Ստամբուլում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը
Նմանատիպ
Տեղի են ունեցել Թուրքիայի հայտնի «Ոչ ասա խտրականությանն ու ազգայանականությանը» նախաձեռնության կողմից «100 ամյա տարելիցին զուգահեռ ինչու է Հայոց ցեղասպանությունը դեռևս օրակարգում» խորագրով իրականացվող քննարկումների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը: Քննարկումների ժամանակ մասնակիցները խոսել են այն միջոցառումների և նախաձեռնությ ւունների մասին, որոնք պետք է իրականացնեն առաջիկա շրջանում:
«Ոչ ասա խտրականությանն ու ազգայանականությանը» նախաձեռնության մասնակիցները, հիշեցնելով, որ իրենց նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից, ընդգծել են, որ ճիշտ չի լինի, եթե փոխհատուցման հարցը դուրս բերվի քննարկումների օրակարգից: Նախատեսվել է Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներն ավելի ակտիվ իրականացնելու համար ստեղծել հատուկ կոմիտե, խորհրդակցական խորհուրդ և աշխատանքային խմբեր, որոնց անդամները կլինեն թուրքական հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ մասնակիցներից մեկն ընդգծել է. «Պետք է հասկանանք, թե ինչ ենք կորցրել: Ինչ կլիներ, եթե այսօր այս աշխարհագրական տարածքում մահացած մարդիկ ողջ լինեին: Պետք է ցույց տանք, թե ինչ ենք կորցրել»:
«100-ամյա տարելիցին զուգահեռ ինչու է Հայոց ցեղասպանությունը դեռևս օրակարգում» խորագրով իրականացվող քննարկումների առաջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 6-ին: Քննարկման առաջին օրվա ընթացքում ելույթով է հանդես եկել Թաներ Աքչամի հետ միասին «Օրենքների ոգին. հետևել ցեղասպանության հետքին «լքյալ գույքի» օրենքներում» գրքի համահեղինակ, ԱՄՆ Քլարկի համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը: «Եթե ցանկանում եք հասկանալ ցեղասպանության իրագործման դրդապատճառները, անհրաժեշտ է չմոռանալ ոչ մահմեդականներին’ մասնավորապես հայերին պատկանող սե փականության դեմ ուղղված տնտեսական շարժառիթը: Սա, բնականաբար, տնտեսության թուրքացման և թուրք-մուսուլմանական բուրժուազիայի դասակարգ ստեղծելու շրջան է: Այսինքն’ խոսում ենք ազգային պետություն և ազգային բուրժուազիա ստեղծելու գործընթացի մասին»,- նշել է Ումիթ Քուրթը’ պնդելով, որ Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ կարևորագույն դրդապատճառներից է եղել հայերի սեփականությունը խլելու հարցը:
Թուրքական «Ո’չ խտրականությանն ու ազգայնականությանը» նախաձեռնությունը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումների ձեռնարկմամբ: Վերջին տարիների ընթացքում այն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողություններին: Կազմակերպությունն իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև թուրքական բանակում հայազգի Սևակ Բալըքչըի սպանության փաստի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում