Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի. Տիգրան Մանսուրյանի համոզմամբ՝ դարձյալ համախմբվելու ժամանակն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է՝ այս դժվարին օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ են իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ, անհրաժեշտ է սթափ լինել, համախմբվել ու պայքարել հակառակորդի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինուժի» հրապարակած տեսանյութում մաեստրոն նշում է, որ մենք միահամուռ գոյութենական կռվի մեջ այսօր նորոգման կարիքն ունենք թե՛ ուժի, թե՛ մտքի, թե՛ սթափության, անշուշտ, նաև զինվորի ու զենքի:
«Թո՛ղ լինի այս զորավոր ուժերի համախմբումն ընդդեմ թշնամու, և այս բոլորին խառնենք խորունկ ցասման զգացումը, որ ուժ տա մեզ պահպանել եկեղեցիներ, տուն, տեղ: Նորից ու նորից հավաքվելու, ամբողջանալու պահանջն է ստիպում մեզ կրկին ասելու՝ տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում