ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը․ հայտարարություն

ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։

Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։

Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։

Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում