Շոշի Ագոն
Նմանատիպ
Արգամ Սերգեյի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
Ստեփանակերտում Շուշիի ազատագրման հինգերորդ տարեդարձի առթիվ զորահանդեսը նոր էր ավարտվել։ Մարդիկ չէին շտապում հեռանալ։ Հրապարակով անցնող զինվորների կուռ շարքերը ուրախությամբ էին լցրել նրանց սրտերը, ցավով էին հիշում այն դաժան օրերը, երբ ադրբեջանցի ելուզակները, օգտվելով խորհրդային զինուժի աջակցությունից, որն ամենևին էլ առանց շահի չէր մատուցվում նրանց, հարձակվում էին անպաշտպան հայկական գյուղերի վրա, սպանում, տանջամահ էին անում խաղաղ հայ բնակչությանը, թալանում, ավերում տասնամյակների տքնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքը։ Հիշում էին, թե ինչպես կամավորական մարտիկները՝ զինված ինքնաշեն ու որսորդական հրացաններով, կանգնեցին թշնամու լավ զինված զինուժի դեմ, ի չիք դարձնելով նրա՝ Արցախը տիրելու ծրագրերը։ Ափսոսանքով ու օրհնանքով էին տալիս այն խիզախ տղաների անունները, որոնք զոհվեցին հաղթանակի ճանապարհին, որոնց խենթ քաջությունից խեղճացավ թշնամին, ու թեև զենքով, զինտեխնիկայով, թվաքանակով առավել էր, հուսախաբ հետ քաշվեց՝ Ստեփանակերտում թեյ խմելու ծարավը մոռանալով առժամանակ։ Հայ մարտիկը կարող էր հասնել մինչև Բաքու, բայց չարեց դա՝ աշխարհին հասկացնելով, որ ինքը զավթիչ չէ, որ զենք է վերցրել Արցախի ժողովրդի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու հրամայականով, որպեսզի հայը խաղաղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն ունենա։
Ընդհանուր աշխուժության մեջ մեկուսի, մտորումներին տրված կանգնած էր Կոմանդոսը։ Դժվար չէր նկատել հայացքի խորքում պահված թախիծը։ Շուշիի գրոհի ո՞ր պահն էր հիշել արդյոք կամ գուցե «Հարսանիքը լեռներում» գործողությունը փառահեղ իրականացնելու համար դրվատանքի փոխարեն պետության առաջին դեմքի կողմից քննադատության արժանանա՞լը…
Մոտեցա, անհամարձակ, որ կտրում եմ մտքերից, հարցրի.
– Պարոն գեներալ, ազատամարտի հերոսներից ու՞մ մասին կուզենայիք, որ գրեմ…
Ճակատին ալեկոծ մի գիծ թրթռաց-անցավ։ Հայացքը հեռուներին՝ ասաց.
– Ագոյի՛, Շոշի Ագոյի մասին գրիր։
Մի պահ լռությունից հետո ավելացրեց.
– Արցախյան կռվի բոլոր մասնակիցների մասին պիտի գրել, բայց նրանց մեջ կային գագաթներ՝ անհամեմատելի, կատարյալ։ Ագոն այդ գագաթներից էր։
…Շուշին, ինչպես հաճախ, անարև էր, ինքնամփոփ։ Թանձր մշուշով պատված երկինքը, ասես խանդով լցված, ուզում էր ճնշել, խեղճացնել ավերակներում նոր-նոր սկիզբ առած խաղաղ կյանքի խլրտյունը։ Հետո հորդ անձրև սկսվեց։ Անհամբեր էի, որ երկինքը բացվի, փողոցներով հոսող առվակները ցամաքեն, իջնեմ Շոշ՝ հանդիպելու ԱՐԳԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարազատներին։ Վերջապես, օգտվելով անձրևադադարից, արագ քայլերով Շուշիից իջա դեպի կենտրոնական ճանապարհը, ինչպես միշտ, ապավինած բարեպատեհ առիթին, որ Շոշ գյուղ գնացող մեքենա կհանդիպի։ Ազատամարտի տարիներին ու նաև հրադադարից հետո զորամասեր վառելանյութ կամ այլ բեռներ տեղափոխող մեքենաների վարորդները, արդեն ճանաչելով Շուշիի ճամփին կանգնած լրագրողիս, բարյացակամորեն օգնում էին հասնելու անհրաժեշտ վայր, եթե այն իրենց ճանապարհին էր։ Եվ ճանապարհի այդ կարճ ընթացքում ինձ երբեմն բախտ էր վիճակվում լսելուպատերազմական օրերի՝ արցունք կորզելու չափ հուզիչ մի դրվագ, բախտ, որովհետև կարող էիր ամիսներով շրջագայել պատերազմի ավերածությունների ցավն անտրտունջ կրող Արցախի բնակավայրերում, զրուցել ազատամարտի մասնակիցների, ավերված տունը հիմնանորոգող գյուղացիների, հետ, բայց չվիճակվեր լսելու մի քանի պարզ նախադասությամբ հնչած՝պատերազմի անիրական թվալու չափ դաժան այդ դրվագը։ Այդպես եղավ, երբ Շուշիի ոլորանում նստեցի հսկա ցիստեռնով զորամաս դիզվառելիք տեղափոխող բեռնատարը։ Վարորդը՝ Լյուդվիգ Առուստամյանը, 40-ն անց զինվորական, գիշերվա երկար ճանապարհից ակնհայտորեն զրուցակցի կարոտ, սահուն, աչալուրջ մեքենան վարելով, հոգնած ճամփորդի հանդարտությամբ սկսեց պատմել պատերազմի դժվարին օրերի, իրենց ընտանիքին բաժին հասած ծանր փորձությունների մասին։ Երկրաշարժից ավերված Լենինականին օգնության գնալիս ճանապարհին թուրքերն իրեն բռնել են։ Փախուստի է դիմել, բայց թուրքերը կրկին բռնել են, աչքերը մոխիր լցրել։ Մեծ տանջանքներ կրելուց հետո էլի փախուստի է դիմել ու մի կերպ գլուխն ազատել։ Յոթ եղբայրներից Վլադիմիրը զոհվել է Բաշկանյալում, Գուրգենը՝ Կիչանում, Վիտալին՝ Մարտունիում։ Ծնողները որդիների կորստյան վշտին չդիմանալով՝ մահացել են։ Տեսնելով դեմքիս իջած տխրությունը՝ Լյուդվիգը սիրտ տվեց. «Դարդ մի՛ արա, քույրիկ, դեռ չորս եղբայր ու երեք քույր էլ ունեմ։ Ծնողներս զավակներով են հարուստ եղել։ Արցախցին շատ խոխեք պետք է ունենա, որ երկրի սահմանները ամուր պաշտպանված լինեն։ Մեր հողում ապրելով ու շենացնելով ենք Արցախը պահելու»։ Ահա, ևս մի անկոտրում, անվհատ արցախցի, այս տեսակն էր, որ կարողացավ դիմանալ կորուստների ցավին, զրկանքներին ևդուրս շպրտեց թշնամուն իր սրբազան հողից։
Շոշի կենտրոնում ինձ դիմավորեց Ագոյի՝գյուղի կենտրոնում հասակով մեկ կանգնեցված վարդագույն մարմարից կերտված, կամք ու կորովով շնչող հուշարձանը։ Զգացվում էր՝ քանդակի հեղինակը հոգով-սրտով է աշխատել։
Տան առջև կանգնած էր Ագոյի մայրը՝ Թամարա Հարությունյանը։ Երբ լսեց, որ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն էինձ պատվիրել այցելել իրենց տուն, աչքերը լցվեցին, զգացված ասաց.
– Ինձ լուր տվեցին, որ մայիսի 9-ին՝ զորահանդեսի օրը, Կոմանդոսը մտել է գյուղ, ծնկի եկել, համբուրել Ագոյի հուշարձանի քարը։ Տխրեցի, որ մեր տուն չի մտել։ Գիտեմ՝ առանց Ագոյի դժվարանում է բացել մեր օջախի դուռը, բայց Դուք իրեն ասեք՝ թող իմանա, որ իր այցելությամբ մեզ լավ պիտի զգանք, մեզ Ագոյի հետ պիտի զգանք։
58 տարեկան էր, բայց դեմքին ասես հազարամյակների մեր կորուստների վիշտն էր դրոշմված։ Թախիծ կար և Ագոյի կնոջ՝՝ փխրուն, նրբակազմ Արմինեի հայացքում։ Բայց երբ խնդրեցի պատմել Ագոյի մասին, նրանց դեմքերին կարոտալի ժպիտ հայտնվեց։ Տիկին Թամարան խանդաղատանքով կրծքին սեղմեց Ագոյի միակ որդուն ու ասես նրանից ուժ առնելով՝սկսեց խոսել։
Մինչև Արցախյան ազատամարտն Արգամ Հարությունյանի կյանքի ուղին նման է եղել խորհրդային ժամանակների իր սերնդակիցների կենսագրությանը։ Ծնվել է 1968 թ. հունվարի 15-ին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, ընդունվել Չարենցավանի պրոֆտեխուսումնարանը, ուսմանը զուգընթաց՝ աշխատել մեքենաշինական գործարանում։ 1986 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Հատուկ նշանակության դեսանտային զորքերում։ Զորացրվել է 1988 թ., վերադարձել հայրենի եզերք, դարձել Արցախյան շարժման ջերմեռանդ նվիրյալը։ Ինքնաշեն զենքեր, զիմամթերք է հայթայթել, կազմավորել Շոշի պարտիզանական ջոկատը։ 1990-1992 թթ. որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Շոշի ինքնապաշտպանական մարտերին։
1992 թ. Շուշիի և շրջակա գյուղերի կամավորական ջոկատներից կազմավորել է 1-ին վաշտը, որի երկու հրամանատարներից մեկն է եղել։ Այնուհետև կազմավորել է Կենտրոնական՝ Ասկերանի ՊՇ գումարտակը, ստանձել շտաբի պետի պարտականությունները։
1992-1994 թթ. 1-ին վաշտի հրամանատար, Կենտրոնական շտաբի պետն էր։ Խոսուն է Ագոյի անցած մարտական ուղին։ Մասնակցել է Հադրութի շրջանի Տող, Ծամծոր, Սարինշեն, Ասկերանի շրջանի Դահրավ, Խոջալու, Ասկերան, Նախիջևանիկ գյուղերի, Շուշիի, Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի, Քաշաթաղի «Մարդասիրական միջանցքի», Մարտակերտի շրջանի ՈՒմուդլու, Կուսապատ գյուղերի, Սարսանգի ջրամբարի, «Պուշկենյալ» բարձունքի, Քարվաճառի Օմարի լեռնանցքի, Աղդամի, Աղդամի շրջանի մի շարք բնակավայրերի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Որտեղ էլ եղել է՝ Տողում, Սարիշենում, Քարինտակում, Խոջալուում… զինվորները հավատացել են իրենց խիզախ հրամանատարին, պատրաստակամորեն կատարել նրա հրամանները, տոգորվել հաղթանակի աներեր հավատով։ Ստեփանակերտում մտերիմ ընկերոջը՝ Աշոտ Ղուլյանին՝ Բեկորին է զինակցել։ Ցավոք, երկար չի տևել երկու դյուցազունների համատեղ մարտական ուղին։ 1992 թ. օգոստոսի լույս 26-ի գիշերը Բեկորը զոհվում է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։ Բայց մինչ այդ միասին մասնակցելու էին Շուշիի գրոհին, միասին ապրելու հայոց բերդաքաղաքի ազատագրման բերկրանքը։ Ագոն իր մարտական ջոկատով մագլցել է անդունդի կողմից, գրոհել Շուշիի անառիկ բարձունքում դիրքավորված թշնամու վրա, կենտրոնից գրոհել է Բեկորի գլխավորած 1-ին վաշտը։ Ազատարար մյուս ուժերի հետ երկու օրում կոտրեցին թշնամու դիմադրությունը, և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշին ազատ շնչեց։ Դադարեց Շուշիից Ստեփանակերտի վրա տեղացող մահաբեր կրակը։
1994 թ. մարտի 8-ին ծառայողական պարտականությունները կատարելիս Ֆիզուլու դիրքեր տանող ճանապարհներից մեկում երկու զինակիցների հետ Արգամ Հարությունյանը զոհվում է ականի պայթյունից։
Հետմահու՝ 1994 թ. հուլիսի 18-ին Արգամ Հարությունյանը պարգևատրվում է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, այնուհետև՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
…Ամբողջ ընթացքում քչախոս Արմինեն լուռ, կենտրոնացած լսում էր ամուսնու մասին սկեսրոջ պատմածները, արձագանքում հայացքով, որում չբարձրաձայնված հուզումնալի խոր ապրումներ կային։ Հանկարծ դիմացի բարձր ժայռակողին մութ ամպ չոքեց։ Կայծակներն սկսեցին թրատել երկինքը, ապա երկինքը պատռվեց, ու սոսկալի անձրևաշիթերը մթագնեցին պատուհանի ապակին՝ անտեսանելի դարձնելով դիմացի ժայռակողին խոշոր տառերով դրվագված «Զորավար Անդրանիկ» անունը։ Երբ 1988 թ. Ագոն բանակից գյուղ է վերադարձել, մագլցել է տան դիմացի դժվարամատույց բարձունքն ու երկաթյա տառերով գրել սիրելի զորավարի անունը՝ որպեսզի նրա անպարտելի ոգին թևածի ազատության համար ոտքի ելած Արցախի բոլոր շեներում։ ՈՒ թևածեց… Բեկորի, Ագոյի, Մոնթեի, նրանց պես խիզախ հայորդիների ոգու ու բազկի զորությամբ կայացավ Արցախյան հաղթանակը։ Ցավոք, եղան զոհեր՝ թանկ, անփոխարինելի…
Հրաժեշտի պահին Թամարա մայրիկը դարձյալ հիշեցրեց.
– Չմոռանա՜ք խնդրանքս Կոմանդոսին հաղորդել։ Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղում (Տող գյուղի մոտ- Ա. Ծ.) Ագոն, Վիտոն, Ալբերտը Կոմանդոսի հետ երեք ամսից ավելի միասին են ապրել։ Ասեք՝ եթե իրեն տեսնեմ՝ Ագոյիս կարոտը կառնեմ…
Ագոյի մոր խոսելու ժամանակ հայացքս անընդհատ դիպչում էր պատին կախված Ագոյի հրացանին ու հիշում ֆիդայական երգի հայտնի տողը. «Միայն զենքով կա հային փրկություն…», որի խոսուն վկայությունը եղավ Արցախյան հաղթանակը։ Հայի ուժից կոտրված, տագնապած ոսոխը 1994 թ. գարնանը դիմեց Մոսկվային՝ միջնորդ լինելու հրադադարի հաստատման խնդրով։ Այսօր այն օրերին վախից պոչն իրեն քաշած աղվեսը ոգևորված ավագ «եղբոր» հրահրումներից՝ արդեն Երևանը գրավելու կոչեր է հնչեցնում։ Եվ մեր անվտանգության երաշխավորը ոչ թե աշխարհի տարբեր ատյաններից հնչող հաշտության կոչերն են, որ հավասարություն են դնում զավթիչ ազերիների ու իրենց հայրենի հողն ու տունը, իրենց ապրելու իրավունքը պաշտպանող հայերի միջև, Հայոց բանակն է՝ ձևավորված Արցախյան ազատամարտի խրամատներում՝ կրելով Ագոյի, Բեկորի և նրանց պես խիզախ քաջերի սխրանքի ոգին։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում