Տիգրան Համասյանն ու Դանիել Դեքերը դատապարտում են Ադրբեջանի՝ մշակույթի հանդեպ ոտնձգությունը

Տիգրան Համասյանն ու Դանիել Դեքերը դատապարտում են Ադրբեջանի՝ մշակույթի հանդեպ ոտնձգությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Տիգրան Համասյանը, հանրահայտ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանի և Արցախի համար այս դժվար օրերին իրենց զորակցությունն են հայտնել մեզ, դատապարտել Ադրբեջանի՝ մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված քայլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Համասյանը իր ֆեյսբուքյան հետևորդներին տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Նա տեղեկացրել է, որ եկեղեցում զինվորներ չեն եղել, և եկեղեցու հրթիռակոծումը Ադրբեջանի՝ մշակութային արժեքները ոչնչացնելու առաջին փորձը չէ: «Այս եկեղեցին Արցախի եկեղեցիների և վանքերի ընդգրկուն ցուցակում է»,- նշել է երաժիշտն ու հորդորել դիտել և տարածել այն բոլոր տեսանյութերը, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է թիրախավորվում հայ մշակութային ժառանգությունը:

Համասյանը կոչ է արել վերջ տալ ադրբեջանական ագրեսիային, վերջ տալ մշակութային ցեղասպանությանը: Ավելի վաղ դաշնակահարը տեղեկացրել էր, որ Արցախին աջակցելու նպատակով իրականացնում է «Տիգրան Համասյանը և ընկերները՝ Արցախի համար» դրամահավաքը:

Արցախին և Հայաստանին իր զորակցությունն է հայտնել նաև ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը: Նա «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարն ու ընդգծել, որ վերջինս զոհեց իր կյանքը՝ պաշտպանելով Արցախի անկախությունը: «Նա իսկական հերոս էր և մշտապես մեր սրտերում կմնա: Թող նրա և մյուս զինվորների զոհաբերությունները Արցախին և Հայաստանին դեպի հաղթանակ տանեն»,- գրել է երգիչը:

Դեքերը հրապարակել է նաև Շուշիի՝ արդեն ավերված մշակույթի տան լուսանկարը և գրել, որ իր սիրտը կոտրված է: Նա հիշեցրել է, որ 2017 թվականին այդ բեմում ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 22 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 95-ը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում