Հույս

Հույս

Հույսը մարդու կյանքում այն աստվածային լույսն է, որ մշտապես ապրեցնում է, պայքարելու ուժ տալիս ու դեպի առաջ մղում: Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունի հույսը: Ամեն ոք ինչ-որ բանի նկատմամբ հույս է տածում՝ անկախ տարիքից, կրոնական պատկանելությունից և ազգությունից: Երբ տխրության, նեղությունների մեջ ենք լինում, հույսն է մեզ դուրս հանում նման վիճակից:

Իսկ ի՞նչ է հույսը, ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել: Հույսն այն դրական ապրումն է, սպասումը մի բանի, որ պետք է լինի ապագայում: Շատերն ապրում են կյանքը՝ հույսը դնելով երկրային եևույթների վրա՝ չմտածելով ապագայի մասին: Քրիստոնեության մեջ հույսը բացի շարժիչ ուժ լինելուց, մարդուն տալիս է աև փրկության ճանապարհ:

Աստված ուղարկեց իր Միածին Որդուն աշխարհ, որպեսզի մարդկանց մեղքերից ազատի և հավիտենական կյանքի հույս տա: Մենք հույս ենք ունենում հավիտենական կյանքի, հարության՝ հավատալով Աստծուն, Հիսուս Քրիստոսի հարությանը: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում նշում է. «Մնում են հավատ, հույս, սեր, սրանք երեքը»: Հույսը հավատի և սիրո հետ մի երրորդություն է կազմում: Եթե մարդը կարող է փրկվել՝ ընդունելով Սուրբ Երրորդության երեք անձերը, ապա հույսը, հավատը և սերը փրկության տանող երեք բանալիներն են: Եվ իզուր չէ, որ այս երեքը համարվում են աստվածային առաքինություններ:

Անշուշտ, հույս ունելալն ու հույսով լցվելը խորապես կապված են մարդ և Աստված փոխհարաբերության ճշմարիտ ընկալման, ինչպես նաև պայքարելու մեծ ցանկության հետ:

Հույսը այն եզակի աստվածային պարգևն է, որը չի մարում նույնիսկ կյանքի ամենասարսափելի իրավիճակներում, և քանի դեռ գոյություն ունի մարդը, վստահաբար գոյություն ունի նաև հույսը, որ խոստանում է փրկություն: Իսկ հույսը երբեք չի ամաչեցնում:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում