Ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրությունների շուրջ

Ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում ավարտված նախագահական ընտրությունների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը անդրադարձել է նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, մինչ այժմ շարունակվող ձայների հաշվարկին և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է: Սպիտակ տունը զբաղեցնելու համար թեկնածուին անհրաժեշտ է 538 ընտրական ձայներից 270-ը: Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:

Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդի քվեարկել են փոստով, ինչի հետևանով հաշվարկը կարող է ձգձգվել:

Առանցքային նահանգներ

Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է այսպես կոչված առանցքային կամ չկողմնորոշված նահանգներին, որոնցում թեկնածուների հնարավորությունները քվեարկության մեկնարկից առաջ գրեթե հավասար էին:

Ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ՝ արդյունքները չեն հայտարարվել այդպիսի նահանգներից 4-ում. Փենսիլվանիա (տալիս է 20 ընտրական ձայն)՝ հաղթում է Թրամփը 50,9% ձայներով (քվեաթերթիկների 86,31% -ը մշակելուց հետո), Միչիգան (16 ձայն)՝ հաղթում է Բայդենը 50,5%-ով (քվեաթերթիկների 99,13%-ի մշակումից հետո), Նևադա (6 ձայն)՝ հաղթում է Բայդենը 49.3%-ով (քվեաթերթիկների 74.76%-ի մշակումից հետո), Ալյասկա ( 3 ձայն)՝ հաղթում է Թրամփը 62,1%-ով (քվեաթերթիկների 52,94% մշակումից հետո):

Ավելի վաղ հաշվարկն ավարտվել էր Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, նախնական տվյալներով՝ այս նահանգներում առաջատարը Թրամփն է ՝ համապատասխանաբար 50,1% և 49,7% ձայներով:

Եթե դեմոկրատ թեկնածուն առաջատարի դիրքը պահպանի Միչիգանում և Նևադայում` նա կհաղթի:

Թրամփի դատական հայցերը

Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգանի դատարան ՝ այս նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ, մինչև ընթացակարագին և արդեն հաշվված քվեաթերթիկներին ավելի լիարժեք հասանելիության ապահովման նպատակով: Նմանատիպ հայց ներկայացվել է նաև Փենսիլվանիայում: Բացի այդ, գործող նախագահի շտաբը պահանջում է վերահաշվարկել ձայները Վիսկոնսինում: Թեկնածուների միջև մեկ տոկոսից պակաս տարբերությունը թույլ է տալիս դա անել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թրամփի շտաբը նմանատիպ հայց է ներկայացրել նաև Ջորջիայի նահանգային դատարան ՝ պահանջելով դադարեցնել ձայների հաշվարկը:

Մինչ այժմ միայն Միչիգանն է պատասխանել հայցին: Նահանգի պետքարտուղար Ջոսելին Բենսոնը հայցը անվանել է «անհիմն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում