Հրանուշ Հակոբյանն Անրի Ռենոյի աջակցությունն է խնդրել Հայաստանում բնակվող սիրիահայերին օժանդակելու հարցում
Նմանատիպ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Սփյուռքի նախարարը դեսպանին է ներկայացրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: «Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության հիմնասյուն հանդիսացող երկրներից է, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար: Օգնության նույն խնդրանքով դիմում եմ նաև Ֆրանսիայի կառավարությանը ընդառաջելու ակնկալիքով»,- իր խոսքում նշել է նախարարը:
Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստանում ապրող սիրիահայերի իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը սփյուռքի նախարարության միջոցով ջանք չի խնայում ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար: Իր խոսքում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիան երկար ժամանակ է, ինչ Սիրիայի հարցի կարգավորման շուրջ լուծումներ է փնտրում, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում Արևելքի քրիստոնյաներին: Այս հարցերում մեր ցուցաբերած օժանդակությունը կրկնակի է, և որպես Եվրամիության անդամ երկիր, և որպես Ֆրանսիայի Հանրապետություն: Սիրիացի փախստականների համար մենք 700 միլիոն եվրոյի օգնություն ենք ցուցաբերել: Սիրիային անմիջական սահմանակից երկրներին 140 միլիոն եվրոյի օժանդակություն ենք հատկացրել, որից 100 միլիոնը Հորդանանին, քանի որ փախստականների զգալի մասը Հորդանանում են ապաստանել: Ուստի հասկանալով Ձեր առջև ծառացած խնդիրները ես անմիջապես իմ ղեկավար մարմիններին կփոխանցեմ Ձեր խնդրանքն ու առաջարկությունները, որոնք կարծում եմ կունենան արձագանք և կստանան աջակցություն»:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարար Հրանուշ Հակոբյանը, Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում և պահանջում են գտնել հնարավոր լուծումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում