Խանի մահն ու կյանքը
Նմանատիպ
«Պատվո Լեգեոնը» (Ordre national de la Lռgion d’honneur) Ֆրանսիայի ազգային շքանշանն է, որը հիմնել է Նապոլեոն Բոնապարտը 1802 թ. մայիսի 19-ին: Այն շնորհում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը՝ Մեծ մագիստրոսը, զինվորական ու քաղաքացիական ծառայությունների համար: Շքանշանը, որն ունի հինգ աստիճան, ֆրանսիական պետության կարևորագույն ինստիտուտներից և խորհրդանիշերից մեկն է:
Նրա գոյության ընթացքում պարգևատրվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Ֆրանսիայի և այլ պետությունների 53 հայ քաղաքացիներ, որոնց թվում` այնպիսի հռչակավոր պատմական անձինք, ինչպիսիք են ԱՆԴՐԱՆԻԿ զորավարը, ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԸ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԸ, ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ և այլք:
Հայաստանի Հանրապետությունից պարգևատրվել է երեք հոգի՝ նախագահներ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ և նախկին արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:
Այս պատումը մի ականավոր անձնավորության՝ ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆԻ մասին է:
ՎԱԽՃԱՆԸ «ՍԱՆԿՏ ՄՈՐԻՑ» ՀՍԿԱՅԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ
Արդեն լուսանում էր, և «Սանկտ Մորիցի» ապարտամենտի փափուկ բազկաթոռի մեջ ընկղմված ծեր մարդը լայնատարած պատուհանից տեսնում էր Նյու Յորքի անագե սառնամանիքը: Նա սիրում էր Նյու Յորքը, բայց ոչ ցրտաշունչ ձմեռները, որոնք քաղաքի միակ թերությունն էին: Նա մտովի ժպտաց` մտաբերելով հանգուցյալ նկարիչ ՈՒոլթ Քյունին, որն իրեն պատկերել էր մուշտակով ու խլուրդի տեսքով:
Ամբողջ գիշեր աչք չէր փակել և հիմա հաստատ գիտեր, որ այլևս դուրս չի գա հյուրանոցից ու չի քայլի Կենտրոնական զբոսայգու ծառուղիներով: Այլևս չի սպասի եղանակի տաքանալուն, որպեսզի արևի տակ կատվի նման կծկվելով առավոտները մի բաժակ սուրճ խմի հյուրանոցի բացօթյա «Կաֆե դը լա Պե» սրճարանում: Այլևս չի այցելի 5-րդ ավենյուի թիվ 709, Մեդիսոն ավենյուի թիվ 598 և 57-րդ փողոցի 20 իսթ հասցեներում գտնվող իր խանութները, որոնք իրականում արվեստի սրահներ էին, և որտեղ վաճառվում էին անտիկ իրեր, արևելյան գորգեր, իսլամական ու չինական արվեստի բացառիկ նմուշներ:
Նա սիրում էր նաև «Սանկտ Մորիցը», ուր բնակություն էր հաստատել տասնամյակ առաջ՝ կնոջ մահվանից հետո: Նա կարող էր հենց 5-րդ ավենյուի վրա գնել ցանկացած շքեղ բնակարան, բայց առանց Մարգոյի այդտեղ ապրելն անիմաստ էր համարում: Իսկ հյուրանոցում նա զգում էր կյանքի համը, հյուրընկալության փիլիսոփայությունը: 30-ական թվականներին Կենտրոնական զբոսայգու հարավային շրթին կառուցված հսկան առասպելական, պաշտամունքային վայր էր, Ամերիկայի քաղաքական, մտավոր ու մշակութային վերնախավի հավաքատեղի: Ապրել Նյու Յորքում նշանակում էր ապրել «Սանկտ Մորիցում» և հակառակը: Ծեր մարդու բնակվելը լիովին համահունչ էր հյուրանոցի էությանը, իսկ հյուրանոցը լավագույնս համապատասխանում էր նրա էությանը:
Լուսանում էր, մութի վերջին ծվեններն անհետանում էին:
Մարդը դանդաղորեն ոտքի ելավ բազկաթոռից, մոտեցավ պատուհանին, դողդոջուն մատներով դժվարությամբ բացեց ծանրումեծ փեղկը: Ձմեռային լուսաբացի սառնաշունչ օդը խփեց դեմքին, ասես սթափության կոչելով, բայց այդ վերջին ճիգն էլ անօգուտ էր: Ծեր մարդը փակեց աչքերն ու նետվեց ցած… 1951 թ. հունվարի 30-ն էր, առավոտյան ժամը 7-ը:
…Արտառոց պատահարի լուրն առնելուն պես ժամանեցին հյուրանոցի սեփականատերերը՝ հույն եղբայրներ Գրեգորի և Չառլզ Թեյլորները: Կարճատև խորհրդակցությունից հետո նրանք անցան գործի: Ինքնասպանություն էր գործել 83-ամյա, համաշխարհային համբավ վայելող մի մարդ, միլիոնատեր, որը երկար տարիներ ապրել էր հյուրանոցում: Հարկ էր փրկել հաստատության վարկը: Օգտագործելով Նյու Յորքի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում իրենց կապերը, եղբայրները, նախ, լեզու գտան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ և կարողացան շրջանառության մեջ դնել «վայր է ընկել» արտահայտությունը: Դա նաև հանգուցյալի նկատմամբ հարգանքի դրսևորում էր, նրա հեղինակությունը խնայող ձևակերպում: Երկրորդ, կարողացան հասնել այն բանին, որ ոստիկանությունը հետաքննություն չսկսի, ոչ ոքի դա պետք չէր, մանավանդ որ ծեր մարդու որդին ու դուստրը որևէ բողոք չունեին:
Այդպես ողբերգական ավարտ ունեցավ մարդու կյանքը:
Կյանք, որն ուներ սկիզբ: Եվ ընթացք:
Կեսարիայում կային Քելեկյան ազգանվամբ չորս եղբայրներ՝ Կարապետ, Հովհաննես, Պետրոս և Գրիգոր: Առաջնեկը՝ Կարապետը, հարյուրավոր այլ կեսարացիների նման, տեղափոխվել էր Կ. Պոլիս և ոսկերչությամբ էր զբաղվում: Բայց, արհեստից զատ, գլուխ էր հանում նաև հնագիտական արժեք ներկայացնող իրերից. գնում-շրջում էր օսմանյան Թուրքիայի գավառներում, անտիկ առարկաներ հայթայթում, ապա դրանք Պոլսում վաճառում հարուստ փաշաներին:
1850 թ. տեղի ունեցավ մի իրադարձություն, որին, ըստ իս, Տիրոջ մատը խառն էր: Կիլիկյան Հայաստանի երբեմնի թագավորանիստ Տարսոն քաղաքի հայերը որոշում են նորոգել իրենց կիսափուլ եկեղեցին: Ո՞րը՝ չգիտեմ, տասնյակ եկեղեցիներ կային, բայց ենթադրում եմ, որ կամ Ս. Աստվածածինն էր, կամ Ս. Սոփիան, որովհետև սրանք հանդիսանում էին արքայական պանթեոններ: Խարխուլ պատերը փլցնելիս հայտնաբերում են կիլիկյան ոսկե և արծաթե դրամներով, մեդալներով ու մեդալիոններով լեցուն մի սնդուկ: Որոշում են այդ ամենը հալեցնել, որպես ձուլածո վաճառել և այդ դրամով եկեղեցին վերանորոգել: Պատահաբար թե բարեբախտաբար, հերթական շրջագայության ժամանակ Տարսոնում գտնվող Կարապետ աղան կանխում է այդ մտադրության իրականացումը, բացատրում է գտածոյի հնագիտական արժեքը, առաջարկում աճուրդի դնել և ավելի շատ դրամ շահել: Քաղաքի ջոջերն այդպես էլ վարվում են, և սնդուկը գնում է Կարապետ աղան, վճարելով ամենաբարձր գին՝ 500 օսմանյան ոսկի, որով էլ ավարտում են եկեղեցու նորոգումը: (Շուրջ 80 տարի անց այդ դրամներն ու մեդալները ցուցադրվում էին Փարիզի հնագիտական թանգարանում ու գնահատվում ավելի քան երկու միլիոն ֆրանկ):
Այս դիպվածը ճակատագրական նշանակություն ունեցավ:
Կարապետ աղայի անդրանիկ զավակը՝ Գևորգը, ծնվեց սնդուկի ձեռքբերման պատմությունից մեկ տարի անց՝ 1851-ին: Նախնական կրթությունը Կեսարիայի ազգային վարժարանում ստանալուց հետո, 1872-ին գաղթեց Պոլիս՝ հորն արհեստում ու բիզնեսում աջակցելու համար: Գևորգն այնպիսի ջանադրությամբ գործի լծվեց, այնպիսի գործնական ջիղ ու հեռատեսություն դրսևորեց, որ շուտով աներկբա հեղինակություն ձեռք բերեց Պոլսո հայ ոսկերիչների շրջանում: Խնդիր առաջացավ զարգացնելու ընտանեկան բիզնեսը, և Գևորգը ծննդավայրից բերել տվեց կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին ու Հովհաննեսին:
Տիգրան Քելեկյանին էր վիճակված համաշխարհային համբավ ձեռք բերել, էական ներդրում ունենալ ազգային գործերում և վախճան գտնել… «Սանկտ Մորից» հսկայի ոտքերի տակ:
Այստեղ ստիպված եմ դադար առնել և մի էական բացատրություն տալ: Տ. Քելեկյանի կյանքն ու գործը, անձն ու կերպարն ըմբռնելու համար ես ուսումնասիրել եմ տասնյակ հայերեն, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն աղբյուրներ, բայց ցանկալի գոհացուցիչ արդյունքի չհասա: Եվ պատճառը իմ ծուլությունը կամ անբարեխղճությունը չէ:
Ի՞նչ է նշանակում լինել հավաքորդ, հնահավաք, հնավաճառ: Ըստ իս, դա մարդկային առանձին տեսակ է, որին առաջին հերթին բնորոշ է աներևակայելի, առասպելական գաղտնապահությունը:
Ամբողջական կուռ պատկեր, բազմաթիվ հարցերի պատասխաններ չստացա, դրանք գոյություն չունեն: Դիցուք, ո՞ր թվականներին է ապրել տարբեր քաղաքներում, ե՞րբ է ամուսնացել, ինչպե՞ս է հայթայթել իր բացառիկ հավաքածուի ցուցանմուշները, ովքե՞ր էին աշխատում նրա վաճառասրահներում, ի՞նչն էր ինքնասպանության պատճառը և այլն, և այլն:
Հարկ է բավարարվել եղածով:
ՀԱՎԱՔՈՐԴԸ, ՀՆԱՎԱՃԱՌԸ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
Թեպետ Տիգրանը ծնվել է 1868-ին Կեսարիայում, սակայն կրթություն ստացավ Կ. Պոլսի Հակոբ Գուրգենի նշանավոր վարժարանում, որից հետո ներգրավվեց եղբոր բիզնեսի մեջ և հենց նրանից ստացավ առաջին գործնական դասերն ու գիտելիքները: Արդեն 22 տարեկան հասակից սկսեց ինքնուրույն հնագիտական ուղևորություններ կատարել, ի մասնավորի՝ Կիլիկիա ու Սիրիա: Կարծում եմ, հենց այդ ժամանակից ի վեր գործնական հարաբերություններ հաստատեց Պարսկաստանի բարձր իշխանությունների, ընդհուպ շահի պալատի հետ, որովհետև ընդամենը երկու տարի անց՝ 1892 թ., պարսից կառավարությունը նրան նշանակեց հաջորդ տարի Չիկագոյում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսում Պարսկաստանի տաղավարի ղեկավար: Տ. Քելեկյանը մեծ պատասխանատվություն դրսևորեց: Նույն թվականի ձմռանը մեկնեց ԱՄՆ և ճանապարհին՝ Լոնդոնում, վաճառասրահ բացեց: Չիկագոյում Պարսկաստանի տաղավարն այնպիսի հետաքրքրություն առաջացրեց, այնպիսի լայն արձագանքի արժանացավ, որ Տ. Քելեկյանը պարգևատրվեց խանի տիտղոսով: Նրանից առաջ և նրանից հետո եղել են այդ պատվավոր կոչումն ունեցող բազմաթիվ հայեր, բայց միայն նա էր, որ հպարտությամբ կրում էր այդ տիտղոսը՝ պաշտոնապես հանդես գալով որպես Dikran Khan Kelekian:
Վրա հասավ 1896 թվականը: Երբ Պոլսում սկիզբ առան հայերի ջարդը, ունեցվածքի թալանն ու համատարած հալածանքները, Քելեկյան եղբայրների համար պարզ դարձավ, որ հարկ էր հեռանալ Օսմանյան կայսրության վտանգավոր և անապահով մայրաքաղաքից:
1900 թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Տիգրան Քելեկյանն արդեն ժյուրիի անդամ էր:
1904 թ. համաշխարհային ստուգատեսը պիտի կայանար ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Պարսից Մուզաֆֆեր-էդ-Դին շահը Տ. Քելեկյանին վստահեց իր երկիրը միջազգային այդ խոշորագույն իրադարձությունում ներկայացնելը: Վերջինս գործի մեջ ներգրավեց Նյու Յորքում բնակվող, պարսկական գորգերի խոշորագույն վաճառական Հովհաննես Թավշանճյանին: Ցուցահանդեսում պարսկական տաղավարը աչքի էր ընկնում արևելյան ոճով ու շքեղությամբ և, ինչպես գրեց ամերիկահայ հանդեսներից մեկը՝ «ամբողջությամբ հայ մտքի և հայ քսակի արդիւնք էր»: Այո, «հայ քսակի», որովհետև ծախսը լիովին հոգացել էին Տ. Քելեկյանն ու Հովհ. Թավշանճյանը, ընդ որում՝ առաջինը նշանակվել էր տաղավարի կոմիսար, երկրորդը՝ կառավարիչ, իսկ քարտուղար էր Տիգրանի կրտսեր եղբայր Հովհաննեսը, որը պարգևատրվեց պարսից «Արև և Առյուծ» շքանշանով:
Ինչո՞վ էին առհասարակ կարևոր համաշխարհային ցուցահանդեսները: Դրանք այն ժամանակ փոխճանաչողության, միջազգային կապերի և առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման միակ ու լավագույն միջոցներն էին: Եվ ստանձնելով պարսկական ծախսատար տաղավարի կառուցումն ու Պարսկաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու հոգսը` Տ. Քելեկյանն ու Հովհ. Թավշանճյանը նաև անձնական շահ էին հետապնդում. առաջինը հնարավորություն էր ստանում անարգել կերպով ձեռք բերելու հնագիտական արժեքներ, երկրորդը՝ անխափան կերպով մատակարարվելու ամերիկյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող պարսկական գորգերով: Եվ եթե Տ. Քելեկյանը «վարձատրվեց»՝ նշանակվելով ու քսան տարի վարելով Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնը, ապա ճակատագիրը դաժան վարվեց Հովհ. Թավշանճյանի հետ. նույն 1904 թ. Նյու Յորքում նա սպանվեց հայի ձեռքով, բայց դա մեր այս պատմության հետ առնչություն չունի:
1908 թ. Փարիզում Տ. Քելեկյանը հրատարակեց Collection Kelekian շքեղ ալբոմը, որը պարունակում էր նրա պարսկական, արաբական, ղպտական, իտալական, իսպանական, ընդհանուր թվով 100 հնամենի գորգերի պատկերներ ու նկարագրություններ: Ընդամենը 300 օրինակով տպագրված լինելու պատճառով մատենագիտական հազվագյուտ այդ գրքից յուրաքանչյուրն ուներ համարակալում և Տ. Քելեկյանի կից գրությամբ ուղարկվում էր այլ հավաքորդների, մասնագետների, թանգարանների ու հաստատությունների (օրինակ` թիվ 106-ը ուղարկվել էր Վիեննայի Մխիթարյաններին):
Երկու տարի անց՝ 1910-ին, Տ. Քելեկյանը Փարիզում հրատարակեց The Kelekian Collection ալբոմը, ուր պատկերված էին 1885-1910 թթ. նրա ձեռք բերած իրերը: Դրանք XV-XVI դդ. գորգեր էին և խեցեգործության նմուշներ՝ դամասկյան ու պարսկական պնակներ, այդ թվում կուտինահայերի պատրաստած XVIII դ. մի կուժ ու մի բաժակ: Նախորդի նման սահմանափակ տպաքանակով հրատարակված այս ալբոմը մեծ աղմուկ հանեց Եվրոպայի արվեստագիտական շրջանակներում և, մասնավորապես, արժանացավ «Արտ նուվո» հաստատության հիմնադիր ու տնօրեն Մ. Բինդի և Բեռլինի թանգարանի գլխավոր տեսուչ Ֆ. Սարրեի հիացական գնահատականներին:
Այս երկու հրատարակությունները եկան ապացուցելու, որ Տ. Քելեկյանը ոչ միայն հավաքորդ ու վաճառական էր, այլև նրբաճաշակ արվեստագետ: Դա հատկապես կարևոր ու երբեմն բախտորոշ էր ժամանակի նկարիչների համար: Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Կահիրեի նրա տասնյակ վաճառասրահներում ցուցադրվող կտավները վկայում էին, որ դրանց հեղինակները (ասենք, Բրաքը, Պիկասոն, Մատիսը) արժանացել էին Տ. Քելեկյանի ուշադրությանը, և նրանց սպասում էր խոստումնալից ապագա:
Որ Տ. Քելեկյանը մեծ հեղինակություն էր վայելում արվեստագիտական շրջանակներում, վկայում է հետևյալ փաստը: 1935 թ. սեպտեմբերին Լենինգրադում տեղի ունեցավ Իրանի արվեստի և հնագիտության 3-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 26 երկրների 170 գիտնականներ: Յոթ օր շարունակ Հովսեփ Օրբելու ղեկավարած Էրմիտաժում ցուցադրվեցին բացառիկ նմուշներ՝ սասանյան շրջանի արծաթեղեն, թասեր, կժեր և կիրառական արվեստի այլ իրեր: Որպես պարսկական արվեստի խոշոր գիտակ, համաժողովին հրավիրված էր նաև Տ. Քելեկյանը, որը ոչ միայն ջերմ հանդիպումներ ունեցավ Հ. Օրբելու և Հայաստանից ժամանած արվեստագետների հետ, այլև իր եզակի հարցազրույցներից մեկում անչափ բարձր գնահատեց լենինգրադյան համաժողովը:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում