Գյումրեցի ակտիվիստները կրկին հավաքվել էին հանդիպելու ՌԴ հյուպատոսին

Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի առջեւ հուլիս 18-ին գյումրեցի ակտիվիստները կրկին հավաքվել էին հանդիպելու ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարին: Այս անգամ եւս, ինչպես անցած 2 օրերի ընթացքում, հյուպատոսը չհանդիպեց ակտիվիստներին: «Արմենպրես»-ի թղթակիցի հարցին ի պատասխան հյուպատոսարանի մամուլի պատասխանատու Հեղինե Մելիքյանը, սխալ որակելով ակտիվիստների գործողությունները, նշեց, որ հյուպատոսը հանդես չի գա որեւէ հայտարարությամբ: «Ամեն ինչ այլ կլիներ, եթե վերջիններս գային հյուպատոսարան պահանջեին սգո մատյանը, գրառում կատարեին եւ հետո նոր հանգիստ ցանկություն հայտնեին հանդիպել հյուպատոսին, իսկ վերջիններս խալաթ էին բերել հյուպատոսի համար, չնայած ես ինքս անձամբ նման տեսքով քաղաքացուն դատարան տանելը ճիշտ չեմ համարում»,-նշեց պատասխանատուն:

Ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը նշեց, որ ամեն ինչ այլ կերպ է եղել: «Երեք օր առաջ մենք եկանք հյուպատոսարան’ մեզ հետ հագուստ բերելով, եւ խնդրեցինք, որ հյուպատոսը մեզ ընդունի եւ այդ շորերը օգնի փոխանցել Հրաչյա Հարություննյանին, իսկ հաջորդ օրը հյուպատոսարանի մոտ մենք մոմավառություն կազմակերպեցինք եւ մեկ րոպե լռությամբ հարգեցինք զոհվածների հիշատակը: Մեզ հետ բերել էինք նաեւ ծաղիկներ: Մենք միայն բողոքում էինք կատարվածի՝ մարդու իրավունքի ոտնահարման դեմ: Հյուպատոսը պետք է արձագանքեր, մեզ հետ հանդիպեր, բայց նա դա չարեց, ինչն ավելի մեզ վրդովվեցրեց, եւ մենք խալաթ բերեցինք: Մենք պահանջել ենք ընդունել ակտիվիստներից 3-ին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, փոխարենը նրանք ընդունել են ոստիկաններին, ովքեր երեկ փորձել են ցրել ակտիվիստներին եւ խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը: Այսօր եւս ոչ մի արձագանք չկա»,-նշեց Կարեն Պետրոսյանը:

Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում’ Պոդոլսկի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: «Կամազ»-ի ղեկին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն էր: Նրա նկատմամբ դատարանը երկամսյա կալանք է կիրառել: Հարությունյանին դատարան են բերել հենց վերակենդանացման բաժանմունքից ու կանացի խալաթով: Այս կապակցությամբ Հայաստանում բողոքի ալիք է բարձրացել: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ռուսաստանի իր գործընկերոջը գրություն է ուղարկել Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում