Նաիրա Համբարձումյան․ Սաղմոսների երկնքի տակ

Նաիրա Համբարձումյան․ Սաղմոսների երկնքի տակ

***
ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Գիշերային լույսերով վերածնված,
Կեղտոտ ուրվագծիդ մեկնած ափի մեջ,
Մերկացնելով դեղին ատամնաշարը,
ժողովրդի զարկերակն է բռնում
Մսագործը, Բենզին լցնողը, Ցորեն բերողը,
Օդային բոլոր փոխադրամիջոցները,
Բոլոր «Թել» -երի,
Բոլոր «Ք» — ենդիների տերերը։
ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Գիշերային ակումբներում
Անողնաշար քրքիջով պարում է
Կիսամերկ ջահելությունը,
Հպարտ, որ կարող է վճարել
Ափի մեջ դրվող ափիոնի համար,
Բայց և մոլորված,
Որ կողոսկրից իր
Այլևս,
Նոր մարդ չի ծնվի…
ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Փոշուց չորացած դեմքով,
Վաճառվող երեխաների
Ու գիշերային թիթեռնիկների
Մեղքի գլխարկավոր բեռներով
Թույլ տուր նայեմ մարդասպանիդ
«Լուսավոր» աչքերին,
Որ իր գործին հլու՝
Որովայնն է պատռում ՄԵՆՔ -ի:
ՆԱՎԱՀԱՆԳԻ՛ՍՏ,
ՔԱՂԱ՛Ք իմ,
Երգերի, երազների անհոգ իմ օրրան,
Թույլ տուր,
Դիմավորեմ
Այգաբացը քո։

***
Տե՛ր Զորավոր,
Առավոտը լիներ
Այս ջրամանի պարզության նման,
Քո երգը լիներ
Քո խորանի մեջ,
Ու թող երկիրն իմ հանդարտ երկունքվեր,
Ձվադրեր հանդարտ
Իմ աչքերի մեջ.
Ես՝ վաղորդայնի լույսերի խորքում՝
Ցերեկանայի…

***
Ես քրիստոնյա եմ՝
Ի լուր աշխարհի,
Աշխարհի համար
Աղոթքս՝ դեպի Արևելք
Օրվա շպրտած քարը
Անցնում է աղոթքիս կողքով.
Ամեն առավոտ ես լվացվում եմ,
Ես գիտեմ, որ
Ջրի իմաստնությունը ճիշտ հոսելու մեջ է։
Օրինաչափություններ գուցե և կան,
Ինչո՞վ բացատրել այդժամ
Տրոփյունը լույսի
Առավուոյան աղոթքիս
Սահմաններում անպարագիծ…
Ես քրիստոնյա եմ.
Շպրտված քարը
Անցնում է աղոթքիս կողքով,
Բառերով վանդակներ չեմ ստեղծում ես՝
Ապրելու համար…
Ես հայ եմ,
Քրիստոնյա,
Ի լուր աշխարհի,
Աղոթքս՝ դեպի Արևելք։

***
Կանչի՜ր ինձ,
Ձայնդ նման է Արարչի ձայնին,
Վաղորդայնի շիկահեր վարսերը,
Փռի՜ր իմ մանկության
Ոսկեծամ արահետներին,
Մտքի մեղմությամբ բացահայտիր
Տրոփը հոգուս.
Եվ լույսի առատութամբ լցրու
Հայելիներում թաքնված գաղտնիքները։
Կանչի՛ր ինձ.
Եվ ավազանի տոնայնությունից
Վազող ջրերի սլաքների մեջ
Թող ես վերածվեմ շրջանակների,
Ինչպես հալվում եմ իմ տողերի մեջ,
Երբ պատահաբար ջերմացնում է ինձ
Ցայգալույսը տաք…
Ձայնդ նման է Արարչի ձայնին,
Թող հասնի ձայնդ
Մանկության երազին թևավոր,
Քանզի երազը
Տաճար է տանում
Նույնիսկ անհավատներին…
Կանչի՜ր ինձ.
Հայտնագործելուց հետո,
Հասարակածի դեղին շեմին հասցրու…

***
Իմ բախտը բերել է,
Ես մարդ եմծնվել։
Ես չեմ ծեծում լույսը
Տնից տուն ընկած ճանապարհներին,
Եվ չեմ շփոթում աղոթքը
Թութակի պերճախոսության հետ։
Երբ ապրում է բառը,
Բանաստեղծը նրա ապրումից
ճոճք է կապում՝
Անցյալից հավերժություն,
Եվ սանդուղքներ ձգում մենության փողոցներում…
Եվ խամրում է երազը՝
Դատարկության խանդակից
Դեղնած օրենքներ գործելով
Աշխարհի ապականման
Քարե տանիքներին…
Երբ երևում է ձյունը,
Քո աչքերի թաց կարոտներում,
Ես լսում եմ թախանձանքի սրտխփոցները.
Եվ տրտմությունը
Քո երակների գույներով գաղտնի
Տարածությունների անվերջ
ճամփորդություն է դառնում
Անորոշության
Դատարկ վայելքներում։
Երբ ծնվում է թիթեռը,
Նրա թևերի բացխփոցներից
Նռնենու ծաղիկների վրա
Աչքեր են թառում՝
Լույսի ևքո
Շնչառության ոտնաձայները
Զգալու համար…
Իմ բախտը բերել է,
Ես՝ մարդ եմ ծնվել…
Որքան ուզես՝ սեր,
Որքան ուզես՝ արև,
Որքան ուզես՝ կարոտ…
Միայն՝ ապրիր։

***
Ես քայլումեմ այն ճանապարհով, գուցե,
Որով քայլել են իմ նախա — նախա — պապերը.
Եվ նրանից լավ
Ոչ ոք չգիտեր
ՃԱՆԱՊԱՐՀԸ,
Ես ապավինումեմ այն հույսին, գուցե,
Որին ապավինել են իմ նախա- նախա- պապերը,
Եվ նրանցից լավ
Ոչ ոք չէր վստահում
ՀՈՒՅՍԻՆ,
Ես հավատում եմ նույն Աստծուն նաև,
Որին հավատացել են իմ նախապապերը։
Աստվա՛ծ զորավոր,
Քե՜զ էլ օգնական…
Ես հավատում եմ նաև
Նու՜յն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ,
Որին հավատացել են իմ նախա- նախա- պապերը,
Եվ նրանցից լավ
ԼՈՒՅՍՆ այդ
Ոչ ոք չէր տեսնում,
Ես հավատում եմ նաև այն ՍԻՐՈՒՆ
Որին հավատացել են իմ նախապապերը,
Եվ նրանցից լավ,
Հաստատ,
Ոչ ոք չի սիրել…

Աղբյուր՝ Գրական կամուրջ

Հետևեք մեզ նաև Telegram-ում