Վահագն Մուղնեցյան․ Աստվածամոր թիկնոցը

Վահագն Մուղնեցյան․ Աստվածամոր թիկնոցը

Օտարության մռայլամած հեռուներում
Քիչ – քիչ հոգուս խեղանդամված հույսն է մարում:
Եվ այցի է գալիս ճերմակ տեսիլն իմ մոր.
Բայց ինչո՞ւ է այդպես ուրիշ ու անսովոր:
Նա գալիս է արևամեռ հովիտներից
Եվ դողահար երկարում է թևերը ինձ.
Կռունկների երամներ են ծնվում հանկարծ
Իմ ոսկեծամ – ոսկեփրփուր մոր մատներից:
Առաջնորդը,- արագընթաց վերթևելով, –
Ձգտում է ինձ՝ սև ամպերը թրատելով:
Պատռվում է հազարածալ երկնի սուփրան,
Թավալվում են ղողանջները զանգակատան:
Կապույտի մեջ հայտնվում է ձեռքն իմ եղբոր՝
Կրծքին սեղմած լույս – թիկնոցը Աստվածամոր,
Որից ծորում, թափվում են ցած շիթեր բուրյան –
Ծանր նիրհից թոթոփվում է կանչն իմ արյան:
Ետ չեն մնում առաջնորդից այդ թևավոր
Կռունկ դարձած քույրիկները իմ սևավոր:
Ու բերում են հոգիս փրկող լույսի գոտին,
Որի առաջ մոխրանում է իմ հնոտին
———
Եվ թռչում է կռունկների համերաշխ չուն,
Եվ մոլորված որդին կրկին դառնում է տուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում