Ինչու է ազգային սայլը մնում տեղում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Պետությունը, անկախությունը բացարձակ արժեք են։ Անկախ նրանից, թե այս կամ այն իշխանությունները ոնց են քեզ վերաբերվել, քո արած առաքելությանը, իշխանությունը չէ պետությունը, պետությունը մենք բոլորս ենք»,- ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը։
Նրա խոսքով, իր համար պետականության մաս է նաև սփյուռքը, հատկապես այն հայերը, որոնք սրտացավ են, մասնակից ՀՀ զարգացմանը, ռազմավարական անվտանգության լուծմանը։
«Մեր պետությունը շատ ավելի հզոր երևույթ է, քան իշխանություն հասկացողությունը»,- ասաց Գ.Գինոսյանը։
Նա իր բանաձևը ներկայացրեց՝ ազգային մտավորականությունը մեր պետականության ճարտարապետներն են, քաղաքական գործիչները՝ աշղեկները։
«Մենք հակառակ հասարակություն ենք կառուցում, որտեղ շատ դեպքերում կամ ճարտարապետն անտեսված է, ինչ որ մի պռառաբ, շատ դեպքերում անգրագետ, չկայացած, որոշում է պետական կառույց ստեղծել։ Մենք պետք է գնանք այլ ճանապարհով, ականջալուր լինենք ազգային մտավորականությանը, նրանց ճարտարապետած Հայաստանը կառուցենք, այն կառույցը, որը պետք է դրսից ամրոց լինի, ներսից՝ տաճար։ Այլապես ապագա չունենք։
Մենք գեղցու բնավորությամբ, հոգեկերտվածքով մերժում ենք նաև ճարտարապետներին։ Իրականում արվեստագետը, մտավորականը, գիտնականը, որոնք ազգային մտավորական են, ոչ թե Նժդեհի ասած ստամտավորականություն, այդ կառույցը պետք է պատկերավոր դնի սեղանին, թե 1,5, 10 քայլ հետո ինչպիսն պետք է լինի Հայաստանը և քաղաքական գործիչները պետք է տանեն դեպի դա»,- ասաց Գագիկ Գինոսյանը։
Հարցին՝ կարծիք կա, որ այս իշխանություններն ապազգային քաղաքականություն են վարում՝ սկսած դպրոցական ծրագրերից, արվեստի նկատմամբ վերաբերմունքից, արդյո՞ք այս առումով բացասական տարբերություն կա ներկայիս ու նախկին իշխանություննրին միջև, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչն ասաց.
«Ոչ մի տարբերություն էլ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ իդեալական բանաձև է, երբ որ պետությունն ազգային կենսակերպ, մտածելակարեպ ունի, ազգային մտավորականությունն էլ է պետականամետ։ Սա իդելական, ամենազորեղ պետության հիմքն է։ Կարծում եմ՝ ինձ համար գերակա է ազգային մտավորականության պետականամետությունն անկախ իշխանության դրսևորման։ Այնպես չէ, որ նրանք ավելի ազգային էին, ազգայինին ավելի մեծ տեղ էին տալիս, այնպես չէ, որ սրանք ավելի կործանարար են գոնե առայժմ։ Հետագայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա։ Վստահ եմ՝ ով էլ ուզենա նման բան անել, դատապարտված է»։
Գագիկ Գինոսյանը հիշեց Կոմիտասի խոսքերը. «Երբ կգան, կասեն ազգը մեռնում է, չհավատաք։ Երբ որ բոլորին կթվա, թե այս ազգը մեռնում է, այս ազգն իմ նման մի խենթի ծնելու է և ազգը վերածնվելու է»։ Նույն Նժդեհի բանաձևն է՝ «մեռածն է մեռնում»։
«Ով հավատում է, որ ազգը մեռնում է, ցավակցում եմ իրենց, որովհետև իրենք են մեռողը»,- ասաց նա։
Ըստ նրա, մեր իշխանության կարևորագույն խնդիրն ազգային ուժերի ֆոկուսացումն է. «Մարդիկ, անկախ նրանից՝ ինձ ոտանահարել են, ինձ բանտարակել են, ծեծել են, ինչ ուզում է լինի, եթե, իրոք, ազգային մարդ եմ, միևնույնն է՝ ինձ մահվան էլ դատապարտեն, շարունակելու եմ նույն ձև՝ անմնացորդ ծառայել հայրենիքին։ Հավաքել բոլոր այդ տեսակ մարդկանց ջանքերն ու ֆոկուսացնել։ Անկախ Հայաստանի պետականության ընթացքում իշխանությունները ցրող ոսպնյակի դեր են խաղացել»։
Համեմատելով Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» առածի հետ՝ Գագիկ Գինոսյանն ասաց. «Ազգային սայլը մնում է տեղում, որովհետև մեկը դեպի ծովն է քաշում, մեկը՝ ցամաք, մեկը երկինք։ Այսինքն, երբ նման տեսլականներ ունենք, իմի չենք գալիս, չենք հասկանում, որ մեր սայլը ջրում լողալու, օդ բարձրանալու չէ, այլ հասկանում ես քո ազգային ինքնության հզոր կողմերը, և մենք չպետք է դառնանք Եվրոպա, որովհետև այդպես են ուզում եվրոպացիները, այլ պետք է մնանք հայ՝ անսալով բոլոր տեսակի ճնշումներին, կոնվենցիաներին։ Մենք հայ ենք, հենց մեր լինելությունը դրա մեջ է։ Եթե մեր իշխանությունում այդքան իմաստուն հայ կգտնվի, որպեսզի հավաքող ոսպնյակի, խոշորացույցի դեր խաղա, կարողանա բոլոր ազգային կերպարներին, մտավորականներին հավաքի, կունենանք հզոր պետություն թեկուզ փոքարածավալ, բայց որի հետ աշխարահը,աշխարհի գերտությունները հաշվի են նստելու»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում