Վահագն Դավթյան․ Պարտք
Նմանատիպ
Լեռան լանջից նայում եմ քեզ, ե՛լ, Հայաստան, կապույտ հագիր,
Ես քո ամեն առավոտին երազանքի կապույտ եմ պարտք,
Դու՝ քարեղեն իմ առեղծված, իմ քարեղեն ճակատագիր,
Քո քարեղեն տառապանքին որդու գորով ու գութ եմ պարտք։
Գետերդ ի վար, ձորերդ ի վար ուռիներդ են շարվել տրտում,
Քո տրտմության ուռիներին ես քնքշության շոյանք եմ պարտք,
Կատարներիդ լճեր կան լուրթ, ուր քո ոգին է մկրտվում,
Այդ լճերի ծփանքներին ես մաքրության ցոլանք եմ պարտք։
Փլված կամար, վեմ տապալված, եղինջներով բուրող Անի,
Քո այդ փլված կամարներին ես խոյակներ ու սյուն եմ պարտք,
Դար ու դարեր բոցկլտացող հրաշք կանթեղ՝ իմ մայրենի,
Ոսկեղենիկ քո կանթեղին ես յուղի տեղ արյո՜ւն եմ պարտք։
Ես ծունկի եմ իջել հոգնած Դեր-Զորի սև ավազներին,
Բայց զոհերիդ անհայտ ու որբ շիրիմներին դեռ խունկ եմ պարտք,
Սիրտս բացել, բույն եմ տվել քո վիրավոր երազներին,
Տո՛ւն հայրենի, ես քո շեմքին որդիական արցունք եմ պարտք:
Արարատն է նայում հեռվից՝ կրծքին խորունկ վիհը վերքի,
Ես քո ցավին այդ վիհերից վեր ելնելու խոյանք եմ պարտք,
Կապույտի մեջ քո հարության սուրբ հրաշքն է ցոլում, երկի՛ր
Քո հարության այդ հրաշքին ես ողջակեզ ու կյանք եմ պարտք…
1982թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում