ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ծննդյան 33-ամյակի առթիվ շնորհավորանքներ են հղել ԴասA կրթամշակութային ծրագրի մասնակից աշակերտները։ Հիշեցնենք, որ ԴասA-ն Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր, որը կյանքի է կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
ԴասA-ի մասնակիցները՝ Երեւանի ավագ դպրոցների սաներ, իրենց բարեմաղթանքները հղելով մաեստրոյին, ընդգծում են այն մեծ դերը, որ կրթամշակութային այս ծրագիրը խաղացել է իրենց կյանքում։ Նրանք հույս են հայտնում, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շատ շուտով կնահանջի, եւ իրենք հնարավորություն կունենան վերադառնալ համերգասրահ ու ունկնդրել դասական երաժշտություն։
Նշենք, որ 2018-2019 թվականների ընթացքում ԴասA ծրագիրը հյուրընկալվել է Երեւանի 35 ավագ դպրոցներում, դասընթացներում ներգրավվել է ավելի քան 13300 աշակերտ։ Ծրագիրը անցկացվել է նաեւ մարզային 5 դպրոցներում. մարզային դպրոցների 400 աշակերտ մասնակցել է դասական երաժշտությանը նվիրված դասընթացներին։ 2019-2020 թվականին ԴասA-ն մուտք է գործել 25 դպրոց, ներգրավել 9750 աշակերտի, կայացել է 15 համերգ։ Համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ-հուլիս ամիսներին ծրագիրն անցկացվել է հեռավար. տեղի են ունեցել 19 հեռավար դաս, 19 առցանց համերգ։ Առցանց համերգներն արձանագրել են 90 հազարից ավելի դիտելիություն, 300 հազարից ավելի հասանելիություն սոցիալական ցանցերում։ Այդ ամիսներին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հեռավար հանդիպումներ է ունեցել աշակերտների հետ, ուղիղ եթերում պատասխանել նրանց հարցերին։
ԴասA-ն պատանիներին հաղորդակից է դարձնում դասական երաժշտությանը, ինտերակտիվ մեթոդներով տալիս գիտելիքներ կոմպոզիտորների, երաժշտական գործիքների, նվագախմբի կառուցվածքի եւ այլ թեմաների մասին, կազմակերպում հանդիպումներ մեծահամբավ մենակատարների հետ, երեխաներին հրավիրում է համերգների՝ նրանց մեջ սերմանելով սեր բարձրարժեք երաժշտության նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում