Հայաստան

Հայաստան

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:

*

Գիր՝ գրված խաղաղության ձեռքով

Անիմաստ է՝
Թուղթն այս արցունքոտել.
Բարձրախոսնե՛ր,
Մաքրե՛ք ձեր կոկորդը,
Եվ թող երգը հոսի արցունքի տեղ
(Երգը, որ թողեցին գնդացրի շուրթին),
Ու պատերազմն արդեն կխլանա։
Շիրմաքարե՛ր,
Երգե՛ք խաղաղությամբ անահ։
Հիրոսիմա,
Նայի՛ր արեգակին,
Տե՛ս, առաջվա նման կարմիր է նա
Սև պատերի վրա Բուխենվալդի։
Անմահությո՛ւն,
Կանգնի՛ր ձիգ հասակով,
Շիրիմներ կան անհայտ, արձանացի՛ր,
Եվ թող չսևանան էլ երբևէ,
Մայրե՛ր,
Պսակները ձեր ձյունածիր…
Անիմաստ է՝
Թուղթն այս արցունքոտել.
Բարձրախոսնե՛ր,
Մաքրե՜ք ձեր կոկորդը,
Եվ թող ե՜րգը հոսի արցունքի տեղ։

*

Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է- նստել ժամանակի կառքին-
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։
Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղո՜ւց մոռացել են նրանց…
Առաջվա պես էլի տխրություն է ծորում
Տերևից էլ դեղին հոգիների վրա։
Անիմաստ է նաև ընկերակցել լացիդ
Ու խոսքերով խղճուկ մխիթարել։
Ցա՛վ չէ, թե շուրթերդ ինձ կարոտ մնացին,
Քո կարոտը ինձ հետ ես հեռո՜ւ եմ տարել…
Ես ժամանակ չունեմ քեզ ուղեկցել կրկին
Ու ծառերից թափվող թաց բները տեսնել։
Անիմաստ է— նստել ժամանակի կառքին-
Տերևների դեղին հոգեվարքին հասնել։

*

Տարիների վանդակներից առևանգված
Կույր հավքեր են անթվակիր օրերը քո,
Ու թվում է՝
Մի անբարբառ բառե զանգված
Վանկարկում է տագնապներիդ սանդուղքը կոր։
Ու երբ ընդհատ
տագնապներիդ
սանդղաշարից
Կույր հավքերին երևում է եռաժանին-
Երկվորյակդ քեզ հուշում է անդրաշխարհից.
Որ դռները բաց կլինեն նշված ժամին…
Այս հանդարտ հոսող շփոթի ներսում
Ամենքից լքված անհայտ մի նավորդ-
Դու ինքդ,
ի՛նքդ,
Ի՜նքդ էիր ուզում՝
Քեզ հորինեին այսքան մենավոր։
Եվ ինքդ քեզնից անդարձ հեռանում,
Եվ խաչ ես քաշում ինքդ քեզ վրա…
Միայն անպաշտպ
ան շուրթերդ են մնում
Դատարկ ափերում մուրացիկ օրվա:

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում