Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը

Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ռազմաճակատում զոհվել է Հովհաննես Խոդերյանը, որին հասարակության լայն շրջանակը ճանաչել է Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմից:

Կինոնկարում Հովհաննեսը մարմնավորում է Թևանիկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը գրել է. «Մեր բոլորի Թևանիկը…Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ: Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները… Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը: Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ: Ժպիտդ, խոսքերդ. դու՝ հավերժ մեր սրտերում»:

Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» կինոնկարը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում: Ֆիլմն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում