Չորս ավետարանիչները
Նմանատիպ
Ամենակալ Քրիստոսով զորացած եղբայրներ և քույրեր,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակի տոնը:
Անկեղծանալով ձեզ հետ՝ պիտի ասեմ, որ չէի շտապում նախապատրաստել այս քարոզը, քանի որ սպասում էի: Ձեզնից յուրաքանչյուրի պես աղոթում էի ու սպասում՝ ակնկալելով այսօրվա քարոզս սկսել հաղթանակի ու խաղաղության ավետիսով: Վստահ եմ՝ այդ բաղձալի օրը շատ մոտ է, և դեռ միասին առ Աստված օրհներգությամբ ու փառաբանությամբ նշելու ենք ճշմարտության ու արդարության հաղթանակը, բայց քանի դեռ սպասման մեջ ենք, այսօր, առավել քան երբևէ, պիտի մեկ այլ՝ աստվածային ու հավիտենական ավետիս հնչի մեր սրտից ու շուրթերից՝ ուժ, հավատ, անսասանություն ու վստահություն ներշնչելով մեզ ու մեր հայրենակիցներին:
Աստվածային ավետիսը՝ Քրիստոսի ավետարանը, շարադրվեց չորս երանելիների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի ու Հովհաննեսի միջոցով, որոնց հիշատակությունը կատարում ենք այսօր: Մատթեոսը, նախքան Տիրոջից կանչվելը, մաքսավոր էր աշխատում Կափառնայումում: Մարկոս ավետարանիչն, ըստ ավանդության, Քրիստոսի աշակերտ Բառնաբասի եղբորոդին էր: Ղուկասը Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր և ըստ Պողոս առաքյալի վկայության՝ բժիշկ: Իսկ Հովհաննեսը գալիլեացի ձկնորս Զեբեդեոսի որդին էր և Աստվածորդու տասներկու առաքյալներից մեկը: Միմյանցից այնքան տարբեր մարդիկ, որոնց, սակայն միավորեց մեկ սրբազան գործ. նրանք բոլորը նվիրվեցին Աստծու բարի լուրի գրառման ու տարածման գործին, այն լուրի, որ մարդացյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս երկիր բերեց:
Վստահորեն կարող ենք ասել, սիրելինե՛ր, որ Ավետարաններում է ամփոփված քրիստոնեական հավատքի ողջ էությունը: Ավետարանները մեզ տանում են Բեթղեհեմ՝ ականատես լինելու Փրկչի ծնունդին, պտտեցնում են Հորդանանի ափերով, Կափառնայումով, Գալիլիայով, Երուսաղեմով և նորկտակարանյան այլևայլ վայրերով՝ ունկնդիր լինելու Քրիստոսի վարդապետությանը, հոգևոր աչքերով տեսնելու անհամար բժշկումներն ու հրաշքները, և վերջապես հասցնում են Գողգոթա՝ Աստվածորդու մահվան ու հաղթանակի վայրը: Գողգոթան այն զոհասեղանն էր, որի վրա մեր Ամենողորմ Հայրն Իր սիրելի Միածնի անգին կյանքը դրեց, որպեսզի ապրենք ես և դուք: Այն օրերին սիրելի Աստվածամայրը մի քանի կանանցով էր շրջապատված ընդամենը իր սիրասուն զավակի տառապյալ ու խաչյալ մարմնի առջև: Այս օրերին մեր հայ մայրերն են սուրբ Աստվածածնի կողքին, այն հերոսածին մայրերը, որոնք իրենց ունեցած ամենաթանկ գանձը՝ իրենց սիրասուն զավակների անգին կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, որպեսզի ապրի հայն ու հայրենին: Եվ այսօր մեր ազգի Գողգոթայի բարձունքին կանգնած պիտի հիշենք Ավետարանի ամենակարևոր ավետիսը՝ մահվանը հաջորդում է հարությունը, և Հարուցյալ Քրիստոս է, որ հաղթանակ է տոնում մահվան նկատմամբ, իսկ Համբարձյալ Քրիստոս էլ երկնային հավիտենական կյանքի հույսն է պարգևում մեզ՝ մահկանացուներիս:
Ահա, այս սքանչելի լուրն է, որ չորս ավետարանիչները գրի առան ու հայտնեցին ի լուր ողջ աշխարհի և այժմ յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտքն է այս ապրեցնող ավետիսի տարածման մասնակիցը լինելը: Այսօր անտանելի ծանր է նայել որդեկորույս ծնողների աչքերին, անասելի դժվար՝ սփոփանքի բառեր գտնել չիրականացած հույսերի ու երազանքների, հոգին մաշող կարոտն ու արնահոսող վերքը դարմանելու համար: Բայց դրանք կա՛ն, սիրելինե՛ր, քանի որ մենք քրիստոնյա ենք, մեր Տեր Աստվածը կենդանի Աստված է և մեզ հետ է բոլոր օրերում (Մտթ. 28:20): Ինչպես Երեմիա մարգարեն է ասում. «Իսկ մեր Տեր Աստվածը ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր: Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը: Այսպես կասէք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից» (10:10-11): Ուստի մխիթարվեցե՛ք ու քաջալերվե՛ք, քանի որ ձեր լույս զավակները, որ նահատակվեցին հայրենիքի ու մեզնից յուրաքանչյուրի համար, այսօր իրենց Երկնային Հոր գրկում են՝ Արքայության խաղաղ օթևաններում, որտեղ այլևս ցավ ու տառապանք չկա, այլ միայն աստվածային սեր է ու դրանից բխող երանություն, ուրախություն ու խաղաղություն: Եվ այսօր մենք կոչված ենք այդ Արքայությունը մեր սրտերում ունենալու ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս է ասում Ղուկասի ավետարանում. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:21, 22)։ Իսկ Հովհաննեսի ավետարանում լրացնում է այս խոսքը՝ ասելով. «Հավիտենական կյանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Հովհ. 17:3): Ուստի ամենայն ժամ հարատև աղոթքի միջոցով մշտական կապի մեջ լինենք Զորությունների Տիրոջ հետ, հիշենք, որ նախ և առաջ Աստծու զավակն ենք և ապա մեր երկրավոր ծնողների: Խորհենք, խոսենք ու գործենք որպես Արքայության ժառանգորդներ՝ այն ապրեցնելով նախ մեր սրտերում, և ապա հուսալով՝ արժանանալու Բազումողորմի անհատնում ողորմությանը Երկնային Արքայության շեմին:
Սիրելի՛ հավատացյալներ, գիտեմ, որ ասածս մի պարզ բան չէ, և հոգևոր կյանքն էլ «գիտությունների գիտություն» է անվանվում Եկեղեցու հայրերի կողմից, ուստի կամենում եմ հիշեցնել ձեզ, որ Քրիստոսի Եկեղեցին է, որ արդեն երկու հազարամյակից ավելի հաստատուն կերպով կանգնած է ձեր կողքին՝ ձեզ ուսուցանելու, օգնելու ու պահպանելու համար և որին «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն» (Մտթ. 16:17): Սա այն Եկեղեցին է, որ առաքյալների վախճանից հետո էլ չդադարեց գործել, քանի որ Եկեղեցու Գլուխը Հիսուս Քրիստոսն է ու Սուրբ Հոգու միջոցով է ուղղում նրա ճանապարհը՝ մինչև Իր Երկրորդ գալուստի ժամանակները: Այս է պատճառը, որ Քրիստոսի տված ճշմարտությունն ու ավանդություններն ուսուցանող Եկեղեցու հետնորդները պիտի Տիրոջ առաքյալների ու աշակերտների գործը կրողն ու շարունակողը լինեն: Այսօր ցավով տեսնում ենք, որ մերօրյա մարդկությունը մոլորվել է աշխարհի խելագար ընթացքի մեջ ու անդառնալիորեն հեռացել ճշմարիտ քրիստոնեությունից: Ուստի նրանք, ովքեր իրական ճշմարտությունն են փնտրում, միայն ու միայն Քրիստոսի հիմնադրած Եկեղեցուց ներս կարող են այն գտնել: Եվ յուրաքանչյուր ոք, ով իրեն իրապես քրիստոնյա է համարում, իր կյանքը պետք է կառուցի Քրիստոսի Մարմնի շուրջը՝ որպես Աստծու որդեգիր զավակ և Երկնային Արքայության ժառանգորդ:
Թող որ այս գիտակցումը զորություն, հավատ ու վստահություն պարգևի ձեզ մեր ժողովրդի, մեր երկրի համար այս դժվարագույն ժամանակաշրջանում: Թող որ Ամենասրբուհի Մարիամ Աստվածածինն իր մայրական ջերմ ափով սրբի հայ մայրերի արտասուքն ու իր բարեխոս արցունքների հետ միախառնելով՝ Տիրոջ գահի առջև դնի՝ Նրա հայրական ողորմածությունն ու պաշտպանությունը հայցելով հայ ժողովրդի ու մեր հայրենիքի համար, և արդարացի ցասումը՝ Իր զավակների թշնամիների: Թող որ այսօր տոնելի չորս ավետարանիչների հետ միասին բոլոր սրբերը բարեխոս լինեն Ամենակալի առջև Հայաստան ու Արցախ աշխարհների ազատության ու խաղաղության համար: Թող որ ի տես համայն աշխարհի Տիրոջ անանց փառքը ցոլարձակի հայոց երկնակամարում՝ դառնալով մեր հաղթանակի, մեր խաղաղության ու մեր ապահովության մշտամնա առհավատչյան: Միշտ հիշե՛ք, որ երանելի են նրանք, «ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա» (Սղմ. 2:13): Եվ խոսքիս ավարտին, սիրելի՛ հավատացյալներ, կամենում եմ մաղթել նաև, որպեսզի Եկեղեցու հայրերից մեկի այն խոսքերն իրականություն դառնան, թե՝ Աստծու միջամտության շնորհիվ ժամանակ կգա, երբ մարդիկ իրենք կփնտրեն Աստծու Խոսքը կրողներին, կբռնեն նրանց ձեռքն ու կասեն. «Պատմի՛ր մեզ Քրիստոսի մասին»:
Թող Աստծու շնորհը, սերը, խաղաղությունը, առաջնորդությունն ու պաշտպանությունը հավիտյանս ուղեկից լինեն մեզ. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում