Սրբերի ներկայությունն իրական է
Նմանատիպ
– Հա՛յր, կուզեի սուրբ Արսենին տեսնել:
– Սուրբ Արսենին տեսնելու ձգտումդ վտանգավոր է, քանի որ թշնամին կարող է քեզ երևակայական պատկեր ներկայացնել, իսկ միտքն էլ՝ ասել, թե իբր քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, եթե սրբի տեսությանն ես արժանացել: Ապա, երբ ընդունես այդ «ինչ-որ բան ես ներկայացնում»-ը, թշնամին կսկսի երևակայության միջոցով մտքումդ անընդհատ ֆիլմեր պտտել: Ուստի մեծարիր սուրբ Արսենին, սակայն մի՛ ձգտիր նրան տեսնել: Իսկ նա կհայտնվի քեզ, թե ոչ, արդեն իր գործն է:
– Հա՛յր, երբ սուրբը որևէ մեկին հայտնվում է, ուրիշն է՞լ է նրան տեսնում:
– Այս հարցում կանոններ չկան: Երբեմն տեսնում է, երբեմն միայն ձայն է լսում, երբեմն էլ՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Միշտ տարբեր է լինում, անհնար է բացատրել: Սրբերի ներկայությունն իրական է: Նույնիսկ, երբ մենք նրանց չենք գտնում, նրանք իրենք են մեզ գտնում: Երբ ես Սուրբ Խաչի խցից Պանագուդա տեղափոխվեցի, այն լքված էր: Մի կերպ սենյակներից մեկը կարգի բերեցի, որպեսզի ապրելու համար տեղ լինի: Բոլոր իրերս հետս բերել էի: Մինեան* դեռ արկղերից մեկում էր: Երեկոյան ժամերգության ժամանակն էր, բայց այն որտեղի՞ց գտնեի… Օրացույցը վերցրի, որպեսզի տեսնեմ, թե վաղը որ սրբի հիշատակության օրն է: Բայց ակնոցս էլ չկար, իսկ օրացույցի տառերը մանր էին և չկարողացա սրբի անունը տեսնել, որպեսզի տերողորմյայով երեկոյան աղոթքն անեմ: Քառասունհինգ րոպե փնտրեցի, բայց ապարդյուն: «Այսպես ամբողջ ժամանակը կանցնի, մինչ ես փնտրում եմ: Ավելի լավ է «Օրվա սրբեր, աղաչեք Աստծուն մեզ համար»-ն ասեմ»,- մտածեցի ես: Տերողորմյայով Քրիստոսին ու Սուրբ Աստվածածնին աղոթեցի, ապա սկսեցի «Օրվա սրբեր, աղաչեք Աստծուն մեզ համար»-ն ասել: Գիշերն էլ, որպեսզի ժամանակ չկորցնեմ ակնոցս փնտրելու վրա, նույն կերպ աղոթեցի: Հանկարծ մի լուսավոր զինվորականի տեսա առջևս, որից սեր ու հայրական բարություն էր սփռվում: Նա մոտեցավ ինձ ու սրտումս անբացատրելի ուրախություն զգացի: Նրա բարությունը տեսնելով՝ քաջալերվեցի ու հարցրի. «Դուք որտե՞ղ եք ծառայել և ի՞նչ է Ձեր անունը»: Եվ նա ինձ պատասխանեց. «Ես սուրբ Լուկիլիանոսն եմ»: Լավ չլսեցի ու կրկին հարցրի. «Սուրբ Ղոնգինո՞սը»: «Ոչ,- պատասխանեց նա,- սուրբ Լուկիլիանոսը»: Անունն ինձ տարօրինակ թվաց, և ես կրկին հարցրի «Սուրբ Ղունկիանո՞սը»: «Ոչ,- կրկնեց նա,- սուրբ Լու-կի-լի-ա-նոս»: Այնժամ ասացի. «Ես էլ պատերազմից մնացած վերքեր ունեմ»: Սրբի կողքին սպիտակ գոգնոցով մի երիտասարդ բժիշկ էր կանգնած՝ սուրբ Պանտելեիմոնը, և Լուկիլիանոսը նրան խնդրեց զննել ինձ: Սուրբ Պանտելեիմոնը զննեց ու լսեցի, թե ինչպես սուրբ Լուկիլիանոսին ասաց. «Նրա բոլոր վերքերը սպիացել են, միայն կարելի է անձնական գործի համար դրանք հիշել»: Այնուհետև ես մեծ ուրախություն ապրեցի և կրկնակի առույգություն ու զորություն զգացի: Մի լավ փնտրեցի, ակնոցս գտա և օրացույցին նայեցի. սուրբ նահատակ Լուկիլիանոսի հիշատակության օրն էր: Երեկոյան ծանոթ հայրերի մոտ գնացի ու սրբի վարքը կարդացի:
Եվ մինչ օրս սուրբն իր սիրով լիացնում է ինձ, հոգիս ու մարմինս դրախտային այն խնդությամբ քաղցրացնում, որ ինքն է ինձ պարգևել:
* Մինեա – բյուզանդական եկեղեցու ամսական շարակնոց, որ բաղկացած է տասներկու հատորից (թրգմ.):
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում