Գանձասարի Մատենադարանի գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունենք. Արամ Թորոսյան
Նմանատիպ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան – Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, ցուցադրությունը ժամանակավոր տեղափոխվել է Երևան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարան – Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն ասաց, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո ամբոջ ցուցադրությունը տեղափոխվել է Երևան։
«Մենք ունենք դարերի փորձ, որ թուրքերի հարձակումների, բարբարոսությունների հետևանքով ենք կորցրել մեր ձեռագրական ժառանգության մի մասը, նաև համոզվեցինք վերջին շրջանում, որ նրանց համար որևէ հուշարձան, հոգևոր մշակութային հաստատություն թիրախավորելը «նորմալ» է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ձեռագրերը, հնատիպ գրքերը, արխիվային արժեքավոր փաստաթղթերը ժամանակավոր տեղափոխել ենք Երևան»,- նշեց նա։
Ա. Թորոսյանն ասաց, որ շուտով Մատենադարանում առանձին ցուցասրահ է բացվելու Արցախից բերված ցուցանմուշների ցուցադրության համար։
«Ճանապարահների անվտանգության հետ կապված հարցերի լուծումից, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի վերականգնումից հետո մենք կրկին կտեղափոխվենք Արցախ։ Մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունենք»,- ասաց Մատենադարան – Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենը։
Ա. Թորոսյանի խոսքով, թեև Գանձասարի վանական համալիրի, Մատենադարանի շենքի հարակից տարածքներում հրթիռակոծություններ եղել են, սակայն շենքը չի տուժել։
Նա տեղեկացրեց, որ Մատենադարան-Գանձասարում պահվել է ավելի քան 100 ձեռագիր մատյան, այդ թվում նաև բնօրինակ մատյաններ, 3 տասնյակ հնատիպ գրքեր, շուրջ 3 տասնյակ արխիվային արժեքավոր փաստաթղթեր, շուրջ 700 միավոր հայագիտական գրականություն։
Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին։ Ա. Թորոսյանի խոսքով, նախորդ տարի Մատենադարանն ունեցել է շուրջ 19 հազար այցելու։ Այս տարիների ընթացքում ընդհանուր՝ 70-80 հազար այցելու։
Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղը հենց Գանձասարի վանքի հարակից տարածքում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում