Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱյսօր որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Պատի՛վ ունեմ:

Հ.Գ.

Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-գրել է նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում