Սուրբ Բարսեղի նամակը Նազիանզի եպիսկոպոս Գրիգոր Աստվածաբանին կրոնավորական վարքի մասին

Սուրբ Բարսեղի նամակը Նազիանզի եպիսկոպոս Գրիգոր Աստվածաբանին կրոնավորական վարքի մասին

Ե՛վ քեզ գրելով, և՛ լուռ լինելով՝ մենք մեր սրտում քո բարեզարդության հիշատակը հաստատուն ենք պահում և աղոթում Տիրոջը, որպեսզի Նա քեզ բարի ընթացքով կենցաղավարելու շնորհն անի, քանի որ դու իսկ ես ընտրել այդ ճանապարհը, որը, ճշմարտաբար ասած, փոքր քայլ չէ, այլ բարի լուր, որի մասին արժե խոսել:

Ավետարանում նկարագրված կենցաղավարությունն, առհասարակ, ամենքի համար է, սակայն մինչև իսկ ամենափոքր հարցերում Աստծու խոսքի պահպանությունն ու գրվածներից մի փոքր անգամ շեղում թույլ չտալը միայն շատ քչերին է հատուկ, որոնք էլ մեր ընտրած ճանապարհը ընտրելով՝ հարկ է, որ և՛ իրենց լեզվով Ավետարանի կամքը կատարեն, և՛ իրենց ձեռքերի գործերով Աստծուն հաճելին գործեն: Նաև՝ իրենց ոտքերն ու մարմնի բոլոր անդամները շարժեն այնպես, ինչպես որ սկզբից ևեթ տնօրինել է մեր Արարիչը:

Իսկ այդ նշանակում է՝ կրել գեթ մարմինը ծածկելու գործառույթ կատարող անզարդ հանդերձներ, կերակուրը չափավորությամբ ընդունել և առաջնային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ եղող ունեցվածքից ավելին էլ չունենալ: Այս բոլորը փոքրագույն պարզաբնույթ պատվիրաններ են, որոնք, սակայն, մեծամեծ բարձունքների կարող են հասցնել մարդուն, ինչպես որ և մենք այդ պատվիրանների շնորհիվ իսկ ճշմարտությո՛ւնը գտանք:

Այդ պատվիրանների շնորհիվ հնարավոր է խոնարհության կատարելությանը հասնել, որն իրենից ենթադրում է հեռու լինել նախարարներին հատուկ հարստությունը փափագելուց ու ավելին ստանալու մի չնչին դեպք անգամ թույլ չտալ, չպանծալ ո՛չ սեփական մարմնով և ո՛չ էլ հոգով, ո՛չ մեր արտաքինով՝ ամբարտավանության ախտի մեջ ինքներս մեզ գցելու և հպարտանալու պատճառ տալով:

Այլ՝ հրեշտակային վարքով, ժուժկալությամբ պետք է ամրանանք և ջանասիրաբար աղոթքի մեջ հարատևենք, եղբայրասիրությամբ վշտակից լինենք մեկմեկու, կարիքավորներին օգնենք ու մեր կամքը ստորադասենք աստվածային կամքին: Անհրաժեշտ է, որ մենք խոնարհ սիրտ, առողջ հավատք ու մշտարթուն զգաստությո՛ւն ունենանք և երբևէ չնվազեցնե՛նք մեր իմացությունը, չմոռանա՛նք ահավոր ու դժվարանցանելի դատաստանի մասին, դեպի որն ենք շտապում ամենքս, այլ մշտապես հիշե՛նք այն, որը դյուրությամբ անցնելու համար իսկ ոմանք՝ քչերը միայն, մինչև անգամ ճգնում են:

Աստվածային Գրքերում բազում օրինակներ կան, որոնք ուղղորդում են Աստծուն հաճելի դառնալ կամեցողների ընթացքը, բայց ես կհիշատակեմ միայն մեզ մերձավոր եղող այն մարդկանց խոսքերը, որոնցից և ես սովորեցի Աստվածաշնչի գրքերը: Ուստի ես համառոտաբար կհիշատակեմ իմ ուսանած անհրաժեշտ խոսքերը՝ ինձ հայտնի ոչ բոլոր վկայությունները մեջբերելով, քանի որ դրանք հայտնի են նաև նրանց, ովքեր քաջածանոթ են Սուրբ Գրքի ընթերցումներին:

Եվ արդ, քրիստոնյան պարտավոր է երկնային կոչմանն արժանի լինելու գիտակցումով խորհել ու արժանավորապես կենցաղավարել՝ ըստ Քրիստոսի Ավետարանի: Քրիստոնյան չպիտի անհոգության մատնվի ու իր մտքում մոռացության մատնի Աստծու մասին հիշողությունը, Նրա կամքն ու Դատաստանը:

Քրիստոնյան պարտավոր է կատարելապես պահել բոլոր օրենքները՝ ամեն բանում արդարություն ցուցաբերելով: Քրիստոնյան պետք է ո՛չ երդվի ու ո՛չ էլ ստի, քանի որ նրան վայել չէ հայհոյելն ու թշնամանալը: Քրիստոնյային վայել չէ ո՛չ մարտնչելն ու ո՛չ վրեժխնդիր լինելը, ուստի և պետք չէ չարին չարով պատասխանել, և ոչ էլ՝ զայրանալ:

Այլ քրիստոնյան պարտավոր է համբերատար լինել իր բոլոր վշտերի մեջ, բարեմտությամբ հանդիմանել զրկողներին, սակայն ոչ թե՝ լցված նրանց հանդեպ վրեժխնդրության ախտով, այլ, ըստ Տիրոջ պատվիրանի, եղբորը ուղիղ ընթացքի դարձնելու ցանկությամբ: Քրիստոնյան չպիտի իր մերձավոր եղբոր մասին չարախոսություն թույլ տա, որն արդարև չարախոսություն իսկ է, եթե անգամ ասվածը ճշմարիտ էլ լինի:

Քրիստոնյան պարտավոր է հեռու մնալ չարախոս եղբորից, քանի որ քրիստոնյային հարիր չէ անարժան խոսքեր բարբառել: Նաև չի կարելի ծիծաղել ու ծիծաղկոտության ախտով լցված լինել: Քրիստոնյային արգելված է դատարկաբան լինել որևէ բանի մասին խոսելիս և ասել այնպիսի խոսքեր, որոնք լսողներին որևէ օգուտ չեն տա, որևէ մեկին անհրաժեշտ չեն լինի և դեռ՝ կվանեն Աստծուց:

Իսկ նրանք էլ, ովքեր բարին գործելուն են միտված, հարկ է, որ հանդարտությամբ կատարեն իրենց առջև դրված նպատակը և նույնիսկ բարի խոսքերը հավատացյալներին մատուցելուց առաջ նախ քննեն այդ խոսքերը, որպեսզի դրանք իրապես ծառայեցնեն հավատքի շինության գործին և որպեսզի չտրտմեցնեն Աստծու Սուրբ Հոգուն:

Քրիստոնյան չպիտի խոսել փորձի միայն իրենց ձեռքում իշխանություն ունեցող անձանց հետ և ոչ էլ խտրություն դնի իր եղբայրների միջև՝ առաջնահերթությունը մեկին կամ մյուսին տալով, այլ հարկ է, որ բոլորի հոգսերին էլ լծակից լինի, ինչը որ հաճելի է Աստծուն և ծառայում է հասարակության օգտին: Նաև չպետք է գինու պատճառով ծառա դառնալ չարին, մսի պատճառով ախտերի գերին լինել և ոչ էլ, առհասարակ, հեշտասեր լինել բոլոր կերակուրների ու ըմպելիքների հարցում, քանի որ նա, ով ճգնում է, ժուժկալ է ամեն բանի մեջ:

Այլև անհրաժեշտ է յուրաքանչյուրին տալ այն, ինչի կարիքը որ մարդն ունի, և ոչ թե ամբարել սեփական ունեցվածքը, այլ ողջ հոգով նվիրաբերել ու տերունական պատվիրանը մտապահելով՝ երբևէ չանտեսել արհամարհվածներին և հոգածության կարիքն ունեցողներին: Նաև՝ քրիստոնյան չպետք է ինքն իրեն որևէ բանի հասած համարի, այլ իբրև Աստծուց ավանդված ծառայությանը հնազանդ մեկը կարծի իրեն։ Այս մտքո՛վ թող առաջնորդվեն ու թող այսպե՛ս խորհեն միանձնավորները, թե՝ իրենցից յուրաքանչյուրն իր հերթին իր պարտավորությունն է կատարում:

Ուստի և պետք չէ տրտնջալ ո՛չ կարիքի ու նեղության մեջ լինելու, ո՛չ այս կամ այն աշխատանքն անելու ժամանակ, այլ հարկ է մշտապես սպասվելիք Դատաստանը մտքում ունենալ, որը պիտի հատուցի յուրաքանչյուրին արժանավորապես:

Պետք չէ բարձր ձայնով աղաղակել կամ որևէ այլ ձևով ու շարժումով ցասումն արտահայտել և ոչ էլ մտքով այս ու այն կողմ թափառելով՝ Աստծուն քեզ մտերիմ կարծել: Այլ ձայնի բարձրության չափը պետք է անհրաժեշտությունից բխի, քանի որ չի կարելի հանդգնությամբ ու արհամարհանքով պատասխանել մեկին կամ, առհասարակ, նման ձևով որևէ բան ձեռնարկել, այլ ամեն ինչում հարկ է հանդարտություն ցուցաբերել և ամենքին էլ պատվող լինել:

Քրիստոնյային վայել չէ աչքերի նայվածքով նենգություն ակնարկել կամ որևէ այլ եղանակով ու մարմնի անդամների շարժումով եղբորը խռովեցնող չարիք գործել և կամ նրա հանդեպ արհամարհանք արտահայտող վերաբերմունք ցույց տալ: Հարիր չէ ոտքից մինչև գլուխ զարդարվել պաճուճազարդ հանդերձներով ու զգեստներով, քանի որ հարկ է անպաճույճ լինել մարմնի պետքերը հոգալիս: Ուստի և չի կարելի հարկ եղածից ավելին ունենալ ու շվայտորեն վատնել ունեցածը:

Չի՛ կարելի մարդկանցից պատիվ պահանջել և ոչ էլ՝ փափագել առաջինը լինելուն: Այլ հարկավոր է յուրաքանչյուրին նախապատվել սեփական անձից: Չի՛ կարելի անհնազանդ լինել: Չի՛ կարելի, աշխատելու կարողունակ լինելով, անգործ մնալ ու սնվել, այլ պետք է որևէ անհրաժեշտ գործով զբաղվել ու ջանասիրաբար, սեփական անձը չարչարելով՝ որևէ պիտանի գործ անել, ինչն էլ կծառայի Աստծու փառաբանությանը:

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ վերակացություն անող անձինք, իրենց խոսքով ու կամեցողությամբ իմ թվարկած ձևով կատարեն ամեն բան՝ մինչև իսկ կերակուրն ու ըմպելիքն էլ Աստծու փառքին ծառայեցնելով: Նաև՝ որևէ մեկը չի կարող այլևայլ մեծամեծ գործերի կատարմանը ձեռնամուխ լինել, մինչև որ իմ նշած կարգուկանոնով չառաջնորդվի ու անխտրաբար օգնականության ձեռք չմեկնի կարիքի մեջ եղող որևէ մեկին: Այլ պետք է, որ յուրաքանչյուր ոք հավատարիմ մնա իր այն կարգի մեջ, որում հաստատվել է, և չփորձի անցնել իր չափն ու անել իր համար անկարելի բաներ, իսկ ամեն ինչից առաջ հարկ է, որ հավատացյալները պատրաստակամ լինեն անկարեկից մարդկանց օժանդակելուն:

Իսկ, առհասարակ, որևէ մեկն էլ չպետք է ուրիշին վերապահված աշխատանքը կատարի, որևէ մեկը չպետք է հակառակություն ունենա մյուսի դեմ կամ ինչ-որ մեկի հանդեպ արհամարհանք ցուցաբերի: Չի՛ կարելի նախանձել ուրիշի հաջողությանն ու ոչ էլ՝ ուրախանալ ուրիշի ձախորդությամբ: Այլ հարկավոր է Քրիստոսի սիրով տրտմել ու վշտանալ անհաջողության մատնված եղբոր համար և ուրախանալ նրա ձեռքբերումներով:

Չի՛ կարելի անտեսել մեղավորներին կամ դադարել նրանց հետ շփվելուց, այլ անհրաժեշտ է, Աստծու երկյուղն ունենալով, կարեկցանքով հանդիմանել մեղավորին՝ նրան դարձի բերելու միտումնավորությամբ: Հարկավոր է հանդիմանվածին ու սաստվածին քեզ մոտ ընդունել և հոժարությամբ բացատրել ճիշտ ճանապարհով ընթանալու դեպքում նրա ունեցած օգուտը:

Չի՛ կարելի մեղավոր մարդուն հանդիմանել ուրիշ մեկի կամ շատերի առաջ: Իսկ եթե մեկին ուղղված մեղադրանքն էլ հանիրավի թվա քեզ, հարկ է առանձնաբար խոսել մեղադրողի հետ ու նրան տարհամոզել և կամ նրա կարծիքն ընդունել: Անհրաժեշտ է հնարավորինս բժշկել յուրաքանչյուրի վերքերը:

Իր մեղքերի համար զղջացած մարդու հանդեպ հիշաչար չպետք է լինել, այլ հարկ է ի սրտե ներել նրան: Բայց և իր մեղքերը խոստովանողն էլ ոչ թե միայն իր գործածների համար զղջումով պիտի բավարարվի, այլև պարտավոր է ապաշխարել և ապաշխարությանն արժանի պտուղներ տալ: Նաև՝ եթե մեկը իր գործած նախկին մեղքի համար խրատվելով՝ ներման է արժանանում, սակայն դարձյալ մեղանչում է այդ միևնույն մեղքով, այդպիսի մեկը պիտի իր համար որպես այս երկրորդ մեղքի հատուցում եղող տրտմությանը հավելի նախորդ մեղքի տրտմությունը:

Իսկ եթե տեսնես որևէ վատ սովորության մեջ ընկած մեկին, որը մեկ-երկու անգամ մեղանչում է նույն ախտով, ապա պետք է այդ մասին հայտնես վերակացուին, որպեսզի, թերևս, ուրիշ շատերի իմանալու և սաստելու պատճառով մեղավորը պատկառի՝ դադարելով մեղանչելուց: Սակայն եթե այդպիսի մեկը այս դեպքում էլ չուղղվի, ապա հարկ է նրան, իբրև ուրիշների համար գայթակղություն հանդիսացող մեկի, հեռացնել մյուսներից՝ հեթանոս ու մաքսավոր համարելով նրան:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում