Վահագն Մուղնեցյան․ Հայ զորական

Վահագն Մուղնեցյան․ Հայ զորական

1.
Ես պատիվ ունեմ, ահա, այսպես,-
Զինանշանիս – դրոշիս հետ,-
Զենքով ու գրչով իմ Նաիրյան
Խոսել ու խորհել դարերի հետ …

Օրերում դժնի – զահանդական
Մեր ոգին շատ էր փափկել – սմքել,
Բայց խենթ ու խելառ օրեր եկան,
Որ անկումներից զտվենք – փրկվենք:

Որ ոգեղենիկ ելնենք հուժկու,
Որ ակունքներում միաբանվենք,-
Որ լեռնաստանում թնդագոչյուն
Ոսոխը հիմքից տեղահանվեր:

Եվ փառաբանվեր դրոշը հին,-
Դրոշը՝ արյան երեք շավիղ,-
Հետո մեղեդին ապրեր ազատ՝
Հորդեր ծիրանի արդար փողից:
……………………………………
Մեր կուռ շարքերում ընկան քաջեր,-
Հայկազուն տղերք – ազգանվեր…
Կրակի բովում կոփված սրտեր՝

Հայրենականչի որդեգիրներ…

Մենք՝ Արարատյան աղոթքի հետ՝
Փառքի ասպետներ – հայորդիներ,
Եռաբլուրում ճախրող հավքեր՝
Զոհանվեր ենք – զորականներ:

2.
Իմ սրտի հրով զինավառ, ահա,-
Իմ անձի հանդեպ մեծ հավատով,-
Զինվոր եմ, երդվյալ զորական եմ՝
Անցնում եմ փշոտ արահետով:

Երբ փուշը շատ է՝ բուրմունքն է շատ,-
Գունազվարթ է վարդն ավելի,-
Իմ շավիղներում, ահա, ժխտվել են
Պահեր ու կանչեր երևելի,

Հին դեպքեր, դեմքեր, հանդիպումներ,
Ժխոր ու աղմուկ փողոցային…
Ուրիշ խորքեր են իմ շավիղներում,
Ուրիշ խորհուրդներ – ներանձնային:

Ճակատիս գերբն է Հայրենական,
Եվ Եռագույնն է իմ արյան մեջ,
Քայլում եմ վստահ – հավատարիմ –
Մեր սեգ լեռների կանչերի հետ:

Կյանքս խոյանք է մեր լեռներում,-
Իմ հոգու հուշի  – ուժի խոյանք,-
Խենթ ու խելառ են վիհ ու քարափ՝
Ջերմական գորով ասպարապատ:

Զորականները – Եռագույն սիրտ,-
Մահի – ավերի մուժում կոփված,-
Եռագույն երգ են, Եռագույն հևք,
Հաղթական վարքով փառավորված:

Արարատյան օրհնյալ մասն աշխարհի,-
Հավերժախաչ գմբեթ մայր Հայաստան,-
Մենք որդիներն ենք քո Զորական,
Մեր թանկ Հայրենիք, Մայր Սրբազան։

05.05.2003թ.

Այգեպար

Հետևեք մեզ նաև Telegram-ում