Երբ զինվորը բողոքում է առողջությունից, մեծ հաշվով, բանի տեղ դնող չկա. զինծառայողի հարազատ (տեսանյութ)

Երբ զինվորը բողոքում է առողջությունից, մեծ հաշվով, բանի տեղ դնող չկա. զինծառայողի հարազատ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Տարբեր զինծառայողների հարազատներից մենք ստացել ենք տարբեր ահազանգեր, հիմնականում դրանք վերաբերում են զինծառայողների հանգստի կազմակերպման, առողջության ապահովման կազմակերպչական շատ բացերի: Այս մասին ՊՆ-ի մոտ ժամկետային զինծառայողներ հարազատների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողի հարազատ Մանուկ Խաչատրյանը:

Նա նշեց, թե գրավոր կերպով առանձնացրել են ստացած ահազանգերը: «Շատ զինծառայողներ տարբեր զորամասերից քնում են գետնին, առանց ծածկոցի: Յուրաքանչյուր զինվոր կարծես ինքն է իր համար պատասխանատու, սակայն աբսուրդ է 16-17 օրում որևէ կերպ չկազմակերպել զինվորների հիգիենայի ապահովումը»,- ասաց նա:

Վերջինիս տեղեկացմամբ՝ զինծառայողների ծնողներից ստացած որոշ ահազանգեր վերաբերում են նրան, որ թեթև վնասվածքներ ունեցող զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում:

«Հարազատիս հետ խոսում եմ, 10 բառից 8-ը հազում է: Իրավիճակը հասկանալի է, թող չընկալվի, թե մեր զինվորներին փրկում ենք բանակից, այլ ուզում ենք պատշաճ, կազմակերպված վերաբերմունք, բուժզննում: Երբ զինվորը բողոքում է առողջությունից կամ իսկապես իրեն լավ չի զգում, մեծ հաշվով, բանի տեղ դնող չկա. կա՛մ անտեսում են, կա՛մ ասում են՝ բժիշկ չկա, սպասեք, տեսնենք՝ ինչ է լինում: Շատ կարևոր է, որ մենք բաց տեքստով խոսենք, այս ամբողջ ինֆորմացիան հավաքել ենք տարբեր զինծառայողների հարազատներից. մեկը բացարձակ ճիշտ կլինի, մեկը՝ մի քիչ չափազանցված, մեկը՝ ապատեղեկատվություն»,- ասաց նա:

Մանուկ Խաչատրյանն ընդգծեց՝ հասկանում են, որ հետպատերազմական վիճակում կարող են խնդիրներ լինել: «Մենք չենք մեղադրում որևէ սպայի, երկիրը հետպատերազմական շրջանում է, համակարգի տարբեր տարրեր լավ չեն աշխատում, և մենք գտնում ենք, որ այս մասում ևս պատշաճ հետաքննության, ուսումնասիրման և հետևողականության շնորհիվ մենք այսքան բողոքներ չենք ունենա»,– ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց բարձրացրած հարցերը քաղաքական չեն:

Հիշեցնենք, որ անհետ կորած, ժամկետային զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ որոնման աշխատանքների ընթացքի մասին:

Արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում