Ագահություն
Նմանատիպ
Ագահությունը ունեցածից չգոհանալու և անդադար ավելիին ձգտելու անհագ ցանկություն է, որը կարող է դառնալ իսկական չարիք թե՛ տվյալ մարդու և թե՛ նրա շրջապատի համար: Ագահ մարդու ամենամեծ խնդիրն այն է, որ նա ոչ թե ձգտում է ավելիին, այլ պարզապես չի գնահատում և արհամարհում է ունեցածը:
Ագահությունը անմիջականորեն կապված է նաև անկշտության, ընչաքաղցության և դժգոհության հետ, քանզի նա, ով մշտապես ագահորեն ավելին է պահանջում, նաև անկուշտ է, ընչաքաղց և մշտապես դժգոհ:
Ագահ մարդը երբեք չի կարող լինել երջանիկ, որովհետև նա պարզապես չի վերլուծում իր ներկան, որպեսզի կարողանա դրա մեջ գեղեցիկը տեսնել և երջանկանալ, այլ մշտապես անհագ կերպով ձգտում է ավելիին, նույնիսկ մեկ րոպե չմտորելով սեփական կյանքի մասին:
Այս վտանգավոր արատի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր, սակայն դրանից ազատագրվելու ճանապարհը մեկն է՝ հայացք նետել սեփական կյանքին, վերլուծել սխալները, տեսնել ու նկատել հոգևոր արժեքների և աստվածային սիրո բացակայությունը կյանքում և ապաշխարել:
Ագահությունը հաղթահարելի է ողորմածությամբ: Ողորմություն բաշխել կարող են ոչ միայն նյութապես ապահովածները` կարիքավորներին դրամական, նյութական օգնություն տալով, այլ ընդհանրապես բոլորը, ովքեր ցավակից են լինում նեղության, դժբախտության մեջ ընկածներին, փորձելով բարի գործով կամ խոսքով մխիթարել նրանց:
Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամենինչ սկսվում է ձգտումից, իսկ ձգտումը՝ անկեղծ ցանկությունից:
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում