Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս
26/09/2020 19:00
Նմանատիպ
Երկընքի մե՜ծ դուռներուն պես
Բա՛ց հոգիիս թևերըդ մարմար,
Եթե մեռնի՛մ իսկ հուզումես՝
Այդ մահն ապրի՛լ է ինձ համար․․․
Թո՛ղ որ հանգչի կուրծքիդ ձյունին՝
Հիվանդ հոգիս ու, շընչահատ,
Թող քեզ հըծծե Երազն իր հին
Որ զիս այսքա՜ն ըրավ գունատ․․․
Ու թող մեռնի հոգիս այդպե՛ս․-
Հպա՛րտ՝ հպարտ մարմնիդ վըրա.
Լոկ իր Երազն հըծծելով քեզ․․․
Զի ես կուզեմ որ ան սուրա՜
Մահվան գըրկին մեջ իսկ ինկած․
ես սիրեցի քեզ իբր աստված․․․