Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ այցելուները կարող են ցուցանմուշները դիտել երեքշաբթիից-շաբաթ՝ ժամը 10։00-17։00։
Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հիմնական կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահից, որոնցում ներկայացվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:
Ցուցասրահը բացվել է 1957 թվականին միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակներ, լաբորատորիաներ և մեկ տեսասրահ։