Հայաստանի ԶԼՄ-ները բաց նամակ են հղել Ռուսաստանի իրենց գործընկերներին
Նմանատիպ
Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ բաց նամակ են ուղարկել Ռուսաստանի իրենց գործընկերներին: Նամակում նշվում է. «Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ:
Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ լրագրողներ, անդրադառնալով դեպքին, թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ: Մասնավորապես, իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով’ ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը’ երբեմն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարց ում աչքի են ընկել հատկապես հեռուստալրագրողները եւ որ ամենացավալին է’ Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացող հրապարակումներով հանդես են եկել նաեւ պետական հեռուստաընկերության լրագրողները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողներն ու լրատվամիջոցները զգալի դերակատարում ունեն հասարակական կարծիքի ձեւավորման հարցում, եւ ցանկացած անզգույշ խոսք, կարծիք կարող է թշնամանք սերմանել հայ եւ ռուս ժողովրդի միջեւ, խնդրում ենք քննարկման առարկա դարձնել լրագրողների եւ լրատվամիջոցների պահվածքը էթիկայի նորմերի շրջանակում և դատապարտել այն:
Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի արժանապատվության իրավունքը, կհարգեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում