Անմահ մարդն ու այդ անմահությունը հաստատող գիտությունը
Նմանատիպ
Ակադեմիկոս Վ. Մ. Բեխտերև
Օբյեկտիվ հոգեբանությունը ավելի ստույգ կոչվում է բնազդաբանություն:
Այն նյարդային հոգեկան գործունեությունը դիտարկում է զուտ օբյեկտիվ տեսանկյունից` որպես բնազդային երևույթ, որն առաջանում է արտաքին ազդակներից:
Օբյեկտիվ տեսանկյունից մարդու գործողությունները, բնազդները և դրանց հետ կապված հոգեկան ապրումները պետք է որ կապված լինեն մի յուրահատուկ էներգիայի հետ, որի տարբեր դրսևորումները մենք նկատում ենք բնության մեջ: Բարձրակազմ օրգանիզմների գործունեության հիմքում դրված է նյարդային հոսանքը, որն ապահովում է գլխուղեղի աշխատանքը, որտեղ տեղի են ունենում բոլոր հոգեկան-նյարդային պրոցեսները: ՈՒղեղի նորմալ աշխատանքի՝ գիտակցական սուբյեկտիվ պրոցեսների ուժեղացման դեպքում նկատվում է շարժումների դանդաղեցում, այսինքն, մեխանիկական գործունեության թուլացում, իսկ ֆիզիկական աշխատանքի ինտենսիվությունը դանդաղեցնում և թուլացնում է մարդու մտավոր աշխատանքը: Հոգեկան ակտիվ գործունեության ժամանակ տեղի է ունենում էներգիայի կուտակում նյարդային բջիջներում: Ցանկացած արտաքին տպավորություն, որը գրավում է նորածնի ուշադրությունը, հանգստացնող ներգործություն է ունենում նրա շարժումների վրա, հատկապես` շնչառության, որը նման դեպքում միշտ հանդարտվում է: Գիտակցականը կամ հոգեկանը կապված է նյարդային հոսանքի կենտրոնացման հետ: Իսկ նյարդային հոսանքն առաջանում է փոխակերպված ֆիզիկական էներգիայից: Նյարդային-հոգեկան և ֆիզիկական էներգիաների միջև ոչ մի հակադարձություն չկա, այլ կա փոխհարաբերություն` հիմնված մեկ էներգիայի՝ մյուս տեսակին փոխակերպման երևույթի վրա: Աշխարհի բոլոր երևույթները, նաև ներքին պրոցեսները կենդանիների մեջ կամ հոգու դրսևորումները կարող են և պետք է դիտարկվեն որպես մեկ տիեզերական Էներգիայի ածանցյալներ, որի մեջ բովանդակվում են մեզ հայտնի և՛ ֆիզիկական էներգիաները, և՛ դրանց կապված նյութեղեն ձևերը, և՛ վերջապես, մարդկային հոգու դրսևորումները:
Վերջնական եզրակացությամբ՝ էներգիան պետք է ճանաչվի որպես հանընդհանուր Էություն տիեզերքում, ընդ որում, նյութի բոլոր տեսակի փոխակերպումներն ու շարժումների բոլոր ձևերը, չբացառելով նաև նյարդային հոսանքը, ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ տիեզերական Էներգիայի դրսևորում, որն իր էության մեջ անճանաչելի է և անբացատրելի, բայց առաջնահիմն է բոլոր մեզ հայտնի ֆիզիկական էներգիաների, որոնք նույնպես ընդամենը տիեզերական Էներգիայի դրսևորման որոշակի ձև են, որը կախված է շրջակա միջավայրի պայմաններից: Տիեզերական էներգիայի Էությունը, միայն տեսանելի և նյութեղեն աշխարհը զննող սահմանափակ մտածողության պատճառով, մնում է մեր գիտակցությանը անհասանելի: Տիեզերական Էներգիան ներկայանում է որպես սկիզբ թե՛ նյութական, թե՛ հոգևոր աշխարհների և կրում է իր մեջ և՛ նյութականը, և՛ հոգևորը: Համոզվա՞ծ ենք մենք ստույգ, որ այն, ինչը մենք կոչում ենք ֆիզիկական աշխարհ, իրապես ֆիզիկական աշխարհ է: Գիտության մեջ գերազանցող կարծիքն այսօր ասում է. «Նյութեղեն աշխարհ» արտահայտությունը սխալ է. աշխարհը հոգևոր աշխարհ է, սակայն օգտագործում է «նյութը» իր գոյությունը բացահայտելու համար: Տիեզերքում կատարվող ամեն մի շարժում պայմանավորում է այդ Տիեզերական Էներգիան. քանի որ զննման ենթակա ամբողջ տարածքում չկա անշարժ որևէ բան, և մենք չենք ճանաչում բնության մեջ որևէ երևույթ, որը չուղեկցվեր շարժումով: Ամեն ինչ շարժվում է կարծես մեկ չընդհատվող շղթայի մեջ, շնորհիվ մեկ էներգիայի` մյուսին մշտական փոխակերպման: Ամբողջ աշխարհը իրենից ներկայացնում է անսահման մի համակարգ, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և այստեղ հաստատվում է հարաբերականության օրենքը: Ի վերջո, բնության բոլոր ուժերն իրար հետ կապված են, մասնակից են մարդու արարման գործում և դրանով միաձուլում են նրան Անսահման Սկզբի հետ:
Երբ մարդը մահանում է, տարրալուծման արդյունքում մարմինը դառնում է բուսական աշխարհի համար սննդանյութ` հող, հետևաբար և վերածվում է նոր օրգանիզմների մեջ էներգիայի զարգացման պայմանի: Էներգիայի շրջապտույտը անընդհատ է: Սակայն ի՞նչ է տեղի ունենում մարդու անհատական գիտակցության հետ` իր հոգեկան ողջ գործունեության հետ: Արդյո՞ք ամեն ինչ ասված է մարդկային անձի հետագա գոյության կամ չգոյության հարցի վերաբերյալ:
Եթե նյարդային-հոգեկան գործունեությունը վերագրենք էներգիային, ապա անհրաժեշտ է ընդունել, որ Մայերի հռչակած, Հելմհոլցի շարունակած և այսօր հանրաճանաչ համարվող էներգիայի պահպանման օրենքը նյարդային-հոգեկան գործունեության ոլորտի համար կարելի է ձևակերպել այսպես` մարդկային որևէ գործողություն, որևէ քայլ, որևէ միտք, նույնիսկ խոսքով, շարժումով կամ հայացքով արտահայտված, անհետք չի կորչում:
Մեր հոգին` ինչպես ամենուրեք ներթափանցող, արագահոս մի հեղուկ, անարգել կերպով իր ազդեցությունն է թողնում արտաքին աշխարհի վրա իր կենդանական դրսևորումներում և դրանց համապատասխան փոխում է այն նյութեղեն միջավայրը, որտեղ դրանք տեղի են ունենում: Այսինքն` առաքինի և բարեպաշտ մարդու ներկայությունն առողջացնում է շրջակա օդը, ջուրն ու հողը, իսկ չարությունն ու անօրենությունը, ճիշտ հակառակը, տարածում են ֆիզիկական և հոգեկան վարակ:
Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում