադրություն եմ ցանկանում՝ կերտելու մեր ազգային պետությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում