«…ոչ ոք չի փրկվելու ահեղ դատաստանից»
Նմանատիպ
«Ինձ նախանձողներ, հալածողներ, զրպարտողներ շատ են եղել։ Մեղքը թող մնա իրենց վզին։ Մեկ է՝ նրանք էլ են ունենալու նույն վախճանը, ոչ ոք չի փրկվելու ահեղ դատաստանից։
Մնաք բարով բոլորդ»։
Արա ՍԱՐԳՍՅԱՆ
«Իմ կտակը», 1969 թ.
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ. ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ
1969 թվական։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը փետրվարի 2-ին հյուրընկալվում է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում և ճշտում 1970-ին Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված այն միջոցառումների ընթացքը, որոնք պետք է կազմակերպվեին Հայաստանի նկարիչների միությունում։ Շենքից դուրս գալիս 67-ամյա քանդակագործն անսպասելի վայր է ընկնում և կոտրում ոտքը։ Չորս ամիս շարունակ Արա Միհրանիչը (այսպես էին դիմում նրան արվեստագետներն ու արվեստասերները) ոտքի փակ կոտրվածքն է բուժում խորհրդային վերադասին սպասարկող «Լեչկոմիսիա» հիվանդանոցում։ Ականատեսների վկայությամբ նա անկողնում պառկած լավ տրամադրություն ուներ, զբաղվում էր գիտական և գրական գործունեությամբ։ Մասնավորապես գրում է ակնարկ՝ նվիրված Չարենցին, որի հետ վաղեմի ընկերներ են եղել։ Ֆիզիկոս Վիկտոր Սոլախյանը, որի մայրը և Արա Սարգսյանի կինը՝ տիկին Ժենյան, ազգականներ էին, այցելում են ժողովրդական նկարչին։ Արա Սարգսյանն այցելուներին մի դրվագ է ներկայացնում իր ակնարկից։ Չարենցն իր պաշտելի կնոջը՝ Արփենիկին էր ձոնել հրաշալի ռուբայիներ։ Բանաստեղծը դրանք դնում է դագաղի մեջ, բայց նկարիչը, ռուբայիները գաղտագողի վերցնելով պահպանում է դրանք հայ գրականության համար։
Հիվանդանոցից դուրս գրվելիս Արա Սարգսյանի ջերմությունն անսպասելի բարձրանում է, ջերմաչափը ցույց է տալիս 37,2 աստիճան։ Բուժող բժիշկը կատակում է՝ «Հիվանդանոցում երկար մնալուց Ձեզ մոտ առաջացել է «հիվանդանոցային» ջերմություն։ Կամ էլ մարմնամարզության ժամանակ եք մրսել»։ Հաջորդ օրը վարպետի ջերմությունը դառնում է 39 աստիճան։ Հրավիրվում է բժշկական խորհրդակցություն, որն էլ ախտորոշում է թոքերի բորբոքում։ Մեկ օր անց, չնայած նկարչի հաղթանդամ մարմնի մեջ ներարկած «փրկիչ» հականեխիչներին, ջերմությունը հասնում է 41,5 աստիճանի։ Եվ նա վախճանվում է ինֆարկտից։ Բժիշկների միաձայն համոզմամբ, ժողովրդական նկարչի և ճանաչված հասարակական գործչի սիրտը չէր դիմացել մահացու բարձր ջերմությանը։
Դիահերձումը վստահվում է ՀԽՍՀ գլխավոր պաթոլոգոանատոմ Ա. Բեգլարյանին։ Հերձման ժամանակ փորձառու բժիշկը բացականչում է. «Եղբայր, ինչու՞ ես պառկած, չէ՞ որ քո բոլոր օրգանները առողջ են»։ Բժիշկը չէր մոռացել Հիպոկրատին ուղղված իր երդումը և խոստովանում է Միհրանիչի հարազատներին. «Իմ ողջ պրակտիկայի ընթացքում ես չեմ տեսել այսպիսի առողջ թոքեր այդ տարիքում։ Բորբոքումը բացառվում է, ինֆարկտը՝ նույնպես, սիրտն առողջ էր։ Մահվան պատճառը կարող ենք ասել միայն արյան անալիզից հետո»։ Ըստ գործող օրենքի՝ հանգուցյալի մահից հետո բժշկական եզրակացությունը տրվում էր նրա մերձավորներին մինչև հուղարկավորումը։ Կարծես ինչ-որ անըմբռնելի, բայց զորավոր ուժ էր ուղեկցում վախճանված ժողովրդական նկարչին, բժշկական եզրակացությունը ներկայացվում է նրա հարազատներին մեկ շաբաթ անց, ու անհասկանալի ախտորոշմամբ. «Ոտքի կոտրվածք։ Սեպսիս»։ Այս ամենի ականատես Վիկտոր Սոլախյանը և մյուս հարազատները չէին կարողանում փարատել իրենց զարմանքը, չէ՞ որ կոտրվածքը փակ էր, և անբացատրելի էր, թե որտեղից նա կարող էր արյան վարակում ստանալ, այն էլ կոտրվածքից 4,5 ամիս հետո։ Ըստ Վիկտոր Սոլախյանի, Արա Սարգսյանի որդին՝ Արմենը, դիմում է լաբորատորիա, որտեղ արյան անալիզն էր անցկացվել։ Այնտեղ նրան վստահեցնում են, որ արյունը մաքուր էր։ Տղան, բնականաբար, չէր կարող բավարարվել նման պատասխանով և հանդիպում է բժշկական խորհրդակցությունն անցկացնող հանձնաժողովի նախագահի հետ։ Վերջինս նրան ասում է. «Հասկացիր, բժշկության մեջ երբեմն դեպքեր են պատահում, երբ բժիշկները չեն կարող միանշանակ որոշել պատճառը։ Աշխատիր այդ մասին չմտածել, ցրվել, ամեն դեպքում այլևս հնարավոր չէ նրան հետ բերել»։
ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱԳՐՔՈՒՄ
Արշավիր Շիրակյանը «Նեմեսիս» գործողության կենտրոնական դեմքն էր։ 1921-ի դեկտեմբերի 5-ին Շիրակյանը Հռոմում գնդակահարում է երիտթուրքական կառավարության 1-ին կաբինետի ղեկավար Հալիմին։ Չորս ամիս անց, 1922-ի ապրիլի 17-ին, նա և Արամ Երկանյանը Բեռլինում գնդակահարում են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ազմիին, «Թեշքիլաթը մասուսե» կազմակերպության հիմնադիր Շաքիրին և վերջինիս թիկնապահին։ Հետագայում տիար Արշավիրը հուշագիրք է գրում, ուր ի թիվս այլ դեպքերի ու դեմքերի, անդրադառնում է նաև գործողության ամենաերիտասարդ մասնակից Ա. Ս.-ին։ Հեղինակը նշում է, որ Ա. Ս.-ն (Արա Սարգսյանը) Պոլսից էր, արվեստի մարդ, որը Հռոմից տեղափոխվել էր Վիեննա, ուսումը շարունակելու նպատակով։ (Արան սովորում էր Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի Վարպետաց դպրոցում, 1921-24-ին)։ Դրվագենք Շիրակյանի հուշագիրքը. «Եվ այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, թե ինչն էր այդպես ջանադիր կերպով ուսումնասիրում Հռոմի և Բեռլինի թանգարաններում, ինչպիսի «թանգարանային նմուշներ» էր այնտեղ հայտնաբերում, ընդգրկվելով թուրք ուսանողների միջավայրում։ Չէ՞ որ այս քաղաքը ամենամոտն էր Բեռլինին, և հարմար էր Գերմանիա տեղափոխված ոճրագործներին հայտնաբերելու համար»։ Արշավիր Շիրակյանը մինչև Հռոմ հասնելը այցելում է Վիեննա, Արա Սարգսյանի ուղեկցությամբ։ Գործողությունն իրականացնելուց Արշավիրը վերադառնում է Վիեննա, հյուրընկալվում Արային։ Արա Սարգսյանը, 20-ամյա այդ պատանին, ըստ էության, «Նեմեսիս» գործողության մի թևի համակարգողն էր, նրա միջոցով էր խմբի կապն ապահովվում արտաքին աշխարհի հետ, «Նեմեսիս» գործողության ընթացքը կարգավորող գաղտնի կենտրոնից հրահանգ-նամակներն ու ֆինանսական միջոցները նրա փոստային հասցեով էին գալիս։
Բավարարվենք վերը նշվածով։ Արա Սարգսյանը ոչ միայն ազգային գործիչ էր, այլև հանրային-պետական դեմք և, ինչ խոսք, երևելի կերպարվեստագետ։
ՀԻՄՆԱԴԻՐԸ
Խորհրդային կայսրությունում, և կենտրոնում և միութենական հանրապետություններում գործում էին միասնական ստեղծագործական միություններ, որոնց թվում՝ նաև նկարիչների միություններ։ Արա Սարգսյանն ընտրվում է Հայաստանի նկարիչների միության հիմնադիր նախագահ՝ 30 տարեկանում։ Նա ղեկավարում է ՀՆՄ-ն մինչև 1945 թվականը։ Արա Միհրանիչի հետ միության ղեկավար կազմում ընդգրկվում են հայ կերպարվեստի երևելի վարպետներ՝ Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը, Սուրեն Ստեփանյանը և Վռամշապուհ Շաքարյանը։ Այսինքն տակավին երիտասարդ այս ստեղծագործողին վստահում էին ազգային կերպարվեստում բերքառատ հետքեր թողած վարպետները։ Եվ դժվար թե ՀՆՄ երիտասարդ նախագահի նեմեսիսյան անցյալն անծանոթ էր նրանց։ Ըստ իս, հենց դա է վճռորոշ դեր խաղացել Արա Սարգսյանի ընտրության հարցում։
1940-ականներին հայ արվեստասեր հանրությունը կամենում էր Երևանում հիմնել գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը չէր կարող լիարժեք բավարարել այն հարաճուն կրթական պահանջները, որոնք առկա էին շնորհալի բազում նկարիչներ և քանդակագործ ունեցող հանրապետությունում։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է մի կողմից ապահովեր երիտասարդ սերնդի կրթական մղումները, մյուս կողմից հնարավորություն ստեղծեր ավագ սերնդի վարպետներին դասավանդելու գեղարվեստական նոր բուհում։ Գործն առաջ են տանում Մարտիրոս Սարյանն ու Արա Սարգսյանը։ Նրանք քանիցս մեկնում են Մոսկվա, բանակցությունների համար։ Հիշենք, որ Խորհրդային Միությունը դեռ պատերազմում էր և, բնականաբար, գեղարվեստական բուհ ստեղծելու առաջարկը հիացմունքով չէր ընդունվելու կայսրության մշակութային քաղաքականությունը վարող առաջնորդների կողմից։ (ԽՍՀՄ-ը մեծ նշանակություն էր տալիս մշակույթին։ «Երկաթե վարագույրի» հետևում, բոլոր թերացումներով և կաղապարումներով հանդերձ զարգանում էին գիտությունը, մշակույթը և արվեստը)։ Վճռորոշ էր Սարյանի և Սարգսյանի հանդիպումը ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության հետ։ Ի վերջո, 1944-ի գարնանը ԽՍՀՄ Ժողկոմխորին կից բարձրագույն դպրոցների համամիութենական կոմիտեն վավերացնում է հայկական կոմիտեի խնդրանքը Գեղարվեստի ինստիտուտ հիմնելու մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի կոմկուսի կենտկոմն ու ժողկոմխորը հաստատում են Մոսկվայի որոշումը։
«Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ այդ երազն իրականանում է։ Սա պատմություն է»,- գրում է Արա Սարգսյանը Մարտիրոս Սարյանին, 1944-ի հունիսի 10-ին։
1945-1959-ին Արա Միհրանիչը Երևանի գեղարվեստի ինստիտուտի ռեկտորն էր, այնուհետև մինչև վախճանը ղեկավարում էր գեղարվեստական բուհի քանդակի ամբիոնը։
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
Նա ուսումնառության ընթացքում և դրանից հետո դիմաքանդակում է արվեստի մշակներին («Կոմպոզիտոր Կարլ Վայգելը», «Դաշնակահար Վիկտոր Սիմոնովիչը», «Երաժշտագետ Ռիխարդ Ռոբերտը», «Ջութակահար Էլլա Բրաունը», «Նկարիչ Սարգիս Խաչատուրյանը» և ուրիշներ)։ Երևանում նա պատկերում է հայ նշանավոր դեմքերին՝ Թորոս Թորամանյանին, Մանուկ Աբեղյանին, Մարիամ Ասլամազյանին, Ալեքսանդր Շիրվանզադեին և Ալեքսանդր Մյասնիկյանին։ 1930-1950-ին Արա Սարգսյանը, ինչպես և Երվանդ Քոչարն անցնում են բեմանկարչության ոլորտ։ Միքայել Արուտչյանի գործընկերությամբ, 1934-ին Արա Սարգսյանը Լենինականի Երկրորդ պետթատրոնում ձևավորում է Վարդան Աճեմյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկանները»։ Նա նաև ձևավորել է իր ժամանակին աչքի ընկած այլ ներկայացումներ, ի մասնավորի՝ Շեքսպիրի «Համլետը», 1941-ին։
Գուցե հանդուգն միտք եմ արտահայտում, այնուամենայնիվ վստահ եմ, որ քանդակագործի և բեմանկարչի, առհասարակ տաղանդավոր այս կերպարվեստագետի կերտած «Մայր Հայաստան» հուշարձանը, որ 1975-ին, հեղինակի մահից հետո տեղադրվեց Լենինականում, թե՛ գաղափարական, թե՛ գեղարվեստական տեսանկյունից գերազանցում է Երևանում տեղադրված «Մայր Հայաստան» հուշարձանին (հեղ.՝ Արա Հարությունյան)։
Արա Սարգսյանի արվեստը 20-րդ դարի երևույթներից էր։ Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, Պուշկինի և Սարյանի փողոցների խաչմերուկում։
ՎԵՐՋԵՐԳ
Արա Սարգսյանը ազնվական հայի եզակի տեսակ է։ Նա և՛ ազգային վրիժառու էր, և՛ հասարակական-պետական գործիչ։
Վրիժառու՝ որպես ՀՅԴ մարտիկ, հասարակական-պետական գործիչ խորհրդային կայսրությունում։
Եվ այսօր՝ մեր հայրենիքի համար այս ծանրագույն օրերին, երկիրը դավի ենթարկած հակահայերին հիշեցնում եմ Արա Սարգսյանի մարգարեությունը՝ «…ոչ ոք չի փրկվելու ահեղ դատաստանից»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում