Աշոտ Ավդալյան․ Լույսը
14/10/2020 20:51
Նմանատիպ
Եվ իմ մենության փութանցիկ ժամին
աշքերիս շուրջը լույսն ահագնանում,
լույսը շրջվում, գնում է երկինք։
Գնում է վարձ տա ու վերադառնա,
գնում է աստղի ընթացքը իր մեջ կարգավորելու,
գնում է հողին բազմաբեղուն օր հայցելու համար։
Նրան ուղեկցող աչքերիս շոգը
պարզում է նրան
առավոտների ու առատության գունանկարներ։
Նա գնաց հուշի ու պայծառացման մենանվագով –
կանայք ասում են – զարդ ուներ կրծքին,
նա գնաց ցավի ու թռչունների երգեցիկ ձայնով,
կանայք ասում են – վիշտ ուներ դեմքին։
Նրան ուղեկցող ծառը նվիրեց խնձորի արյուն,
կանայք ասում են – շատ էր գեղեցիկ,
նրան ընդառաջ գնացող լեռը
իր դեմքն հիշելու մոգություն տվեց –
կանայք ասում են – շատ էր ահարկու,
հյուրընկալելու պատրաստ խաղողը
գինու թովչանքը նրա հետ դրեց,
կանայք ասում են – շատ էր ոգելից: