Հրանտ Ալեքսանյան․ Բանկոլներ Բ

Հրանտ Ալեքսանյան․ Բանկոլներ Բ

***
Արևածաղկի դաշտում անծիր
մատակ գոմեշն ավանդույթ է ծամում
և խմբերգերը արմատների։-
Քո անցնելիք ուղին անշեղ ձգվում է
գոմեշի սիրտ ու կոտոշների միջով։-
Իսկ մահը՝ Միսս Արևելքի ստվեր ինչպես՝
երկարում-մտնում է անտես ՉԹՕ-ի մեջ։-
Հոգեորսների ապարդյո՜ւն դատ։
Հաագայի խառնակ ատյաններից
կրկին թռցնում են բնօրինակներն արդար վճիռների։
Եվ հոգիներն ամեն գիշեր
իջնում երկնքից՝ շրջագծեր են ընծայում լուռ
արևածաղկի հուր դաշտերին։

***
Դաջվածքներ՝ սրտին ու երկրակեղևին-
Նույն ցասումով, ձեռամբ, նրբագեղորեն։-
Բոլոր խենթությունները՝ վարագույրի ծփանք-
կյանքի բեմին, թե նրանից դուրս։-
Չի թաղկում ոճիրը բնաջինջ,
որի լուսանկարները փռվում են շարունակ
պատմության աղտոտ փողոցներում։-
Այրվող օրագրեր՝ խոստովանահոր ծանր սեղանին։
Ոճիրը մերժող խորհրդարանների ցինկե հեգնանքը՝
մեգապոլիսների քվեների մեջ։-
Եվ ոռնում է կրկին դաջվածքի վարպետը,
որ խոցել է ձեռնափն ու մուսան իր հլու՝
Աստղիկի պարանոցին + (այծ) պատկերելիս։

***
Լեռը փնջում է կարոտ ու աստղեր։
Ատոմակայան և ծառ ծիրանի։
Ծանր խոհերը փռվել են գետնին,
ինչպես հնդկական հալածված փղեր։
Սահմանի վրա՝ Իվանը երկմիտ,
անդին՝ օսմանի երազը լուսնոտ
ելնումև հայոց երկինքը վճիտ
ճգնում է ծածկել խավար մահուդով։-
Ոտանի մրմունջ։ Ինտերհայ խաղեր։
Համացանցի մեջ խճճված ոստան,-
և դուդուկի տակ ուզում են կախվել
գալիքի ամեն հրձիգ ու պատանդ։

***
Լիալուսնի արծաթ սարսուռն ու տենդը՝
Աստղիկի կրծքին, իբրև տեսագիր՝
հմայվածների հին համայնքից։-
Ամեն սրտի մեջ մի դիցուհի է օծում մարմինն իր
«Քրիստիան Դիորի» եթերայուղերով,-
Նրա քողարկված պատկերը կա
անշեղ այրերի անձնագրերում։- Տենչանքի՜ դարեր։
Անհունը լի է սիրո ուղերձներով:-
Ընդառաջ ձեռքեր՝ կենսառիթմերի ներդաշնակությամբ։
Հաշտության վարդեր՝ արեգակի ու անդունդի միջև։
Եվ ընկածները բարձրանում են վեր՝
Աստղիկի արձակ ծիրանագոտուց ամուր կառչած։

***
Մերձ բլուրներին՝ վայրի վարդերի հոգեմայրություն-
նրանք շոյում են քնած քաղաքի երազը, ապա
առնում սիրտը նրա իրենց բուրմունքի և ճերմակի մեջ։-
Մինչև մայրամուտ փոքրիկ դիցուհին
մաքրում էր վաղվա ճակատագիրը
իր ճռվոոյունով ու ծաղկեփնջով։
Խեցգետնի համաստեղությունն է իջել ներքև՝
որպես քաղաքի լուսառելիեֆ։-
«ճանաչիր անունն իմ»,- կրկնում է եզերքը
չորս ծագերի խստաշունչ կնքահայրերին։-
Ծղրիդներ՝ հորիզոնի խուլ ունկերի մեջ։
Հին համաձայնագրերի նոր ռիմեյքներ՝
բանագնացների փակ թղթապանակներում։
Եվ հոգին հերձում է բառ ու գիշեր
ֆոտոդանակի սրատեսությամբ։

***
Ոտքի և քայլի միջև՝ մտածող կարմիրը։
Ձեռքի ու շոյանքի միջև՝ ամոթխած կապույտը։-
Կարմիր-կապույտ են միջուկային վահանակների թեթև կոճակները։

***
Իմ մեջ ննջող Երրորդը վեր է կենում ահա ծանրումեծ-
և ես մոլորյալ գառ եմ նրա աչքին,
իմ թիկունքում կանգնած ծիծաղող գայլերի
ոսկե ժանիքներն է նշմարում նա
և բարության լքվող երկնաքերներ,
նրա հայացքով՝ երջանկությունը մի կամակոր վիշապ է,
որ մերթընդմերթ ետ է շրջվում ու
խժռում իր ետևից վազողներին։

***
Շառաչն ավելին է, քան ցասման ու ցավի օվկիանոսը,
աչքը խաբկանք է սիրումև ոչ անհերքելին.-
Տեսանողը անվերջ վարանքի մեջ է բզկտում իրեն-
Նա է հերետիկոս սերմը միահավատության անապատում,
Նա է քաշում իրեն արձակված գնդակները խելահեղների,
որ հանգիստ չունեն և տարհամոզում.-
հիմարն ու բռնակալն են համաշխարհային խարույկներ հրահրողները,
քանզի կյանքը չի հասկանում բնավ խոհեմություն,-
հանճարեղ թզուկների գոչյունն անգամ
ցածր-անլսելի է կորած մի նետի մտորումից։-
Խուլ է Տեսանողը սատուռնատոներին։

***
Շատրվանի շուրշ պտտվող մանչը
հաստատ ուժեղ է Մակեդոնացուց, Տորք ԱՆգեղից ու աքիլլեսներից,
մատնաչափ տիտան է նա
և ամենաանխոնջը թիապարտներից.-
նա է գետնից բխեցնում երկինք խուժող շուրը,
նա է քողարկում հուսաբեկության պատուհանները
կրքի մեգերում թրևող սիրահարների առաջ,
և եթե չհիանա ցայտերի մեջ բռնկվող ծիածաններով,
ընդոծին համրի լալ-թողությամբ
կսսկվեն կապուղիները ամենաթափանց,
և լռության վիրապ կգահավիժեն
բերկրանքի բոլոր նավատորմիղները…

***
ժամանակը սպասում է հլու-համբերատար,
որ նրան անվամբ կոչեմ, առաքելությամբ,
մկրտեմ նրան հորդանաների ցնորք-վաշվիշով,
բաժան-բաժան անեմ ոսկե հորդաների,-
բայց ես ուզու՞մ եմ մի նոր դիցաբան,-
սիզախոտերի մեջ դեռ թելերն եմ փնտրում իմ մեծ անրջանքի,
Հեռացածի թողած սերն եմ առնում վաղվաս-
ու հա՜ սերտում եմ կատարյալ մենակի դերը անվախճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում