«Երբեք չկորցրնենք մեր հույսը Աստծու նախախնամության հանդեպ»

«Երբեք չկորցրնենք մեր հույսը Աստծու նախախնամության հանդեպ»

Աշխարհի Արարիչը մշտական հոգածություն է ցուցաբերում ողջ աշխարհի և Իր արարածների հանդեպ: Թեև որոշ մարդկանց պատկերացմամբ Աստված հեռավոր մի վայրում է՝ երկնքում, և չի հետաքրքրվում Իր արարածներով, բայց այս մտածումը մեծագույն մոլորություն է, քանի որ Աստված ամենուր է և մարդկային հոգին Նրա համար մեծագույն արժեք է: Եկեղեցու հայրերն ասել են, որ Աստծու մոտ չկան մոռացված մարդիկ, աստվածային նախախնամությունը տեսնում է բոլորին: Աշխարհը նախախնամում է Աստված և ոչ ուրիշ մեկը, ու այդ ամենի մեջ է հավատավոր մարդու փրկությունը և փորձությունները կրելու ուժը: Աստվածային նախախնամությունը տարածվում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի՝ տեսանելի և անտեսանելի աշխարհի, համաշխարհային իրադարձությունների, առանձին ազգերի և յուրաքանչյուր մարդու վրա: Աստվածային նախախնամությունը բացահայտվում է առավելապես երկու գործողություններով՝ պահպանմամբ և կառավարմամբ: Առանց Աստծու պահպանիչ զորության աշխարհը մի ակնթարթ անգամ գոյություն չէր ունենա (Իմաստ. Սող. 11:25-27, Հոբ 34:14-15): «Սակայն ո՞վ է, որ չիմացավ, թե Տիրոջ ձեռքն է ստեղծել ամեն ինչ: Եվ մի՞թե իր Տիրոջ ձեռքին չէ կյանքը կենդանի շնչերի ու հոգին ամեն մարդ էակի» (Հոբ 12:9-10):

Երբ բացակայում է կենդանի հավատն առ այն, որ Աստված է նախախնամում աշխարհը և յուրաքանչյուր մարդու, ապա և բացակայում է հավատն ամենակարող Աստծու և Նրա անսահման ողորմածության հանդեպ: Այս դեպքում Աստծու և մարդու թշնամին սկսում է վախ սերմանել մարդու հոգում՝ զրկելով նրան հոգու խաղաղությունից: Այնինչ Աստծու կամքին իրեն հանձնողը հավատում է, որ առանց Աստծու կամքի իր գլխից մի մազ անգամ չի ընկնի: Աստծու՝ Նախախնամողի հանդեպ վստահության պակասից մարդն ընկնում է շփոթմունքի և հուսահատության մեջ: Սահմանափակ կարողություններով օժտված մարդը կարո՞ղ է իմանալ, թե Աստված ինչից է փրկում իրեն՝ որոշ հանգամանքներ ծածկելով իրենից: Եթե մարդը հավատա, որ Նախախնամողն ամեն ինչ հանուն իր բարիքի է անում, ապա հուսահատությունը կվանի իրենից և դժվարություններն ու ուրախությունները երախտագիտությամբ կընդունի Աստծուց: Իսկ հուսահատությամբ ու թերահավատությամբ մարդը իրենից հեռացնում է աստվածային նախախնամությունը, ցավով ու տխրությամբ լցնում իր կյանքը, վնասում իր առողջությունը՝ իր առջև փակելով Երկնային Արքայությունը: Ս. Անտոն Մեծն իր աշակերտներին ուսուցանում էր և ասում. «Խելացի մարդը միայն մեկ հոգս ունի. ողջ սրտով հնազանդվել ու հաճելի լինել Աստծուն ամեն ինչում: Այդ է նա սովորեցնում իր հոգուն, Աստծուն հաճելի լինել և կյանքի բոլոր իրադարձություններում երախտագետ լինել Նրան: Տեղին չէ բժշկին, որ դառը և տհաճ դեղերով բուժում է մարմինը, շնորհակալություն հայտնել, իսկ Աստծու հանդեպ անշնորհակալ լինել միայն այն պատճառով, որ մեր կյանքն, ըստ մեզ, ուրախ չէ և չունենալ այն կարևոր մտածումը, որ ամեն ինչ լինում է Նրա նախախնամությամբ՝ հօգուտ մեզ: Այսպիսի մտածման և առ Աստված ունեցած այսպիսի հավատի մեջ է հոգու խաղաղությունը և փրկությունը»:

Մի մարդ նավաբեկությունից փրկվում է և ընկնում անմարդաբնակ կղզի: Նա ողջ սրտով աղոթում էր Աստծուն իր փրկության համար և օգնություն ստանալու հույսով՝ ամեն օր նայում դեպի հորիզոն: Տրտմության և տառապանքի մեջ՝ նա, վերջապես, նավի բեկորներից հյուղակ է պատրաստում, որպեսզի պաշտպանվի բնության տարերքներից: Բայց մի օր, երբ կերակուր փնտրելուց վերադառնում է, տեսնում է, որ հյուղակը կրակի բոցի մեջ է և ծխի մեծ սյունը դեպի երկինք է բարձրանում: Տեղի է ունենում սարսափելին. նա կորցնում է ամեն ինչ: Ցավի և հուսահատության մեջ՝ նա բացականչում է՝ ինչո՞ւ, Տե՛ր: Հաջորդ օրը վաղ առավոտյան նա արթնանում է կղզուն մոտեցող նավի ձայնից, որ շտապում էր իրեն օգնության:

– Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ,- հարցնում է զարմացած մարդն իր փրկարարներին:

– Մենք տեսանք ձեր ազդանշանի խարույկը,- պատասխանում են նրանք:

Այս պատմությունն էլ մի օրինակ է, որ Աստծու նախախնամությունը միշտ հոգ է տանում իրեն հուսացող անձանց և պետք չէ վհատվել: Ամեն օր ջանասիրաբար «Տերունական աղոթք»-ն ասող անձը դիմում է Աստծուն և ասում՝ թող քո կամքը լինի՝ չանդրադառնալով, որ շատ հաճախ իր և ոչ Աստծու կամքն է իրագործում, ինչը, Հայր Պիմենի նկարագրմամբ, պղնձյա պատնեշի նման խոչընդոտ է ստեղծում իր և Աստծու միջև: Քրիստոնյան պետք է ջանա Աստծու սուրբ կամքն իրագործել, իսկ այդ կամքն իմանալը շատ պարզ է. այն մարդուն տրված է Սուրբ Գրքի միջոցով: Աստծու պատվիրանների կատարումով քրիստոնյան կատարում է Աստծու կամքը: Սրբերի վարքագրության մեջ կարդում ենք, որ իրենք որևէ որոշում ընդունելուց առաջ, շարունակաբար աղոթում էին Աստծուն՝ փորձելով հասկանալ, թե որն է հաճելի Նրան:

Իսկ Նոր Կտակարանում կարդում ենք, թե ինչպես էին Ս. Պողոս առաքյալին փորձում բազմիցս սպանել: Հրեա ղեկավարները երդում էին տվել ո՛չ ուտել և ո՛չ խմել մինչև առաքյալին սպանեն: Չարի ստվերը հետևում էր առաքյալին այնտեղ, ուր նա գնում էր Ավետարանը քարոզելու, բայց Ս. Պողոս առաքյալն Աստծու պահպանությամբ հաղթահարում էր փորձությունները և իր հակառակորդներին մերկացնում իմաստուն խոսքերով: Թվում էր, թե նրա կյանքը բարակ թելից է կախված, բայց առաքյալը կենդանի մնաց, որպեսզի քաջաբար Քրիստոսին քարոզի: Արտաքինից թույլ ու տկար առաքյալն այնպիսի հոգևոր ուժ ուներ, որ ոչ մի իմաստուն և հայտնի փիլիսոփա չէր կարողանում կանգուն մնալ նրա խոսքի առջև: Նա ամեն օր մահանում էր հանուն Քրիստոսի և կրկին հարություն առնում Սուրբ Ավետարանի քարոզչության համար: Ս. Հովհան Դամասկացին գրել է, որ նախախնամության գործերից որոշները լինում են ըստ բարեհաճության, որոշները՝ թույլտվությամբ: Տերը թույլ է տալիս, որ սուրբը համբերությամբ կրի չարչարանքները և չկորցնի խիղճն իրեն տրված ուժի և օրհնության պատճառով ու չընկնի հպարտության մեջ: Այդպես եղավ Պողոս առաքյալի հետ»: Աստված չի բռնանում մարդու կամքի վրա, Նա տալիս է ընտրելու և ընտրության պտուղները քաղելու հնարավորություն: Ըստ Հայր Պաիսիոս Աթոսացու՝ երբ մարդը հանձնվում է Աստծուն, Աստված նրան չի լքում. «Աստված հաճախ թույլ է տալիս, որ ինչ-որ բան լինի՝ շատ մարդկանց օգուտի համար: Նա երբեք մեկ բարիք չի գործում, այլ երեք-չորս բարիք՝ միասին: Ինչպես նաև երբեք թույլ չի տալիս, որ մի չարիք լինի, եթե դրանից շատ բարիքներ չեն առաջանալու: Նա ամեն ինչ՝ և՛ սխալները, և՛ վտանգները, օգտագործում է մեր օգտի համար»:

Ուստի հետևելով Ս. Գաբրիել Ուրգեբաձեի հորդորին՝ երբեք չկորցրնենք մեր հույսը Աստծու նախախնամության հանդեպ. «Երբ չես կարողանում լուծել խնդիրը և չգիտես, թե ինչ անես, վստահի՛ր Աստծու նախախնամությանը և այլևս այդ խնդրի մասին մի մտածիր»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում