«Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում
Նմանատիպ
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Նիդերլանդների Լիմբուրգ մարզի Մաստրիխտ քաղաքի Սբ․ Սերվատի Մայր Տաճարում տեղի ունեցավ «Խաղաղությանը նվիրված» համերգ՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեանի եւ Նիդերլանդներում ՀՀ Դեսպան Պ-ն Տիգրան Բալայանի հովանու ներքո։ Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական խորհրդի, «Անի» հայ համայնքի և գերմանահայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միության կազմակերպմամբ այս համերգին ելույթ ունեցան՝ Քյոլնի «Լույս» նվագախումբը, Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ, եւ Հայաստանից հրավիրված մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանը։
Բացման խոսքով հանդես եկան Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական խորհրդի ատենապետ Լեւոն Սարկիսը եւ գերմանահայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միության ատենապետուհի Այլին Բերդուդ-Մերինոն։
Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ Դեսպան Տիգրան Բալայանը, Լիմբուրգից ընտրված Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելֆերտը, Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք․ Պարսամեանը, Գերմանիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Սերովպե Արք․ Իսախանյանը, Լիմբուրգի կաթոլիկ հոգեւր առաջնորդ Եպս․ Հարրի Սմիթսը, ինչպես նաեւ հայ եւ կաթոլիկ հոգեւորականներ, բազմաթիվ հոլանդացիներ, օտարերկրյա հյուրեր եւ Մաաստրիխտի հայ համայնքի անդամներ։
Համերգի փակման խոսքում Խաժակ Սրբազանը շնորհակալություն հայտնեց Լիմբուրգի կաթոլիկ հոգեւր առաջնորդին եւ տաճարի լուսարարապետ՝ hայր Ջոհն Դաուզենբերգին, քաղաքի հնագույն եւ գեղակառույց տաճարում հյուրընկալելու համար, նշելով որ ճիշտ այստեղ են պահվում ծագումով հայ սրբի մասունքները։ Հայրապետական պատվիրակը վստահեցրեց, որ Սուրբ Սերվատի հոգին ցնծաց, ընկալելով այն միասնական ոգին, որ տիրում էր այնտեղ եւ որի խորհրդանիշն է ներկայանում Արեւելքից եկած եւ 4-րդ դարում Նիդերլանդների առաջին եպիսկոպոս դարձած այս սուրբը։ «Որտեղ կա այս ոգին, կա հանդուրժողականություն, փոխըմբռնողություն եւ հետեւաբար խաղաղություն», – եզրափակեց իր խոսքը հայրապետական պատվիրակը, հրավիրելով հայ եւ կաթոլիկ հոգեւորականներին խաղաղությանը նվիրված միասնական աղոթքի։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում