Վահագն Դավթյան․ Վիրավոր կռունկը
19/09/2020 19:38
Նմանատիպ
Գարնան առավոտ…
Կանաչ է ուռին… Մի կռունկ իջավ
Մեր տան կտուրին։
Օրը զնգում է,
Օրը վրնջում,
Բայց տատիս երգը
Տխուր է հնչում։
«Ձնից ճերմակ է
Քո թևը, կռո՛ւնկ,
Սիրտդ ամպի պես,
Ախ, սև է, կռո՛ւնկ,
Դու զույգ գնացիր,
Մենակ ես գալիս,
Ո՞ւր է, ախ, ո՞ւր է
Քո սերը, կռո՛ւնկ»։
Երամից զատված
Իջել կտուրին,
Կտուցով թևն է
Շոյում նա լռին։
Մղկտում է նա,
Վիրավոր լալիս
Ու հետո նորից
Թևին է տալիս։
«Հարավա քամին
Թեթև է, կռո՛ւնկ,
Բայց, ա՜խ, ջարդել են
Քո թևը, կռո՛ւնկ,
Դու էլ չես հասնի
Չված երամիդ,
Կարմիրդ անցավ,
Քո սևն է, կռո՛ւնկ»…