Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահի նստավայրում կրթության, գիտության և մշակույթի ոլորտում աչքի ընկած 31 անձի հանձնվեց 2020 թվականի «Պողոսյան մրցանակներ»։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցանակները հանձնեց «Պողոսյան մրցանակի» հովանավոր, լիբանանահայ բարերար Ժան Պողոսյանը։
Ժան Պողոսյանը նշեց, որ արդեն գրեթե 20 տարի է, ինչ «Պողոսյան հիմնադրամը» տվել է այս մրցանակաբաշխության մեկնարկը, որի հիմնական նպատակն է ճանաչել և խրահուսել հայ տաղանդներին։
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ 2001 թվականից մինչև օրս 405 անձինք և կազմակերպություններ արժանացել են այդ մրցանակին, որոնցից 28-ը՝ միջազգային։ Այս տարի150 դիմորդների ընդհանուր քանակից մրցանակները շնորհվել են 31 անհատի»,- ասաց բարերարը։
Սփյուռքահայ բարերարի խոսքով՝ պետական պարգևներին և պետական մրցանակներին վերաբերող փոփոխություններից ելնելով ՀՀ նախագահի մրցանակը անվանափոխվել է «Պողոսյան մրցանակ՝ ՀՀ նախագահի հովանավորությամբ»։
«Այսօրինակ զարգացումը կնպաստի մրցանակի կարևորության աճին և նոր հորիզոնները կսահմանի՝ միջազգային ասպարեզ դուրս գալու տեսանկյունից»,- ասաց Պողոսյանը։
Ըստ լիբանանահայ բարերարի՝ այսօր մրցանակներ է հանձնել նրանց, ովքեր տքնաջան աշխատանքով և նվիրումով հասել են իրենց նպատակներին։
«Այս նվաճումները հնարավոր դարձան, որովհետև բոլոր հաղթողները ստանդարտները բարձր են պահել իրենց երազանքին հասնելու և անհնարինն անելու համար»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մրցանկակիրների փորձը կարող է օրինակ ծառայել մյուսներին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեծ պատիվ է համարում ներկա գնտվելու «Պողոսյան մրցանակների» հանձնման արարողությանը։ Նախագահը կարևորեց երկար տարիների վաստակ և բարձր որակավորում ունեցող գիտնականներին, մշակույթի և արվեստի գործիչներին մրցանակներ տալը։
«Նախ և առաջ էական է և կարևոր, որ այս մրցանակը գործել է 19 տարի և շարունակական պատմություն է ունեցել, քաջալերել է մեր շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, որպեսզի շարունակեն իրենց գործը, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում են ապրում այսօր, շարունակեն ստեղծագործել տարբեր ոլորտներում»,- ընդգծեց նախագահը։
Նախագահը հայ ժողովրդին համարում է ստեղծագործ ժողովուրդ և կարծում է, որ քաջալերման և գնահատման իմաստով այս մրցանակը 19 տարի հոյակապ աշխատանք է կատարել։
«Պողոսյան մրցանակը» բաղկացած է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, վկայագրից և մեդալից։ Մրցանակի կարգախոսը՝ «Արժևորելով միտքն ու համառությունը», ամփոփում է մրցանակի հիմնական գաղափարը՝ ստեղծագործ մտքի և համառությամբ ձեռք բերված նվաճումների արժևորումը։
«Պողոսյան հիմնադրամը» ստեղծվել է 1992 թվականի լիբանանահայ գործարարներ Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիներ Ժան և Ալբերտ Պողոսյանների նախաձեռնությամբ՝ Եվրոպայում, Միջին Արևելքում, Հայաստանում հասարակական, մշակութային և կրթական զարգացումը քաջարելելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում