Արցախի Բերդաշենի շրջանում գյուղացիների այգիներն են վերցնում. բերդաշենցի

Արցախի Բերդաշենի շրջանում գյուղացիների այգիներն են վերցնում. բերդաշենցի

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանցիները հասել են պատմական Արցախի Բերդաշեն համայնք ու գյուղացուն պարտադրում են իրենց հանձնել նռան այգիները: Tert.am-ի հետ զրույցում բերդաշենցի Կամո Աղաջանյանը պատմեց, որ երեկվանից իր նռան այգում է, թուրք գեներալները ռուս ներկայացուցիչների հետ պետական սահման են գծում, դնում, բայց հայկական կողմից ներկայացուցիչ չկա:

Կամո Աղաջանյանը վստահեցնում է, որ Բերդաշենը երբևէ Ադրբեջանի կազմում չի եղել: «Թող մեր վարչապետից սկսած մինչև այստեղի վերջին գյուղապետը գան, ես ապացուցեմ, որ սա հայկական տարածք է, Մարտունու շրջանի Բերդաշենի վարչական տարածքն է: Ներխուժել են հիմա 200 մետր ներս, անձամբ իմ հողակտորից 2 հա ավիրել են, գցել իրենց կողմը: 60-ական թվականներից իրենք են այստեղ եկել, իսկ 50-ական թվականներից Բերդաշենի վարչական տարածքներն է եղել: Ներկա պահին ես իմ նռան այգում եմ, 200 մետրի վրա թուրքը կանգնած է, ես հեռախոսով խոսում եմ, ինքն էլ ինձ է նայում»,– պատմեց բերդաշենցի Կամո Աղաջանյանը՝ շեշտելով, որ Բերդաշենը Արցախի հանրապետության ամենամեծ համայնքն է՝ 1600 բնակիչով:

Նրա խոսքով՝ եթե պատկան մարմինները, իրենց տեղում մնային ու աշխատեին ինչպես հարկն է, այս վիճակում չէինք հայտնվի: «Թող վարչապետ Նիկոլն էլ իմանա, որ մեկ ամիս առաջ հայ- հույ անելով, Հիտլերի նման հիստերիկ խոսում էր հեռուստացույցով, ձեռքը խփելով, թե այսուհետ մենք Դեր Զորի ճամփորդը չենք, ոչ թե Դեր Զորի ճամփորդը դարձանք, այլ սարքեց. Դեր Զորի ճամփորդից էլ անցանք, սարքեց, թող իմանա: Աննա Հակոբյանն էլ թող իմանա, որ Մեհրիբան Ալիևային անցյալ տարի ասել էր, թե Ստեփանակերտում չայ եմ խմելու, թող դա էլ իմանա, որ արդեն խմելու է: Մի քանի տարուց էլ Երևանում կխմի հետը չայ»,- շեշտեց վրդովված բերդաշենցին:

Նա նշեց, որ իր նռան այգում 50 տոննա բերք ուներ, հիմա մնացել է «միայն ուտելու բաժին», հիմա ուզում է քաղի, տանի տուն: Նա ընդգծեց, որ Մարտունու շրջանը պատերազմով չի գրավվել, հիմա մեքենաները քշելով գալիս են թուրքական գեներալները՝ ռուս գնդապետերի հետ. «Թուրքը ոտքը դնում է, իրենց գրած սարքած GPS-ն ունեն, բացում են ասում են՝ սա ադրբեջանական տարածք է ու պոստ են դնում, մեզ էլ հետ են քաշում: 60-ական թվականներին ես 7 տարեկան երեխա էի, երբ այս նույն հողակտորում խաղողի այգի ունեինք, փակցված էր երկու լեզվով, որ սա հայկական տարածք է, հիմա ինչպե՞ս եղավ, որ դարձավ ադրբեջանական տարածք: Պետական սահման են գծում, հայկական կողմից ներկայացուցիչ չկա, ընդամենը մի գնդի հրամանատար, էն էլ ռուսերեն երեք բառ չի կարողանում փոխանցի իրենց, GPS-ով են սահման դնում»,- նշեց նա:

Կամո Աղաջանյանը պատմեց, որ երեկվանից խոսել է ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ, քիչ առաջ էլ խոսել է հենց ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. «Կոշտ-կոպտի ասել եմ՝ հերիք է, տակներդ լցրել եք, մտել եք պադվալները, պետական սահման են դնում, տղա ջան, եկեք, իմացեք՝ որտեղով է այս գիծը գնում: Թուրքը ամեն մի մանրուք հաշվի է առնում, այս նույն հողակտորից, որ ես զրկվել եմ, արտեզյանի նասոս կա դրած, որն իմ այգին ջրում էր, այդ էդ արտիզյանից էլ ա զրկել մեզ, որ այգիս չորանա: Թուրքը դա էլ է հաշվի առել, իսկ մեր լափողները իրենց ոսկիներն են այստեղ-այնտեղ թաքցնում: Թող քիթները պադվալներից հանեն, 30 տարի քերել են ազգը, կերել այս օրին հասցրել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում