«Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք»
Նմանատիպ
Երջանկահիշատակ երաժշտագետ Նովալիս Դերոյանի բացառիկ դասագիրքը վերահրատարակվել է
Երջանկահիշատակ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նովալիս Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» դասագիրքը օրերս տպագրեց «Հայաստան» հրատարակչությունը։ Մինչ դասագրքին անդրադարձը նշենք, որ առիթի դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Դերոյան երաժշտագետի մասին խոսելիս գործընկերները նախ նշում էին նրա անսահման հայրենասիրությունը, մեջբերելով արվեստագետի արտահայտությունը, որը թեւավոր խոսք հիշեցնող մի բան է դարձել՝ «մարդը շարունակությունն է հայրենիքի»։
Նովալիս Դերոյանի մայրական կողմը Շուշիից է, հայտնի մտավորականների՝ Միրզա-Ավագյան ազնվատոհմից։ Իսկ հայրական կողմը Վանի ինքնապաշտպանության հերոսներ էին, մասնավորապես՝ հորեղբայրն ու հորաքույրը, հայրն էլ՝ Վարազդատ Դերոյանը, ճանաչված փիլիսոփա էր, որը 1938թ. ստալինյան բռնաճնշումների զոհ դարձավ։
Անդրադառնալով «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» դասագրքին, մեզ հետ զրույցում երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ սա դասագրքի երկրորդ հրատարակությունն է։ Առաջին անգամ այն լույս է տեսել 1985թ.։ Առայսօր այդ դասագիրքը միակն է իր տեսակի մեջ՝ անբասիր հայերենով, պարզ ու մատչելի շարադրանքով, միեւնույն ժամանակ ապահովելով ամենաբարձր մասնագիտական չափանիշները։ «Նշեմ, որ դասագիրքը հայ ժողովրդական երգի ձեւակազմական առանձնահատկությունների, վերլուծման մեթոդաբանության եւ ամբողջական համակարգի սահմանման տեսանկյունից առայսօր միակն է»,- հայտնեց Լիլիթ Մարտիրոսյանը։ Մեր զրուցակիցը հատուկ նշեց դասագրքի կազմող եւ խմբագիր, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանի անունը, որը 2015թ. կազմել եւ խմբագրել է նաեւ Նովալիս Դերոյանի «Երկեր» ժողովածուն։ «Այստեղ ընդգրկված են Դերոյանի «Երաժշտական ստեղծագործության ամբողջական հարցի շուրջ» աշխատությունը, անտիպ գիտամեթոդական հոդվածները, «Մարիամի խաչելությունը» ինքնակենսագրական վիպակը, ինչպես նաեւ կյանքի վերջին տարիներին գրած մի շարք հրապարակախոսական հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնցում անդրադարձ է կատարվում 1980-90-ականների հայաստանյան բարդ ու հակասական իրականությանը, մեր երկրի եւ ժողովրդի կյանքում տեղի ունեցած վճռորոշ, երբեմն նաեւ ողբերգական իրադարձություններին, նորանկախ պետականության կայացմանը, Սումգայիթի ոճրագործություններին, Սպիտակի ողբերգությանը եւ այլն»,- ասաց երաժշտագետը։
Պատերազմական այս օրերին մեր զրուցակիցը առանձնացրեց Դերոյանի «Հայրենիք» հոդվածը, մեջբերելով Ծովինար Մովսիսյանի կարծիքը՝ «Հոդվածում խտացված է Դերոյան վերլուծաբան-գիտնականի ամբողջական ընկալումն ու ապրումը առ հայրենիք, առ մարդկային գոյություն»։ Երաժշտագետը մեզ տրամադրեց հիշյալ հոդվածից մի հատված. «Հայրենիքը բազմանշանակ եւ տարողունակ հասկացություն է, այն կոնկրետ աշխարհագրական տարածք է, ազգի զարգացման պատմական միջավայրն է, բայց եւ զգայական ֆենոմեն է, եթե կուզեք՝ գեղագիտական կատեգորիա է, որի համար ճիշտ կլինի դիտել այն որպես Աստծո պարգեւ։ Այն չի ստեղծվում բռնի ուժով, անեքսիայով, հրովարտակով, դրամի, խաբեության եւ այլ ստոր ճանապարհներով։ Եթե մարդկային հոծ խմբեր տեղափոխվում են մի տեղից մյուսը՝ նոր արոտավայրեր նվաճելու կամ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, դա ամենեւին չի նշանակում, որ ձեռք են բերվում նոր հայրենիքներ։ Հայրենիքը սրբություն է եւ ոչ թե արոտավայր»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում