«Մեր զինվորի, սահմանին կանգնած ազատամարտիկի ու կամավորի ցավը տանեմ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Քելե լաո»-ն այցեքարտ դարձրած երգչուհի Մանիկ Գրիգորյանը երբեք համերգներով հանդես չի եկել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ, իր բառերով` արհեստածին Ադրբեջանում:
Ավելի քան մեկ շաբաթ է՝ Արցախն ու Հայաստանի սահմանները հարձակումների են ենթարկվում թուրք-ադրբեջանական զինված ուժերի եւ վարձկան ահաբեկիչների կողմից։ «Առավոտի» զրուցակից արվեստագետները պատերազմի առաջին օրվանից են նշել, որ մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված այս պատերազմում, բայց թուրքը մոռանում է, որ 1915 թվականը չէ՝ մենք անկախ պետություն ենք, ունենք հզոր բանակ, ու հավելում են, թե թուրքը թուրք է մնում։ Զրույցներում շաղախված են հուզմունքը, հերոս տղաների կորստի ցավը, հպարտությունը… Մերթընդմերթ էլ հումորն է «խոսում». «Մանիկը դեռ որ թվից է «ասում»՝ քելե լաո, քելե երթանք մըր էրգիր…»։
Կապվեցինք ճանաչված ու սիրած երգչուհի Մանիկ Գրիգորյանի հետ, որի այցեքարտն է «Քելե լաո» երգը։
Հետաքրքրությանը՝ ավելի քան քառասուն տարվա բեմական-ստեղծագործական կյանքի ընթացքում այս երգը հնչեցնելով Սփյուռքի գաղթօջախներում, հավանաբար կատարել է նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, երգչուհին հերքեց՝ ասելով. «Երբեք համերգներով հանդես չեմ եկել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ այդ արհեստածին Ադրբեջանում, թեեւ եղել եմ մեր պատմական հայրենիքում։ Նախնիներս Մուշից եւ Էրզրումից են գաղթել՝ իրենց հետ բերելով ընդամենը մեկ գանձ՝ Նարեկը։ Այն հիմա էլ իմ հորեղբոր տղայի տանն է։ Առաջին կատարողն եմ եղել «Քելե լաո» երգի. դա 1980 թվականին էր, այն հնչեցրի դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի ընկերակցությամբ, հայկական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Հետաքրքիր է, որ հաղորդման կրկնության ժամանակ երգը հանված էր, մոնտաժել էին։
Հետո իմացա, որ այն տարիների հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը նկատողություն էր ստացել։ Բայց դրանից հետո նա կարողացել էր «լեզու գտնել» վերեւների հետ՝ հավանաբար ճիշտ ներկայացնելով երգի արժեքը»։ Որոշ երգերի նման, մինչ օրս «Քելե լաո»-ի հեղինակը վիճելի է, ոմանք ասում են, թե այն ժողովրդական է, ոմանք էլ պնդում են, թե հեղինակը արմատներով սասունցի Ժորա Հակոբյանն է…
Տիկին Գրիգորյանն այդ առիթով ասաց. «Ես յոթ տարեկան էի, բայց հիշում եմ, որ Եղեռնից փրկված տատս հայրենասիրական երգեր էր երգում, որոնք իր հետ «բերել» էր Էրգրից։ Կոնկրետ «Քելե լաո»-ն լսել եմ մի արվեստագետից։ Հաճախ չի պատահում, որ մեկ անգամ լսելով երգը, ընկալում ես ամբողջովին՝ ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ բառերը, ե՛ւ տրամադրությունը, էությունը։ Ես բանահավաք չեմ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. «Քելե լաոն» ժողովրդական-դասական ստեղծագործություն է»։
Ի դեպ, ազգագրագետները այսպիսի բացատրություն են տալիս. այս հրաշալի երգը ստեղծվել է 1915թ. կոտորածից հետո. Էրգիր կորցրած պապը մահացու կարոտին չդիմանալով, երգով դիմում է թոռանը՝ հելի, լաո, էրթանք մըր Էրգիր, եւ նկարագրում է իր դրախտային էրգիրը, հավատացնելով, որ եթե այն չտեսած մահանա, ապա Աստծո վերջին դատաստանին պարտական կմնա. «Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր, քելե՛, լաո, քելե էրթանք մըր էրգիր»։
Զրույցի ընթացքում Մանիկ Գրիգորյանը հիշեց, որ Արցախյան գոյամարտից հետո, երբ արդեն հրադադար էր, բազմիցս համերգներով հանդես է եկել Արցախում. «Արցախցիները լավ էին ճանաչում թշնամուն, միշտ էլ ասում էին, որ թուրքի լամուկները չեն սսկվի… Բայց մոռանում են, թե ով է կանգնած դիմացը՝ բռունցք դարձած մի քաջարի ազգ»։
Երգչուհին հավելեց նաեւ, որ եվրոպաներն ու ամերիկաներն առայսօր զենքը վայր դնելու կոչերով են հանդես գալիս, բայց մենք լավ գիտենք, որ սա մեր գոյության կռիվն է ու հույսներս մեզ վրա պիտի դնենք. «Մեր զինվորի, սահմանին կանգնած ազատամարտիկի ու կամավորի ցավը տանեմ։ Հաղթելու ենք»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում