Շուշի՝ սպիտակ երազ
Նմանատիպ
ՇՈՒՇԻԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Մայիսի 9-ն էր։ Առավոտյան արևը պայծառ լույսով էր օծել Շուշին, թափանցել անգամ կիսավեր շինությունների խոռոչները։ Կրկին տարեց ու մանուկ դուրս էին ելել՝ մասնակցելու հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Ինչպես ամեն տարի, մոտիկ ու հեռու վայրերից հյուրեր էին ժամանել՝ արցախցիների հետ վերստին հիշելու ազատամարտի դժվարին օրերը, արժևորելու անհավասար պատերազմում թշնամու դեմ տարած հաղթանակի կարևորությունը։ Զինվորական ուսադիրների աստղերի, շքանշանների ոսկեփայլը, երեխաների վառվռուն հագուստները, նրանց ձեռքերում Արցախի, Հայաստանի ծածանվող դրոշները խինդով էին լցրել մարդկանց սրտերը։ Արեգակի սարսռուն ցոլքերով օծված Ամենափրկիչն ասես Բարձրյալի պատգամով տիրեզերական անհունից երկիր իջած տեսիլք լիներ՝ բազմախորհուրդ, վերերկրային։ Շուշի այցի եկած ամեն հայ յուրովի է զգում, ընկալում Ամենափրկչի խորհուրդը։ Ամեն անգամ տաճարին նայելիս լուռ՝ նույն հարցն եմ միշտ նրան տալիս՝ մինչև ե՞րբ պիտի հայն արյունալի պայքար մղի իր ազատ ապրելու իրավունքի համար, մինչև ե՞րբ, ինչպես «Շուշի» կտավում, հայ երեխայի գլխավերևում կախված է մնալու մահաբեր սուրը, դեռ որքան պիտի իրենց հոգիներում աշխարհի, մարդկության համար արարման լույսը կրող հայորդիները զոհվեն Չարի դեմ մղված պայքարներում։ Ամեն անգամ Ամենափրկիչը խոր լռում է, կարծես ասելով՝ պատասխանը փնտրիր քո ներսում…
Հիացած հայացքս դժվարությամբ կտրելով Ամենափրկչից՝ դանդաղաքայլ բարձրացա փողոցն ի վեր։ Պետք է գտնեի Արսեն Ծատրյանի տունը։ Ասում էին՝ նա վերջինն է հեռացել Շուշիից, երբ խորհրդային բանակը Շուշիի հայերին զրկեց ինքնապաշտպանության միջոցներից, և կարճ ժամանակում թուրքերին հաջողվեց հայերին հանել քաղաքից։ Խաչմերուկում տարեց մի մարդ էր կանգնած։ Պիտի որ ճանաչեր հայտնի որսորդին։ Չհասցրի հարցնել՝ ինքը հարցրեց ինձ.
– Շուշեցի չես, որտեղացի՞ ես։
– Պապերս Կարսից, Մուշից են։ 1915-ին բնավեր են եղել, անցել գետի այս կողմը։ Ծնվել եմ Անիի շրջանում, ապրել Երևանում, հոգով շուշեցի եմ։
Պատասխանս ամենևին չզարմացրեց նրան։ Պատերազմական օրերին և զինադադարից հետո էլ Շուշի էին այցելում աշխարհի չորս կողմերում ապրող շատ հայեր։ Սովոր էր պատվարժան հյուրերի, իր հոգս ու ցավին հաղորդակից մարդկանց համարում էր հարազատ, իրենը։ Սովոր էր պարզ, անզարմանք նայելու հեռուներից իր դուռը հասած, տարբեր դիրք ու համարում ունեցող կարող մարդկանց և աշխարհի քաղաքի բնակիչ լինելու արժանապատվությամբ էր ընդունում բոլորին՝ չնայած կրած ցավերին ու կորուստներին, հետպատերազմյան հոգսաշատ կյանքին։
Ծերունին հետաքրքրվեց, թե ինչու եմ հարցնում Արսենի տան տեղը։ Ասացի, որ գրող եմ, լրագրող, Արսեն Ծատրյանի ու նրա որդիների մասին եմ գրելու։
Ինչ-որ բան մտորելով՝ հետաքրքրված հայացքը հառեց վրաս.
– Ճանաչու՞մ ես Ջաբիին…
Տեսնելով հարցական հայացքս՝ կշտամբանքի երանգով ասաց.
– Ո՜նց կարելի է Շուշի գալ ու չճանաչել Ջաբիին,- ապա գլխի շարժումով ցույց տվեց,- գնա վերև, այնտեղ կհարցնես։ Ծատրյանների տունը դժվար չէ գտնել։
Արսեն Ծատրյանն ինձ ընդունեց հարազատի ջերմությամբ։ Տանեցիներն շտապով սեղան գցեցին։ Ես հանեցի գրառումներիս տետրը։ Տարեց որսորդը զրուցասեր, խոսքաշեն մարդ էր։ Երևի բոլոր որսորդներն են այդպիսին, թեև համոզված եմ՝ ոչ բոլոր որսորդներն են նրա պես քաջատեղյակ հայոց պատմությանը։ Շատ գրքեր էր կարդացել։ Լավ գիտեր Շուշի բերդաքաղաքի՝ հեռավոր ու ոչ հեռու ողբերգական ու հերոսական անցյալի իրադարձությունները՝ թաթար-մոնղոլական արշավանքներից մինչև քսաներորդ դար, երբ Լենինը կարմիր ձևացող Քեմալին, հանուն համաշխարհային հեղափոխության, նվիրեց հայերի հայրենիքը։ Քաջածանոթ էր Բագրատ ՈՒլուբաբյանի «Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» պատմագիտական աշխատությանը։
…Արցախի հազարամյա հայկական կյանքն այլայլվեց, երբ ապօրինաբար մելիք դարձած Շահնազարը, թշնամանալով չորս մելիքների հետ, թուրք Փանահ Ալիին տարավ, բնակեցրեց Բերդաքար Շոշի բերդում և այն նվիրեց նրան։ Որոշ ժամանակ անց պարսից շահը հրամանով Փանահ Ալիին խանի իրավունք տվեց և ստիպեց հայ մելիքներին, որ ճանաչեն այդ իրավունքն ու ենթարկվեն Փանահին՝ իբրև շահի կուսակալի։ Շոշի խանության հիմնադիր մելիք Շահնազարը երկար ապրեց և տեսավ իր չարագործության հետևանքները. 1792 թվականին կյանքից հեռացավ՝ թողնելով վայրագ Փանահի որդի Իբրահիմ խանի ու նրա ցեղակիցների կողմից դժոխքի վերածված Արցախը։
1787 թ. հուլիսին Կովկասի ռուսական զորախմբի հրամանատար Ս. Դ. Բուռնաշևը գեներալ-պորուչիկ Պ. Ս. Պոտյոմկինին զեկուցում է Արցախի հայության ծանր վիճակի և Իբրահիմ խանի կամայականությունների մասին, որը կալանավորել էր Գանձասարի կաթողիկոսին ու Արցախի բոլոր մելիքներին, որոնք դաժան տանջանքներին չդիմանալով՝ խոստովանել էին իրենց կապը ռուսական արքունիքի գործիչների հետ։ Կաթողիկոսը մահանում է խանի հրամանով տրված թույնից։ Շուշիի բանտում գտնվող մելիքներին հաջողվում է մի վերջին փորձ կատարել՝ ռուսների օգնությունն ստանալու համար։ Լիարժեք օգնություն չի լինում, որովհետև Թուրքիայի սուլթանը Ռուսական կայսրությունից հետ էր պահանջում Ղրիմը և մերժում ստանալով` պատերազմ հայտարարեց։ Ռուսաստանն ստիպված էր առժամանակ հրաժարվել Այսրկովկասն ու Հայաստանը գրավելու ծրագրից։ Ռուսների օգնությունից զրկված հայ ժողովուրդը միայնակ հայտնվեց ամենաթող ոսոխի դեմ, որի ուշադրության կենտրոնում Շուշին էր՝ միշտ ենթակա ավերման ու վայրագությունների։ Այն մեկ անգամ չէ, որ վերածվել է դժոխքի։ 1930 թ. հրատարակված «Լեռնային Ղարաբաղ» գրքում Մարիետա Շահինյանը գրել է ( էջ 41-42). «Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր։ Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ո՛չ մի տեղ, երբե՛ք, և անմիջապես այն ինձ թվաց անբնական։ Հանկարծ մարդուն թվում է, թե լռությունը քրթմնջում է, քարերը շշնջում են, օրորվում, խշշում, և գլխիդ մազերը բիզ-բիզ կանգնում են։ Այստեղ 1920 թվականի մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ, մորթվել են,- տարբեր թվեր են ասում, – մեկն ասում է՝ երեք-չորս հազար, ուրիշները՝ ավելի քան տասներկու հազար հայեր։ Իրողությունն այն է, որ երեսունհինգ հազար հայերից Շուշիում չի մնացել ո՛չ մեկը։ Առուներում այս ու այնտեղ դեռ կարելի էր տեսնել կանանց վարսափնջեր՝ նրանց վրա չորացած սև արյան հետ միասին։ Երևակայություն ունեցող մարդն այստեղ դժվար կշնչի…»։ Այնուհետև գրում է. «212 գյուղերի ընդհանուր թվից 59-ը ջնջվել է հողի երեսից, բնակչության մեկ քառորդը (37 հազար մարդ) մնացել է անտուն, յոթ հազար տնտեսություն հրի է մատնվել…»։
Արսեն Ծատրյանը յոթ որդիներին մեծացրել է հայոց դժվարին պատմությունից քաղած իր դասերով՝ դրանք ամփոփելով մի պատգամով. «Երբեք գլուխ չխոնարհել բռնության առջև, հայրենիքի դժվարին ժամին հույս չդնել օտարի օգնության վրա։ Ինչպես պատմահայր Մ. Խորենացին է գրել. «Սահման քաջաց զզեն յուրեաց»։
Երբ խորհրդային բանակը Շուշիի հայերին զրկեց ինքնապաշտպանության միջոցներից, կարճ ժամանակում թուրքերին հաջողվեց նրանց հանել քաղաքից։ Շուշիից հեռացող վերջին հայը Արսեն Ծատրյանն էր՝ վստահ, որ վերադառնալու է իր հարազատ քաղաքը։ Տեղավորվել են Ստեփանակերտի վերին թաղամասի տներից մեկում, որ մոտ լինեն Ղազանչեցող Ամենափրկչին, իրենց տանը։ Յոթ որդիները՝ Մայորը, Լևոնը, Վալերան, Սերգեյը, Բորյան, Էդիկն ու Ալբերտը, հավատարիմ հոր պատգամին, զինվորագրվել են հայրենի հողի պաշտպանությանը, անցել ազատամարտի դժվարին ուղին՝ Կրկժան, Խոջալու, Շուշի, Լաչին, Քյոսալար, Խանաբադ… Այնուհետև ծառայությունը շարունակել են նոր կազմավորված պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ Ասկերանի վաշտում։ Կրկժանի կռիվներում հայրը որդիների հետ էր։ Հետո շրջել է Աղդամի մատույցներում՝ Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Զորավար Անդրանիկի ու Նժդեհի, հայ ազգային-ազատագրական պայքարի մյուս հերոսների մասին պատմություններով ոգեշնչել մեր մարտիկներին։
Վերջապես եկել է Շուշիի նահապետի այնքա՜ն փափագած օրը՝ 1992 թ. մայիսի 9-ը։ Շուշին ազատագրողների հետ նա առաջինն է մտել քաղաք ու նրանց հրավիրել իր տուն։ Հանել է թթենու տակ հատուկ այդ օրվա համար թաղած գինու կարասը և հայացքն ուղղելով շարք կանգնած մարտիկներին, որոնց մեջ նաև իր զավակներն էին, ողջունել.
– Կենացդ, Շուշի, հայ ծնվել ենք, հայ կմեռնենք…
(շարունակելի)
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում