«Ապրե՛ք որպես ազատներ»

«Ապրե՛ք որպես ազատներ»

Երբ մարդուն հարցնում են իր ունեցած նվիրական արժեքների մասին, դրանք թվարկելիս՝ սիրո ու հարգանքի, խաղաղության, հավատարմության և նման շատ այլ արժեքների կողքին նա հաճախ նշում է նաև ազատությունը։

Ազատությունն անչափ կարևոր է մարդու կյանքի զորացման համար, և զուր չէ, որ ժամանակակից աշխարհում պատժի ամենամեծ և անգամ օրինական ձևը հենց մարդուն ազատությունից զրկելն է՝ ազատազրկումը։

Ազատ մարդը, ըստ էության, չարիք չի գործում։ Նա ստեղծագործ ու խաղաղ է, ունի բոլոր աստվածապարգև նախադրյալները՝ բարին գործելու, արարելու, աստվածահաճո կյանքով ապրելու համար։ Սակայն միաժամանակ նաև երբեմն ազատության մասին թյուր պատկերացումն է, որ կարող է շփոթեցնել մարդուն՝ ստիպելով գործել Աստծուն ոչ հաճելի արարքներ։ Եվ հավանաբար հենց այս է պատճառը, որ շատերը սկսում են իրենց տրված ազատությունն օգտագործել չարը գործելու ու տարածելու համար՝ իրենք իրենց զրկելով հոգևոր ազատությունից։

Ո՞րն է, ուրեմն, իրական ազատությունը։

Թյուրըմբռնում է, թե ազատություն է, երբ ասում ենք «ինչ որ ցանկանում եմ, այն էլ կանեմ» և «ինչ որ չեմ ցանկանում, չեմ անի»։ Ազատությունը մի հոգեվիճակ է, որտեղ մենք ունենք անսահման մեծ ընտրության հնարավորություն, որ տրված է մեզ Աստծու կողմից, սակայն, այդուամենայնիվ, ընտրում ենք բարին և աստվածահաճոն։ Անազատ մարդը չի կարող բարիք գործել, հոգևոր ազատություն չունեցողը երբեք իր ընտրությունները չի ծառայեցնում Աստծուն առավել մոտենալուն։

Միևնույն ժամանակ թվում է, թե ազատության կարելի է հասնել ոչ մի քայլ չձեռնարկելով։ Սակայն պետք է նաև իմանանք, որ ազատության մասին չի խոսում նաև մեր ծուլությունը․ չէ՞ որ այս հատկանիշը մինչև անգամ յոթ մահացու մեղքերում է հիշատակված։ Ծուլությունը, ոչինչ չանելը արդեն իսկ գործողություն է, որը երբեք չի կարող հաճելի լինել Աստծուն։

Ազատությունն, ուրեմն, մեր աստվածահաճո ընտրություններն են, քանի որ զուր չէ, որ Աստվածաշունչը մեզ պատգամում է․ «Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետր. 2։16)։

Աղբյուր՝ Qahana.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում