Իր հետմահու ազատամտությունը կիսեց Սեն գետի ալիքների հետ
Նմանատիպ
2018 թվական. Փարիզի Սեն գետին է հանձնվում հուլիսի 9-ին մահացած Կարեն Ա Սիմոնյանի աճյունափոշին՝ ի փոխարեն աճյունասափորի ամփոփվելու։ Այսպիսին է եղել գրողի, թարգմանչի, հանրային գործչի վերջին ցանկությունը, այլ խոսքով` ինքնահանձնարարությունը: Ինչպես իրեն էինք դիմում՝ Կարեն Արամիչը, չգիտեմ, արդյոք գիտե՞ր, որ իր վերջին հանգրվանում «հանդիպելու է» ավստրիացի մեծանուն բանաստեղծ Պաուլ Ցելանին, որը 1970 թ. ինքնասպանություն գործեց՝ նետվելով Սեն գետի թվացյալ հանդարտահուն, բայց հուժկու ալիքվող ջրերի անսահմանության մեջ… Չգիտեմ, հիշու՞մ էր մահվանից առաջ, բայց իրեն ժամանակին պատմել եմ։ Ոգեշնչված էր Ցելանի տողերով.
Մահը գերմանացի մի վարպետ է, քո մազերը մոխրե են, Մարգարիտ…
Տարիներ առաջ էր. «Սովետական Հայաստան» (հետագայում` «Վերածնված Հայաստան») հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն էր, այդ օրերին այնքան չարչրկված գաղափարախոսության պայմաններում իր շուրջն էր խմբել նվիրյալ աշխատակազմ և Սփյուռքի ու Հայաստանի միջև հանդեսը թերևս ամենահուսալի կամուրջն էր փախհամագործակցության, Սփյուռքի մշակութային հանրային, ի վերջո, ինքնության պահպանման առումով և ցայսօր անգերազանց դերակատարում ունեցավ: ՈՒր էր, թե մերօրյա օդն ի կախ բարձրաձայնող «ջուր ծեծողներին», նախ և առաջ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, ուսանելի լինեին անցյալի դասերը՝ Սփյուռքի հետ հարաբերվելու աշխարհընկալումը…
Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի շենքի իր աշխատասենյակում մեր բանավեճերը շարունակական էին: 90-ական թվականներն էին, իմ հոդվածները սիրով էր կարդում, տպագրում ու միշտ հարցնում էր. «Հայերենը որտեղի՞ց ես սովորել», հետո ժպտալով շարունակում. «Ինձ չես կարող շփոթեցնել, արևմտահայերենից ես գալիս»։ Ի պատասխան իր հարցումի` ես միշտ «պատրաստի» պատասխան ունեի. «Սովորել եմ Գարեգին Նժդեհից, Վահրամ Փափազյանից…»։ Գոհունակ ժպիտով, ակնոցը մատներով «խաղացնելով» լռում էր։
1988 թվականի հունիսյան մի օր «ճակատագրական» էր. հիմք դրվեց իմ հրատարակչական գործունեությանը։ Առավոտ կանուխ հեռախոսազանգ. «Շտապ արի, սպասում եմ»։ Կարեն Սիմոնյանն էր. նշանակվել էր մամուլի կոմիտեի նախագահ։ Մտնում եմ իր աշխատասենյակ, և միանգամից, իրեն բնորոշ, աշխատունակ մարդուն վայել «մարտահրավերով». «Հրատարակչություն ենք ստեղծել՝ «Ազատ խոսք», ի՞նչ ունես մտքիդ գզրոցներում»։ Առանց հապաղելու, բայց փոքր-ինչ կասկածամտելով ասում եմ. «Նժդեհի վավերագրերը»։ Եվ սկսվեց մեր համագործակցությունը. մեկ տարի անց հրատարակվեց «Ազատ խոսք» հրատարակչության առաջին հատորը` Վարդան Գևորգյանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» վավերագրերի ժողովածուն՝ «Եռագույնը կարմիր լաթի դեմ» իմ առաջաբանով, առաջինը մեր իրականության մեջ՝ 50000 տպաքանակով, ինչն աննախադեպ էր։ Հետագայում` «Դրո» հավաքածուն և Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» ժողովածուն։ Այնուհետև… համատարած լռություն իր անվան շուրջը, օտարությա՞ն, թե՞ օտարվածության տարիներ մինչև մահը, չնայած Փարիզի «Յառաջ» օրաթերթում հաճախ էր տպագրում ազգային, մշակութային հոդվածներ. նույն Կարեն Ա Սիմոնյանի ոճն էր՝ կուռ, հայեցիությամբ տոգորուն, հատկապես առ մեսրոպյան ուղղագրությունն ունեցած ուրույն, գուցե և ինքնօրինակ, վերաբերմունքով: Բայց Կարեն Ա Սիմոնյանի դիմանկարը գոնե որոշապես ամբողջական չի լինի, եթե չհավելեմ նրա գործունեության այն տարիներից որոշ մանրամասներ, երբ դեռ չէի ճանաչում, բայց ծանոթ էի որպես գրողի: «Ներսես Մաժան դեղագործը», «Ցտեսություն, Նաթանայել» և մյուս ստեղծագործությունները կարդացել էի զարմանքով. մեր գրական իրականության մեջ ֆանտաստիկայի գրական ժանրը «զարգացում» չէր ապրում, եթե չհաշվենք Աշոտ Շայբոնի երկերը, որոնք 60-70-ական թվականներին այնքան էլ չէին խրախուսվում տիրող սոցռեալիզմի օրերին։ Բայց կարծես թե Կարեն Ա Սիմոնյանն իրականության դեմ իր ներքին պայքարը մղելու համար հատկապես այդ ժանրն էր ընտրել՝ համախմբելով իր շուրջը երիտասարդ, ֆանտաստիկայով գրեթե արբեցած Ռուսլան Սաղաբալյանին, Հայկ Հարությունյանին, Սամվել Դիլանյանին։ Ստեղծվել էր մի միջավայր հատկապես այն տարիներին, երբ «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչն էր, հետագայում` ռուսալեզու «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Եվ վերստին չենք կարող շրջանցել նախաղարաբաղյան շարժման օրերը. Ղարաբաղյան համաժողովրդական զարթոնքին նախորդել էր Կանաչների շարժումը, Կարեն Ա Սիմոնյանը առաջնագծում էր, տևապես ապրած ներքին պայքարի ասպարեզը այլ հորիզոններ էր ցուցանել գրողին, ազգային խնդիրներով ապրող մարդուն։ Իսկ մինչ այդ ռուսերեն հրատարակվող «Նշանավոր մարդկանց կյանքը» մեծահամբավ մատենաշարով, ի զարմանս հայ գրական-պաշտոնական չինովնիկության, Մոսկվայում տպագրվել էր «Միքայել Նալբանդյան. ազատության ասպետը» վեպը, որի բնագիրը հետագայում հրատարակվեց «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանի նախաձեռնությամբ:
Ասում են՝ յուրաքանչյուր մարդ, մանավանդ լիարյուն, ինքնայրվող մտավորական, իր կենսակերպի գերին է ու հրամանատարը: Կարեն Ա Սիմոնյանի պարագային հավելեմ, նա նաև զինվոր-հրամանատարի տաղանդով էր օժտված, միշտ առաջնագծում լինելու ինքնազոհաբեր սիրով, անզիջում նույնիսկ մտերիմների հետ, միշտ ցանկալին իրականություն տեսնելու լավատեսությամբ տրամադիր՝ մինչև վերջին պահը իր ապրած օրերի, մինչև հիմա իր հետմահու ազատամտությունը կիսելով Սեն գետի ալիքների հետ, ինչպես իր բացառիկ թարգմանությամբ հրատարակված Մերվիլի «Մոբի Դիք» վեպի ծովագնացները, որ մշտապես մահ էին փնտրում ծովերում, օվկիանոսներում և այն գտնում էին միայն իրական կյանքում…
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում