Արցախցին կռված տղերքի թափված արյան առվով է կողմնորոշվում անցնելիք ճիշտ ուղին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Պատերազմական այս օրերին մեր մշակույթի գործիչների խոսքուզրույցի թեման վերջերս մեկնարկած Մոսկվայի միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրից Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի դուրս մնալն է։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովի խոսքերով՝ «դա արվել է որպես նախազգուշական միջոց, քանի որ ֆիլմը ուղղակիորեն առնչվում է Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռազմական գործողությունների»։
Կինոգետ Զավեն Բոյաջյանը ասվածի առիթով հակադարձել է. «Ջիվան Ավետիսյանի ֆիլմն ընդհանրապես քաղաքական չէ, թրիլերի եւ սիրային դրամայի յուրատեսակ խառնուրդ է, արտհաուսային կինոյի դրոշմով, ու թեեւ դեպքերը երբեմն առ երբեմն կատարվում են Ղարաբաղում եւ առնչվում հայ-ադրբեջանական հակամարտությանը, բայց դա ընդամենը սյուժեի ծավալման ֆոնն է։ Կինոաշխարհի մեր մեկ-երկու գործիչներն էլ նշեցին, որ այդ նույն Կիրիլ Ռազլոգովը ժամանակին դարձել էր երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նոմենկլատուրային դեմքերից մեկը։ Նա համարյա ամեն տարի հյուրերի թվում էր եւ իր ամառային արձակուրդը վայելում էր փառատոնի ու հայկական ավանդական հյուրասիրության հաշվին»։
Մեզ հետ զրույցում կինոգործիչներից մեկն էլ խոսեց գրողական աշխարհի ներկայացուցիչ Նառա Վարդանյանի մասին, նշելով շուրջ 5 տարի առաջ նրա «Արգելված պտուղ» փաստագեղարվեստական պատմվածաշարը, որում «Ամենագեղեցիկ պատերազմը» շարքում ընդգրկված է 11 ստեղծագործություն, որոնք ներկայացնում են Արցախյան ազատամարտը երեխայի հայացքով, պատերազմի գեղեցկությունն ու տգեղությունը մանկան աչքերով։
Նառա Վարդանյանի հետ «Առավոտի» հանդիպման ժամանակ մեր զրուցակցին տեղեկացրինք «Ամենագեղեցիկ պատերազմը» պատմվածաշարի մասին կինոգործչի հնչեցրած կարծիքը, թե գրքում ներկայացված է «պատերազմի գեղեցկությունն ու տգեղությունը» եւ հարցրինք՝ պատերազմը գեղեցկություն ունի՞։ Մեր զրուցակիցը իր համաձայնությունը հայտնեց կարծիքին եւ պատասխանեց. «Պատերազմի գեղեցկությունը մարդու ներսում, շատ խորքերում թաքնված նրա հերոսականությունն է, վճռականությունն է, կամքն է… Հաղթելու, արարելու բացահայտումները»։
Տիկին Վարդանյանը հիշեց դեռեւս ապրիլյան քառօրյայից առաջ Արցախում անցկացրած երիտասարդ գրողների հավաքի ժամանակ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի արտահայտած հետեւյալ միտքը՝ արցախցիներս կռված տղերքի թափված արյան առվով ենք կողմնորոշվում անցնելիք ճիշտ ուղին։ «Այդ պահին ես շփոթված ոտքերիս տակ նայեցի… Մինչ այդ խոսքերը դժվար էր պատկերացնել պատերազմն այդքան մոտիկ եւ այդքան հեռու…»,- ասաց տիկին Վարդանյանը։
Դիտարկմանը, թե Թուրքիան իր կրտսեր եղբոր հետ ձեռք ձեռքի տված ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը եւ ըստ էության հայերս Արցախում պատերազմում ենք միջազգային ահաբեկչության դեմ, արվեստագետը արձագանքեց այսպես. «Դեռ 90-ականների վերքերը չսպիացած՝ վրա հասավ ապրիլյանը, հիմա էլ այս պատերազմը, ինչը իր արտացոլումը կունենա ժամանակակից արվեստում, մասնավորապես՝ գրականության ոլորտում…»։
Ռեպլիկին, թե կոնկրետ ինքը պատրաստվո՞ւմ է «արձագանքել», պատասխանեց. «Այս պահին աշխատում եմ վեպի վրա, որի վերնագիրը դեռ չեմ ընտրել, իսկ հերոսս արցախյան ազատամարտի մասնակից է, որը տարիներ անց մասնակցում է ապրիլյանին, իսկ այսօր էլ, փաստորեն երրորդ անգամ, մեկնել է Արցախ՝ կրծքով պառկելու հողին արցախյան եւ նշան բռնելու՝ վրեժի համար»։ Հարցին՝ «Արգելված պտուղ»-ի օրինակով դեռեւս անվերնագիր վեպն է՞լ է գրում փաստագեղարվեստական ժանրում, Նառա Վարդանյանը պատասխանեց. «Ցանկացած ստեղծագործություն գրելիս ժանրը չեմ կոնկրետացնում, բայց մի բան հաստատ գիտեմ՝ գրում եմ մարդու, մարդկանց մասին, ովքեր պատերազմը ապրում են, ապրում են նաեւ պատերազմի հետեւանքները ու շարունակում են անսահման սիրել հողը, սերմեր են ցանում այդ հողում, երեխաներ ունենում այդ հողում»։
Մասնագիտական կարծիք լսելու ակնկալիքով Նառա Վարդանյան գրողի՝ արցախյան պատերազմը ներկայացնող փաստագեղարվեստական գրականության մասին, կապվեցինք մասնագետի հետ։ Գրականագետն ասաց, որ պատերազմական այս օրերին կարեւոր չէ նշել իր անունը, սակայն սիրով կխոսի կին ստեղծագործողի մասին, որը թիկունքում հերոսական գործ է անում՝ մանկահասակ երեխայի խնամքը մեծ հաշվով զուգահեռելով արցախյան պատերազմի վավերացմամբ. «Նառայի ստեղծագործությունը սրտի կարդիոգրամի պես վետվետում է իրականի եւ երեւակայականի միջեւ, փնտրում, տնտղում, զննում մերթ վարից, մերթ վերից եւ ոչ ոք չի խուսափում այդ մանրամասնորեն դիտարկող հայացքից, բոլորն այստեղ են՝ մարդ, բնություն, տիեզերք, կյանք, մահ, հայրենիք, պատերազմ, խաղաղություն… Անխոս, Հաղթելու ենք»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում